Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ անհրաժեշտ է հոգ տանել Հարավային Կովկասի մասին». Նիկոլ Փաշինյան

Փետրվար 25,2026 23:40

Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտ, հանդիպել Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ։

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, անդրադարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ խաղաղության ճարտարապետությունը հիմնված է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, և խաղաղության գործընթացն իր գագաթնակետին է հասել օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի նախագահի հետ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շրջանակի մասին ընդունված համատեղ հռչակագրի ստորագրմամբ։ Վարչապետի խոսքով՝ առանց ԱՄՆ նախագահի մասնակցության, անձնական ներգրավվածության և նախաձեռնության խաղաղության գործընթացն անորոշ կլիներ, և միանշանակ է, որ ԱՄՆ նախագահի նախաձեռնությունը և մասնակցությունը շատ կարևոր դեր է խաղացել տարածաշրջանում խաղաղության համար։

«Հիմա շատ կարևոր է ընդգծել, որ 2025 թվականն առաջին տարին էր մեր անկախացումից ի վեր, երբ հայկական և ադրբեջանական զորքերի միջև հրաձգությունների պատճառով չեղան սահմանային զոհեր։ Եվ հիմա կա իրական խաղաղություն մեր տարածաշրջանում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ խաղաղությունը կառուցման փուլում է, որի մասին պետք է հոգ տանել։ «Դա է հիմնական գաղափարը, որը ես փորձում եմ ներկայացնել մեր ժողովրդին, որ այժմ մենք ունենք խաղաղություն, բայց խաղաղությունը պետք է ամրապնդել, ինստիտուցիոնալ դարձնել, և դրա համար մեզ անհրաժեշտ է շարունակաբար ջանք գործադրել, քանի որ խաղաղությունը կա, բայց այն չի կարող անուշադրության մատնվել, այլապես այն կարող է ոչնչանալ»,- ասել է վարչապետը։

Երկրի ղեկավարը խոսել է նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման համար այնպիսի կարևոր փուլերի մասին, որոնցից է՝ 2022-ի հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հրավերով Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումը։

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ դրանով Հայաստանը և Ադրբեջանը որոշեցին ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և քաղաքական անկախությունը՝ հիմնվելով Ալմա-Աթայի հռչակագրի վրա։

Իր ելույթում երկրի ղեկավարն անդրադարձել է նաև ձեռք բերված համաձայնությունների իրագործման ուղղությամբ տարվող աշխատանքներին, խոսել ռազմավարական ներդրումային ծրագրի՝ Թրամփի ուղու, տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակման մասին։

«Շատ կարևոր է նշել, թե հիմա ինչ է լինելու, ինչ է միջազգային խաղաղության և բարեկեցության Թրամփի ուղին։ Ինչպես ասացի, դա ներդրումային նախագիծ է Հայաստանի տարածքում, և այն ներառելու է երկաթուղի Հայաստանի տարածքով, որը կկապակցի արևելքը և արևմուտքը, այդ թվում՝ Ադրբեջանի հիմնական մասը՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, և կբացի երկաթուղային կապը Հայաստանի համար դեպի հարավ։

Ինչ խոսք, այն նաև նոր հնարավորություններ կստեղծի Եվրոպական Միության համար, քանի որ, գիտեք, աշխարհաքաղաքական իրավիճակի բերումով այժմ մենք մատակարարման շղթաների ճգնաժամ ունենք աշխարհում, և Թրամփի ուղին, որը Հայաստանի Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շատ կարևոր մաս է, նոր ճանապարհ, նոր մատակարարման ուղի կստեղծի արևելքից արևմուտք՝ Եվրոպական Միությունից դեպի Կենտրոնական Ասիա, Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպական Միություն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Իր ելույթում վարչապետն անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ընդգծել, որ վերջին տարիներին բավականին ակտիվ երկխոսություն կա Թուրքիայի հետ։

«Ինչ խոսք, մենք երախտապարտ ենք մեր հարևաններին ևս, քանի որ շատ կարևոր է նշել, որ մեր հարևանները՝ Վրաստանը և Իրանը, միշտ աջակցել են այս խաղաղության գործընթացին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ տարածաշրջանի բոլոր պետություններն արդեն զգում են խաղաղության օգուտները և համոզմունք հայտնել, որ այս գործընթացը կհաշտեցնի ամբողջ տարածաշրջանը։

Ամփոփելով իր խոսքը՝ երկրի ղեկավարը նշել է. «Մենք բոլորս Հարավային Կովկասը համարում ենք մեր տունը, և մեզ անհրաժեշտ է հոգ տանել Հարավային Կովկասի մասին։ Ես հավատացած եմ, որ այս գործընթացը սկիզբ է առել, և, անկեղծ ասեմ, իմ տպավորությունն է և իմ համոզմունքն է, որ այս խաղաղությունը և այս կառուցողական գործընթացն անշրջելի է»։

Այնուհետև վարչապետը պատասխանել է Լեհաստանում օտարերկրյա դեսպաններին, դիվանագետներին և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին։

 

ՀՀ վարչապետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728