Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ դեմ ես դու «ֆորպոստ»

Փետրվար 26,2026 10:00

Տարիներ առաջ, երբ Վրաստանում «վարդերի հեղափոխությունից» դեռ շատ ժամանակ չէր անցել, ծաղկաձորյան մի սեմինարի ժամանակ վրացի հասարակական գործիչներից մեկն ասաց, որ իր երկիրը Կովկասում ազատության եւ ժողովրդավարության ֆորպոստն է (միջնաբերդը): Ես այդ ժամանակ հարցրեցի մեր հյուրին՝ իսկ լա՞վ է արդյոք լինել որեւէ մեկի կամ ինչ-որ բանի ֆորպոստը: Այդ բառն իմ եւ շատերի ականջին հատկապես տհաճ էր հնչում, որովհետեւ այդ ժամանակահատվածում խիստ վրդովմունք էին առաջացրել Պետդումայի նախագահ Գրիզլովի խոսքերն այն մասին, որ Հայաստանն իր երկրի «ֆորպոստն է Հարավային Կովկասում»: Հարեւան երկրի ներկայացուցիչն ինձ պատասխանեց, որ եթե խոսքը լավ բաների մասին է՝ ժողովրդավարության եւ ազատության, ապա ֆորպոստ լինելու մեջ ոչ մի վատ բան չկա:

Տեսականորեն նա իրավացի էր: Բայց գործնականում 20 տարվա ընթացքում շատ բան է փոխվել, այդ թվում՝ ժողովրդավարության մասին պատկերացումը: ԱՄՆ-ը ժողովրդավարության դրոշակակի՞րն է: Այսօր արդեն կասկածում եմ: Թրամփն ասում է՝ «ինձ դուր չեկավ, թե ինչպես է ինձ հետ խոսել այդ կինը (ի դեպ, նա Կարին Կելեր-Զուտերին սխալմամբ «Շվեյցարիայի վարչապետ» անվանեց, չնայած այդ երկրում նման պաշտոն չկա), եւ ես որոշեցի բարձրացնել մաքսային սակագները»: Կամ՝ պահանջում է, որ Netflix-ն (մասնավոր ընկերությունը) աշխատանքից հեռացնի տնօրենների խորհրդի անդամ Սյուզան Ռայսին, որի քաղաքական հայացքներն իրեն դուր չեն գալիս: Ինձ թվում է՝ ժողովրդավարության մասին դասական պատկերացումներին դա հակասում է:

Բացի դրանից, երբ ասում ես՝ «ես ֆորպոստ եմ», անմիջապես հարց է առաջանում՝ «իսկ ո՞ւմ դեմ ես դու «ֆորպոստ»: Հայաստանի դեպքում դա պարզ է, եւ դրա մասին է, մասնավորապես, խոսում այն տեղեկությունը, որ ԵՄ-ն պատրաստվում է օգնել Հայաստանին՝ ընտրություններում Ռուսաստանի միջամտությունից խուսափելու համար՝ նախ տեղակայելով Կրեմլի ապատեղեկատվության դեմ պայքարող «հիբրիդային արագ արձագանքման խումբ», ապա հնարավոր է՝ Հարավային Կովկասի այս երկրում մշտական քաղաքացիական առաքելություն։ Այլ կերպ ասած, իշխանության վերարտադրությանը նպաստող քարոզչական բրիգադ է ուղարկում, որը հենակետային նշանակություն կունենա տարածաշրջանում: Իսկական «ֆորպոստ»:

…Շարլ Մոնտեսքյոյի (իշխանության թեւերի բաժանման տեսության հեղինակի) հայրենիքի՝ Ֆրանսիայի իշխանությունը Հայաստանում սատարում է մի գործչի, որն ասում է՝ «չկա մի դատավոր, որն իմ ասածը չանի»: Դրանով ամեն ինչ ասված է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Նկարը ստեղծված է արհեստական բանականության միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728