«ՀՀ քաղաքական ղեկավարությունը շատ է կենտրոնացած ներքին քաղաքական հարցերի վրա։ Շատ դեպքերում ժամանակ չի ունենում զբաղվել առանձին ոլորտներում բարեփոխումներով։ Արձանագրել ենք լրագրողների, ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների ակտիվացում»,- «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրի մեկնարկային կոնֆերանսի ժամանակ «Հայաստանում մեդիայի ոլորտում բարեփոխումների առաջընթացը և մարտահրավերները» պանելային քննարկման ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը։
Ըստ նրա՝ այն լրատվամիջոցները, որոնք ձգտում են հավատարիմ մնալ իրենց առաքելությանը, ընդդիմության և իշխանության ներկայացուցիչների կողմից թիրախավորվում են։
Անդրադառնալով տեսալսողական մեդիաոլորտի խնդիրներին՝ Բորիս Նավասարդյանն ասաց․ «Խնդիրներից է վստահելի երաշխիքների բացակայությունը երկու մարմինների առումով՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի և Հանրային հեռարձակողի։ Այս առումով խոսակցություններ են գնում վերջին 30 տարիների ընթացքում, բայց էական առաջընթաց չկա։ Դա բացակայությունն է հնարավորությունների՝ մասնավորապես մուլտիպլեքսի ձևավորման, որի արդյունքում ունենք մենաշնորհ հանրային մուլտիպլեքսի, որի շահագործման ու գործարկման ոչ արդյունավետ և բավականին թանկարժեք մոդելներ ունենք։ Ունենք նաև քաղաքական առումով կամայական որոշումներ՝ օրինակ՝ կապված «Շողակաթի» հետ, որը ժամանակին օրենքներին և նորմալ ընթացակարգերին հակառակ ստեղծվել է և նույնպիսի կամայական որոշմամբ՝ վերջերս նրա գործունեությունը դադարեցվել է։ Շարունակում ենք քաղաքական կոնյուկտուրայից ելնելով՝ տարբեր որոշումների ականատես լինել»։
Կարդացեք նաև
Բորիս Նավասարդյանը նաև մտահոգություն հայտնեց, որ կառավարության որոշմամբ ստեղծված Հանրօգուտ մեդիամիջավայր հիմնադրամը սահմանափակ աջակցության հնարավորություն ունի ԶԼՄ-ների համար, քանի որ կարող է աջակցություն տրամադրել միայն հանրային մուլտիպլեքսում ներառված հեռարձակողներին:
Ըստ Բորիս Նավասարդյանի՝ լրագրողական համայնքի վարկաբեկմանն ուղղված հռետորաբանություն է հնչում հատկապես իշխող ուժի ներկայացուցիչների կողմից։ Նա հայերեն ու անգլերեն ներկայացրեց ՔՊ-ականների վիրավորական հայտարարությունները՝ ուղղված ԶԼՄ-ներին և լրագրողներին։ Այնուհետև նշեց՝ չի կարդա դրանք, որ տրամադրություն չփչացնի․ «Մտահոգիչն այն է, որ իմ նշած արտահայտությունները հիմնականում այն ԶԼՄ-ների հասցեին են, որոնք բոլոր թերություններով ու խնդիրներով հանդերձ՝ առավել մոտ են որակյալ մեդիա անվանվելուն»։
Ըստ Բորիս Նավասարդյանի՝ ունենք ոչ բավարար լուծումներ կապված արտասահմանյան՝ հիմնական ռուսաստանյան հեռուստաալիքների հեռարձակման հետ կապված մեր հանրային մուլտիպլեքսում․ «Այս հարցը չեք լուծել, բայց փորձում ենք նոր սահմանափակումներ ու պատիժներ սահմանել ցանցային օպերատորների միջոցով հեռարձակվող լրատվամիջոցների նկատմամբ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































