Ահնիձորի Հրանտ Մաթեւոսյանի անվան դպրոցը մեկն է այն 231 դպրոցներից, որոնց դռները սեպտեմբերի 1-ից կարող են չբացվել, քանի որ այս կառավարությունը որոշել է փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցները միավորվել հարեւան բնակավայրի դպրոցների հետ, ինչը ԿԳՄՍ նախարարությունը պատճառաբանում է կրթության հասանելիության ընդլայնման, կրթության որակի բարձրացման անհրաժեշտությամբ:
Հրանտ Մաթեւոսյանի որդին՝ «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթեւոսյանը ֆեյսբուքի իր էջում այդ թեմայով գրառում էր կատարել: «Երբ ես բղավում էի, որ Ահնիձորի հիմնական դպրոցը փակելու որեւէ իրավունք որեւէ կառավարություն չունի, եթե ի վիճակի չէ ՀՀ քաղաքացիների իրավունքները, երեխաների իրավունքները, մարդու իրավունքները ապահովող հիմնավոր, համակողմանի, խորը, մտածված քայլերով ապացուցել եւ իրագործել ռազմավարություն, գյադաները եւ նրանց մանրադրամը (խուրդեն) ծվծվում էին, որ ես չուզող եմ։ Դպրոցը շենք չէ։ Բնակավայրը կառույցների խումբ չէ։ Երկիրը մկրատով կտրած ոսկեջուր թիթեղ չէ»,-ի թիվս այլնի՝ գրել էր Դավիթ Մաթեւոսյանը։
«Երբ մի քանի տարի առաջ որոշում ընդունվեց, որ համայնքների խոշորացումից հետո դպրոցներն էլ են խոշորացվելու՝ ընդ որում ժամանակակից, քաղաքակիրթ դպրոցի չափորոշիչներին համապատասխանող դպրոցներ են կառուցվելու համայնքի մաս կազմող բնակավայրերում, այնպես, որ գյուղերի երեխաների երեխաները քաղաքակիրթ պայմաններում կրթվեն, դա հրաշք է թվում: Բայց երբ դու խորքային նայում ես, թե համայնքների խոշորացումից հետո ինչ ռեսուրսային եւ ենթակառուցվածքային խնդիրների առաջ է հայտնվել յուրաքանչյուր համայնք առանձին վերցրած, թե դպրոցների, աշակերտների եւ ուսուցիչների հետ ինչ կարող է տեղի ունենալ, հասկանում ես, որ դա լուրջ վտանգ է, որովհետեւ բազմաթիվ ծրագրեր, որոշումներ ունենք այս կառավարությունից, որ որոշել ու չեն իրականացրել, որոշվել են եւ տապալվել, կամ հենց հիմա ընթացիկ տապալման գործընթացի մեջ են: Վերցնենք, թեկուզ Թումանյան թանգարանի երկրորդ մասնաշենքի կամ հիմնանորոգման հարցը»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց Դավիթ Մաթեւոսյանը:
«Որքան էլ փոքր լինի Ահնիձորի Հրանտ Մաթեւոսյանի անվան դպրոցը, որքան էլ քիչ երեխա լինի գյուղում, արդյոք հաշվի՞ ենք առել առհասարակ, թե ինչ վնաս ենք հասցնում համայնքին, գյուղին եւ ինչ օգուտ ենք տալիս, երբ ճոռոմ բաներ ենք ասում, որ իբր բասկետբոլի դաշտերով, դահլիճներով, լողավազաններով դպրոցներ ենք կառուցում եւ այլն… Տարրական խնդիր կա՝ դպրոցը գյուղի սիրտն է, գյուղի միակ մշակութային օջախը եւ միակ ռեալ ու կայուն զբաղվածություն ապահովող կենտրոնը: Այսինքն, եթե գյուղում կան երիտասարդ ընտանիքներ, որոնք սերունդ են տալիս, նրանց գործունեությունը, աշխատավարձ ստանալը, մասնագիտական ունակությունների դրսեւորումը այսպես, թե այնպես կապված է դպրոցի հետ, գյուղապետարանի հետ կամ եթե նախակրթարան կամ մանկապարտեզ կա, դրա հետ:
Կարդացեք նաև
Հիմա եթե դու փակում ես դպրոցը, դու այդ համայնքում, հարեւան համայնքում, հարեւան համայնքի հարեւան համայնքում ունենում ես բազմաթիվ մանկավարժական կրթությամբ մարդիկ, որոնցից ոչ բոլորը կունենան աշխատանքային զբաղվածություն: Հետեւաբար ինչպե՞ս ես դիմագրավում այդ ընտանիքների տեղից պոկվելուն եւ արտագաղթելուն, համայնքից հեռանալուն: Ո՞վ ասաց, որ այդ մարդիկ մնալու են գյուղում, հետո դու ինչպե՞ս ես գյուղը պահելու, դու ուզում ես այդ գյուղը փակվի՞, ոչնչանա, թե՞ ոչ:
