Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչ այս էլ կենսաթոշակները եւ նպաստները բարձրացրել ենք այլ եղանակով»․ Արսեն Թորոսյանը՝ այն մասին, թե ինչո՞ւ են նախընտրական շրջանում թոշակ բարձրացնում

Փետրվար 26,2026 13:50

«Կառավարությունն ունի 2021-2026 ծրագիր, որն իրագործվում է։ Եվ կառավարությունը գործում է մինչեւ նոր կառավարության ձեւավորումը։ Եվ ցանկացած գործողություն, որն իրականացնում է կառավարությունը, լեգիտիմ է ու տեղավորվում է այդ ծրագրի շրջանակներում կամ բխում է այդ ծրագրից»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով ապրիլի 1-ից կենսաթոշակները եւ նպաստները 10 000 դրամով բարձրացնելու որոշմանը։

Հարցին, թե ինչո՞ւ մինչ այս չէին բարձրացնում թոշակներն ու նպաստները, ինչո՞ւ հենց նախընտրական շրջանում նման որոշում կայացրեցին, Արսեն Թորոսյանը պատասխանեց․ «Մենք մինչ այս կենսաթոշակները եւ նպաստները բարձրացրել ենք այլ եղանակով՝ հետվճարի եղանակով, եղել են նաեւ ուղիղ բարձրացումներ։ Ինչպես նաեւ բազմաթիվ առավելություններ են տրվել մեր կենսաթոշակառուներին, օրինակ, առողջության ապահովագրությունը եւ այլն։ Բայց նաեւ եղել են օբյեկտիվ հանգամանքներ, որոնք նոր են ի հայտ եկել։ Դա մեր տնտեսական աճի ցուցանիշն է, որը մեզ հիմք է տալիս հարկաբյուջետային քաղաքականության այլ հետեւություններ անել եւ նաեւ որոշումներ կայացնել, որոնք մինչ այս ավելի ռիսկային էին։ Եվ որոշում է կայացվել, որ գրեթե բոլոր կենսաթոշակները՝ խոսքը 667 հազար մարդու է վերաբերում, բարձրանալու են 10 000 դրամով։ Շատ քիչ դեպքերում այդ բարձրացումը կարող է լինել 7-8 հազար դրամ, խոսքը շատ փոքրաթիվ մեր քաղաքացիների մասին է, որոնք արդեն իսկ շատ բարձր կենսաթոշակ են ստանում»։

Արսեն Թորոսյանն ասաց, որ այս տարի այդ ծախսը հոգալու համար մոտ 80 մլրդ դրամ գումար է անհրաժեշտ, որը կառավարությունն ունի։ Նա նշեց, որ վերաբաշխումների միջոցով այդ գումարը կտեղափոխվի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բյուջե։ Իսկ որոշումը կընդունվի կառավարության առաջիկա նիստերից մեկում։

«Ես կարծում եմ, որ այս բարձրացումը շատ էական է մեր հարյուր հազարավոր կենսաթոշակառուների եւ նպաստառուների համար՝ նաեւ հաշվի առնելով, որ իրենց կենսաթոշակների ու նպաստների վրա 20 տոկոս հետվճար կարող են ստանալ՝ մինչեւ 10 հազար դրամի չափով։ Դա, ըստ էության, մոտավորապես բոլորի կենսաթոշակը ու նպաստը բարձրացնում է 20 հազար դրամով»,- հավելեց Թորոսյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728