Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղություն՝ ագրեսիայի արդյունքների իրավական ամրագրմա՞մբ

Փետրվար 26,2026 12:00 Share

Սկիզբը՝ այստեղ:

Ինչպես է «խաղաղություն» բառը կորցնում է իր բովանդակային ծանրությունը

Խաղաղություն, երբ հայերը դեռ պահվո՞ւմ են Բաքվում…

Վաշինգտոնյան եւ միջազգային հարթակներում խաղաղության մասին բարձրագոչ հայտարարությունները ընթացան Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության բանտարկության, շինծու «դատավարությունների» ու դատավճիռների ֆոնին։ France 24-ին տված հարցազրույցում Իլհամ Ալիեւը, ըստ էության, բացառեց նրանց հնարավոր ազատ արձակումը՝ նույնիսկ որպես քաղաքական ժեստի դրսեւորում։ Նա հաստատեց, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հնչեցրել է հայ բանտարկյալների հարցը, սակայն ներկայացրեց միայն «Ադրբեջանի դիրքորոշումը»՝ առանց որեւէ զիջման նշույլի։

Սա ցույց է տալիս, որ գերիների հարցը դիտարկվում է ոչ թե որպես հումանիտար, այլ՝ քաղաքական գործիք, որից Ալիեւի վարչակազմը ոչ միայն ցանկություն չունի հրաժարվելու, այլեւ միջազգային հանրությունը, մասնավորապես՝ ամերիկյան վարչակազմը, որը ստանձնել է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման հարցում կարեւոր դերակատարություն, կարծես, Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ գործադրելու ցանկություն չունի։

Երբ խաղաղության գործընթացը չի ուղեկցվում նվազագույն վստահության քայլերով, այն վերածվում է դեկորատիվ օրակարգի։ Եթե անգամ ամերիկյան վարչակազմի հնարավոր միջամտությունը չի փոխում իրավիճակը, դա նշանակում է, որ Բաքուն գերիների հարցը պահելու է որպես ճնշման երկարաժամկետ լծակ։ Իսկ այս պայմաններում «խաղաղություն» բառը կորցնում է իր բովանդակային ծանրությունը։

Բայց այստեղ մեկ այլ մտահոգիչ հանգամանք էլ կա։ Հայաստանյան ներքաղաքական դաշտը Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերադարձի պահանջի ներկայացման սլաքներն ուղղում է բացառապես դեպի Արեւմուտք։ Մինչդեռ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի իշխանության պատասխանատվությունը, մասնավորապես՝ ռուս խաղաղապահների ուղիղ վերահսկողության գոտուց Արցախից մեր հայրենակիցներին Բաքվին հանձնելու փաստը մոռացության մատնելու «ճկուն» քաղաքականությունն իսկապես ապշեցուցիչ է։ Ի վերջո, ԱՄՆ-ից ու ԵՄ-ից կարող են նաեւ հակադարձել՝ «ովքեր հանձնել են, նրանցից էլ քայլեր պահանջեք» եւ «ՌԴ դեսպանատան առջեւ պաստառներով ցույցեր իրականացրեք ու հայ գերիներին վերադարձնելու պահանջներ ներկայացրեք»։

«Նյուրնբերգ»-ի համեմատությունը. հռետորաբանությո՞ւն, թե՞ քաղաքական ուղերձ

Ալիեւի հայտարարությունը, թե արցախցի նախկին ղեկավարների «հանցանքներն ավելի ծանր են, քան նացիստների կատարածը»՝ նպատակաուղղված քաղաքականության քայլ է։ «Նյուրնբերգյան դատավարության» հետ համեմատությունը միջազգային հանրությանը հղած ուղերձ է, որով Բաքուն փորձում է շինծու «դատավարությունները» ներկայացնել որպես պատմական արդարության ակտ։ Սա այն դեպքում, երբ բոլորի համար պարզ է, որ այդ «դատավարությունները» չեն ուղեկցվել անկախ փաստաբանների, իրավապաշտպանների եւ միջազգային դիտորդների լիարժեք մասնակցությամբ։ Դրանց լուսաբանումը իրականացվել է պետական լրատվամիջոցների վերահսկողությամբ։ Այս պայմաններում «բացարձակ թափանցիկության» մասին խոսելը աբսուրդ է։ Ավելին, նման համեմատությունները ոչ թե նպաստում են հաշտեցմանը, այլ խորացնում են անվստահությունը։ Իսկ երբ Ադրբեջանը, որը Արցախում բոլոր պատերազմների նախաձեռնող ու սկսող կողմն է եղել, մեր հայրենակիցներին ներկայացնում է որպես «նացիստից էլ վատ», ուղղակի քանդվում են «խաղաղության հարթակ»-ներն ու փլուզվում են նմանատիպ այլ եզրույթները։