Շատ ավելի հարուստ, իր հսկայական ռեսուրսները որոշ դեպքերում քամուն տվող ԽՍՀՄ-ի ժամանակներում ամեն անգամ, երբ փակվել է, կամ Ահնիձորը որպես գյուղ, որպես կոլխոզ, որպես սովխոզ, երբ միացվել է կողքի գյուղին (Հրանտ Մաթեւոսյանի ստեղծագործություններում էլ դա կա), գյուղը սկսել է դատարկվել: Բայց հենց Մաթեւոսյանի կամ ուրիշ սրտացավ մարդկանց, ղեկավարության ջանքերով այդ դպրոցները վերաբացվել են, եւ գյուղը դարձյալ որպես առանձին ադմինիստրատիվ միավոր ամրագրվել է եւ սկսել է գործել, առանձին ֆինանսավորում եւ առանձին բյուջե է ստացել, սկսել է նորից վերածնվել: Դա պարզ, աքսիոմատիկ ճշմարտություն է, վիճակագրական ճշմարտություն »,-հավելեց Հրանտ Մաթեւոսյանի որդին:
«Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամը Հայաստանի 3 հյուսիսային մարզերում բազմաչափ աղքատության ուսումնասիրման ծրագրերի մեջ էր ընդգրկվել, եւ այդ ուսումնասիրության արդյունքները հրապարակված են: Խորհուրդ է տրվել կառավարությանը, որ Հայաստանում աղքատության չափորոշիչները գնահատվեն բազմաչափ եւ դա ամբողջ Հայաստանում կիրառվի, որովհետեւ, եթե կարելի ծածկադմփոց անել աղքատության շեմն իջեցնելով, բարձրացնելով եւ այլ հնարավորություններով եւ ձեւացնել, թե Հայաստանում կամ որեւէ այլ երկրում աղքատությունը հաղթահարվել է, ապա բազմաչափ աղքատության չափորոշիչներով մենք շատ լուրջ խնդիրներ ենք ի հայտ բերում:
Պարզել ենք, որ մեր երկրում բնակչության սարսափելի մեծ թիվ, այդ թվում՝ երիտասարդ ընտանիքների եւ երեխաների «հրաշալի» մեծ թիվ աղքատության շեմից շատ ցածր վիճակում է գտնվում: Այդ տվյալները տրամադրվել են կառավարությանը, թե ինչ են արել դրա հետ, դա իրենց գործն է: Բայց ես ծանոթ եմ այդ թվերին եւ համարում եմ, որ երկիրը շատ խորը սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեջ է թաղվում՝ իհարկե ոչ վերջին 5-10 տարիներին, դա շարունակական գործընթաց է: Հետևաբար՝ այսպես հիմարաբար, անհեռատեսորեն քայլեր անելով ոգեւորված առաջ ընթանալը, համայնքները խոշորացնելը, համայնքներին բյուջե չտրամադրելը եւ այլն, ուղղակի աղետ է: Եվ այդ դպրոցների փակումն էլ նշանակում է խաղալ մարդկանց ճակատագրի հետ ու վտանգել երկրի ճակատագիրը»,-ընդգծեց «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի տնօրենը:
Ինչ վերաբերվում է Հրանտ Մաթեւոսյանի անվան դպրոցը փակելուն, այս մասին էլ մեր զրուցակիցը նշեց. «Գալով այն թեմային, որ Հրանտ Մաթեւոսյանի անվան դպրոցն են ուզում փակել, ինչի մասին է խոսքը…Եթե ֆորմալ պիտի լինի Մաթեւոսյանի անվան, բայց իրենք ոչ անուն, ոչ երկրի առջեւ ծառայություններ, ոչ մեծություն, իրենց գործունեությամբ, իրենց կյանքով մեկ հարգել չգիտեն, հեղինակություն հարգել չգիտեն, ես չեմ համարում, որ իրենք Մաթեւոսյանի հետ որեւէ առնչություն ունեն կամ ժառանգն են նրա, որպեսզի մի հատ էլ իրենցից պահանջեմ՝ Մաթեւոսյանի անվան դպրոց է, ինչ եք անելու: Հայաստանում բազմաթիվ մարդիկ դեմ են դուրս գալու դպրոցների փակման աղետին, ես իմը պնդելու եմ եւ պաշտպանելու եմ այդ մարդկանց, նրանց հետ միասին եմ լինելու այդ հարցում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































