Լրահոս
Օրվա լրահոսը

Պոպուլիզմից անդին. թոշակների բարձրացումը թանկ կնստի մեզ վրա

Փետրվար 26,2026 11:30

Իշխանությունը փորձում է հանրային բարեհաճություն գնել թոշակների բարձրացման մասին հայտարարություններով՝ որպես երկաթյա հիմնավորում բերելով տնտեսական աճը։ Սա էժան պոպուլիզմ է։ Առավել ցավալի է տեսնելը, թե ինչպես են ընդդիմադիր ուժերը, տրվելով նույն էժան պոպուլիզմին, մրցավազքի մեջ մտնում՝ պարզելու համար, թե ո՞վ ստիպեց իշխանությանը բարձրացնել թոշակը։ Այսպիսով՝ նրանք դառնում են իշխանական օրակարգի ջատագովը։ Այսպես չեն կարող հաղթել Նիկոլ Փաշինյանին, քանի որ այլ բան չեն առաջարկում։

Եթե հայացք նետենք պոպուլիզմից անդին, ապա կտեսնենք մի իրականություն, որտեղ թոշակառուն ու ժողովուրդը չեն շահում, այլ նույնիսկ տուժում են։

​Իշխանությունը պարծենում է տնտեսական ցուցանիշներով, բայց լռում դրանց իրական ու վտանգավոր աղբյուրների մասին։ Այս աճը արդյունաբերական կամ տեխնոլոգիական թռիչքի արդյունք չէ, ոչ էլ ներդրումային բում է եղել։ Սա սանկցիաների տակ մնացած Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության ընդլայնման արդյունքում գոյացած ժամանակավոր աճ է։ Հաջորդիվ, երբ ժողովուրդը պահանջի ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել, ՔՊ-ական իշխանությունները մեզ կասեն, թե ԵՏՄ-ից դուրս գալը մեզ կզրկի այն փողից, որով վճարում ենք ձեր թոշակները։ Եվ այս տրամաբանությամբ կհետաձգեն ԵՄ անդամակցության գործընթացը, անվտանգային ռիսկեր առաջացնելով ու նոր աղետների դուռ բացելով։

Տնտեսագիտական աքսիոմ է. եթե շուկա եք բաց թողնում լրացուցիչ փող՝ առանց արտադրողականության իրական բարձրացման, ապա Դուք պարզապես խթանում եք գնաճը։ Պետությունը թոշակն ավելացնում է մի քանի հազար դրամով, բայց խանութների գնապիտակների միջոցով խլելու է այդ փողի իրական արժեքը։ Այս առումով՝ թոշակի բարձրացումը սոցիալական հոգածություն չէ։ Գնաճի հետևանքով բարեկեցության մակարդակը կարող է իջնել ներկայիս կետից։ Այսինքն՝ առաջիկայում իշխանությունները ժողովրդի քթից են բերելու բարձրացված թոշակը։

​Զուտ պահպանողական քննադատությամբ՝ հարկ է նկատել, որ եթե իրոք տնտեսական աճ և բյուջեի միջոցների ավելցուկ կա, ապա դրանք պետք է ուղղվեն պետության հիմքերի ամրապնդմանը, անկախության ու ժողովրդավարության պաշտպանությանը։ Մեր երկրում ինքնիշխանությունը դեռևս կաշկանդված է ռուսական ռազմաբազայով, իսկ անվտանգության համակարգը կազմալուծված է, ԱԱԾ-ն չգիտես ինչով է զբաղված, ռուսական գործակալներն անարգել վխտում են, չբարեկամները շարունակում են ագրեսիվ հռետորաբանությունը։ Այս իրավիճակում բյուջեի միջոցների նման բաշխումը նշանակում է ընտրել այսօրվա հացը՝ զոհաբերելով անվտանգային իրական մարտահրավերները։ Ցավոք, ներկայում Փաշինյանի ջանքերով ձևավորվել է մրցակցային այնպիսի միջավայր, որտեղ միմյանց արժանի հավակնորդները մրցում են բացառապես պոպուլիզմի դաշտում, երկրորդելով ազգային, անվտանգային առաջնային խնդիրները։

Ի վերջո՝ հարկ է պարզ ասել ժողովրդին, որ բարեկեցության աղբյուրը ոչ թե թոշակի հավելումն է, այլ տնտեսական սուբյեկտայնությունը։ Քանի դեռ մեր տնտեսությունը գերազանցապես կապված է քաղաքակիրթ աշխարհի հետ կոնֆլիկտ ունեցող երկրի տնտեսությունից, թոշակը չի հերիքելու։ Այն ինչպես կար, այնպես էլ մնալու է գոյատևման նպաստ, ոչ թե արժանապատիվ ապրելու միջոց։ Իսկ Հայաստանը ներկայացվելու է որպես ժողովրդավարական աշխարհի դեմ պատերազմ վարող չարիքի մատակարար։ Ուստի՝ անհրաժեշտ է նախ դուրս գալ պոպուլիստական ջրապտույտից և այնպիսի ծրագիր առաջարկել ընտրողին, որտեղ տնտեսությունը կազատվի մեկ երկրից կախվածությունից, իսկ տնտեսական աճը իրապես կծառայեցվի ժողովրդի ազատությանը և ընդհանուր բարեկեցությանը։

 

Հայկ Միրզոյան

Պահպանողական կուսակցության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728