«Փոխադարձության» տրամաբանությունը եւ «արեւմտյան ադրբեջանցիների» հարցը

Արցախցիների վերադարձի հարցին Ալիեւի արձագանքը՝ «եթե Հայաստանը դիմի, կդիտարկենք փոխադարձության սկզբունքով», փաստում է, որ հումանիտար խնդիրն անմիջապես կապվում է քաղաքական այլ պահանջների հետ։ «Արեւմտյան ադրբեջանցիների» վերադարձի թեման կրկին մտցվում է օրակարգ՝ որպես հավասարակշռող պայման։ Սա ոչ թե վստահության քայլ է, այլ քաղաքական առեւտրի ուղղակի ձեւակերպում։ Խաղաղության պայմաններում վերադարձի հարցերը պետք է լուծվեն միջազգային իրավունքի եւ անվտանգության երաշխիքների հիման վրա, այլ ոչ թե ճնշման մեխանիզմով։ Երբ հումանիտար հարցերը վերածվում են բանակցային մանրադրամի, դա ցույց է տալիս, որ գործընթացը հեռու է իրական հաշտեցումից։ Ու հենց այս տրամաբանությունը ստեղծում է ապագա լարվածության նոր օջախներ։

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւի հայտարարությունը, թե Ռուբեն Վարդանյանի դատավճիռը «30-ամյա հակամարտության խորհրդանշական եւ տրամաբանական ավարտն է», բացահայտում է պաշտոնական Բաքվի իրական նպատակներն ու ռազմավարությունը։ Հակամարտությունները կեղծ «դատավճիռներով» չեն հանգուցալուծվում, հակամարտություններն ավարտվում են փոխադարձ ճանաչմամբ, քաղաքական համաձայնությամբ։ Երբ մեկ կողմը հայտարարում է, որ արդեն «փակել է» հարցը, իսկ մյուսը շարունակում է կրել դրա հետեւանքները, դա նշանակում է, որ իրականում հակամարտությունը տեղափոխվել է այլ հարթություն։ 15 տարուց մինչեւ ցմահ ազատազրկումներ սահմանելը քաղաքական ուղերձ է՝ ցույց տալու «հաղթողի» ուժն ու իրավունքը։ Իսկ նման «արդարադատությունը» չի կարող ընկալվել որպես հաշտեցման հիմք։ Ավելի շուտ այն ամրապնդում է քրոնիկ պարտվածի զգացողությունը։

Միջազգային տրիբունալների հիշատակումը եւ «երկակի ստանդարտները»

Հաջիեւը հիշատակում է Նյուրնբերգը, նախկին Հարավսլավիայի եւ Ռուանդայի տրիբունալները՝ ակնարկելով, որ Ադրբեջանի դեպքում նման միջազգային ձեւաչափ չի ստեղծվել «անարդար միջազգային միջավայրի» պատճառով։ Այս ձեւակերպումը երկու նպատակ ունի. առաջին՝ շինծու «դատավարությունները» ներկայացնել որպես հարկադիր քայլ, երկրորդ՝ միջազգային կառույցներին մեղադրել քաղաքականացված լինելու մեջ։ Սակայն եթե «դատավարությունները» լինեին իսկապես անաչառ եւ բաց, միջազգային վերահսկողությունից խուսափելու անհրաժեշտություն չէր առաջանա։ «Օրենքի կիրառումն անգամ դարձել է քաղաքականացված» ձեւակերպումը հարմար պաշտպանական դիրք է՝ արտաքին քննադատությունը կանխելու համար։ Իրականում, սակայն, նման մոտեցումն է, որ խորացնում է իրավական վստահության ճգնաժամը։

Խաղաղության «գովազդային արշավը» եւ մրցանակային դիվանագիտությունը

Հունվարից ակտիվորեն գովազդվում է Հայաստան–Ադրբեջան խաղաղության եւ նույնիսկ «մարդկային եղբայրության» թեման։ «Զայեդ» մրցանակի հանձնաժողովի կողմից Փաշինյանի եւ Ալիեւի համատեղ պարգեւատրումը ներկայացվեց որպես համատեղ աշխատանքի ճանաչում։ Սակայն քաղաքական իրողությունը հակասական է. միաժամանակ Բաքվից շարունակվում են կոշտ հայտարարությունները, իսկ մեր հայրենակիցները պահվում են Բաքվի բանտերում։ Մրցանակային դիվանագիտությունը կարող է ծառայել որպես միջազգային լեգիտիմացման գործիք։ Երբ գործընթացը դեռ վերջնական չէ, նման պարգեւատրումը դառնում է ոչ թե արդյունքի, այլ խոստման գնահատում։ Սա ստեղծում է պատկեր, թե խաղաղությունն արդեն կայացած փաստ է, մինչդեռ իրականում այն դեռ փխրուն բանակցային փուլում է։ Այս հակասությունը չի կարող աննկատ մնալ հասարակությունների համար, անկախ նրանից, թե կողմերն ինչ պարբերականությամբ են վստահեցնում, թե խաղաղությունը մոտ է, կամ՝ արդեն հաստատված է։

Փաշինյանի եւ Ալիեւի «համատեղ նվաճումը»՝ քաղաքական ռիսկ

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե վերոնշյալ մրցանակը «արդարացված է» եւ «համատեղ նվաճում» է, ընդգծում է խաղաղության գործընթացի համատեղ բնույթը։ Սակայն երբ նույն ժամանակահատվածում Բաքվում շարունակվում են ծանր ու շինծու «դատավարությունները», այդ գնահատականը պարզապես անհասկանալի է։ Ակնհայտ է, որ խաղաղության անվան գովազդի տակ անտեսվում է գերիների հարցը։

«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի ժյուրիի անդամ, Եվրոպական Միության խորհրդի նախկին նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը, թե համաձայնագիրը «ուժեղ ազդանշան է աշխարհի երկրների համար», ցույց է տալիս, որ եվրոպական քաղաքական շրջանակներն, իհարկե, շահագրգռված են գործընթացի հաջողությամբ։ Սակայն միջազգային աջակցությունը հաճախ առաջնորդվում է կայունության առաջնահերթությամբ, ոչ թե արդարության հարցով։ Արտաքին դերակատարները ձգտում են կանխել նոր պատերազմը, նույնիսկ, եթե որոշ հարցեր մնում են չլուծված։ Սա կարող է հանգեցնել այն իրավիճակին, երբ խաղաղությունը հաստատվում է քաղաքական անհրաժեշտության, ոչ թե ամբողջական հաշտեցման հիման վրա։ Այդ դեպքում հակամարտության արմատները մնում են չվերացված։ Բացի այդ, որքան էլ միջազգային հանրության գնահատականները, քաջալերող հայտարարությունները նշանակալի են, առավել կարեւոր է, թե երկրների ներսում հասարակություններն ինչ ազդակներ են ստանում։ Իսկ Բաքվի շինծու «դատավարությունները» ապացույց են, որ հայը եւ հայի հետ կապված ամենը՝ Ադրբեջանում կապված է խորը ատելության հետ։

Երկու իրականություն

Այսպիսով, այս փուլում ձեւավորվել է երկակի իրականություն։ Մի կողմից՝ միջազգային հարթակներում խաղաղության պայմանագիրը ներկայացվում է որպես պատմական շրջադարձ, Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները ստանում են մրցանակներ, հնչում են բարձր գնահատականներ։ Սակայն, մյուս կողմից՝ Բաքվից ստացվում են դատավճիռներ, հնչում են «Նյուրնբերգյան դատավարության» հետ համեմատություններ, իսկ գերիների հարցը մնում է փակուղում։

Արդյո՞ք Ալիեւը խաղաղության է ձգտում։ Նրա գործողությունները ցույց են տալիս, որ նա ձգտում է խաղաղության իր պայմաններով՝ «հաղթողի» կողմից թելադրված շարունակական կապիտուլյացիաների արարներով։ Գերիների ազատ արձակման բացառումը եւ կոշտ համեմատությունները վկայում են, որ Ադրբեջանում հաշտեցման մթնոլորտ ձեւավորելու նպատակ պարզապես գոյություն չունի։

Խաղաղության պայմանագիրը պաշտոնական Բաքուն դիտարկում է որպես ագրեսիայի ու ռազմական գործողությունների արդյունքների իրավական ամրագրում։

Հետեւաբար, ստեղծվել է բարդ դիլեմա։ Մի կողմից՝ միջազգային աջակցությունն ու մրցանակները թեժ են պահում խաղաղության օրակարգը, մյուս կողմից՝ հասարակական զգայուն հարցերը մնում են բաց։ Հայաստանի իշխանությունը չի կարողացել համադրել արդարության եւ խաղաղության պահանջները, այդ իսկ պատճառով գործընթացը կորցնել է ներքին լեգիտիմությունը։

Կարճաժամկետ հեռանկարում հնարավոր է խաղաղության փաստաթղթի ստորագրում՝ միջազգային ակտիվ խրախուսմամբ։ Սակայն եթե գերիների հարցը եւ փոխադարձ հումանիտար քայլերը չդառնան գործընթացի անբաժանելի մաս, ապա այդ խաղաղությունը կմնա ձեւական։

Իրական հաշտեցումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ «հաղթողի» հռետորաբանությունն ու քայլերը փոխվեն։ Հակառակ դեպքում, կստանանք ոչ թե խաղաղություն, այլ հրադադար՝ մշտական լարվածության ներուժով։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.02.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728