«Մենք ունեցել ենք շատ կոնստրուկտիվ հանդիպում անհատ տաքսի վարորդների հետ, որոնք օգտվում են օնլայն պլատֆորմներից եւ նրանց հետ քննարկել ենք իրենց կողմից բարձրացրած բոլոր հարցերը, որոնց մի փոքր մասն է վերաբերում կառավարությանը, մյուս մասը վերաբերում է «Յանդեքս» պլատֆորմին կամ այլ պլատֆորմներին»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով տաքսու վարորդների բողոքի ցույցերին։
Նա նշեց, որ կառավարությունը զբաղվում է նրանց խնդիրների լուծմամբ․ «Էլի քննարկումներ ու հանդիպումներ ենք ունենալու, մյուս շաբաթ նորից հանդիպելու ենք, որոշ հարցեր արդեն գիտենք՝ ինչպես ենք լուծելու, օրինակ, կենսաթոշակային հարցերը»։
«Իմ համար տարօրինակն այստեղ որոշ ակտիվիստների կամ քաղաքական գործիչ ներկայացող ակտիվիստների միջամտությունն է այս գործընթացին, որ նախ սուտ տեղեկություններ տարածելով, երկրորդն էլ այդ մարդկանց նյարդերի կամ զգացմունքների վրա խաղալով՝ փորձում են ինչ-որ քաղաքական դիվիդենտներ քաղել։ Չեմ կարծում, որ այստեղ որեւէ բան կա, որ նախ հնարավոր չի քննարկել եւ չլուծել։
Երկրորդը, պետք է օբյեկտիվ նայել այդ ամեն ինչին, բոլոր այդ բարձրացված հարցերին նայել իրականության մեջ։ Մենք իրականության մեջ նայել ենք, այդտեղ անլուծելի հարց չկա, բայց նաեւ կա համադրելի հարց, օրինակ, մյուս տեսակի աշխատողների վճարած հարկերի նկատմամբ, այդ վճարած հարկերը հետո ինչպիսի ծառայություններ են դառնում իրենց համար։ Եվ գործընթացը կշարունակենք։ Ի դեպ՝ շատ բաներ արդեն փոխված են եղել մինչեւ մեր հանդիպումը։ Եվ ինչ հնարավոր կլինի փոխել, կփոխենք, պետությունը էլ իր կողմից առողջության ապահովագրության հարցերը, կենսաթոշակային հարցերը կփորձի լուծել»,– հավելեց Թորոսյանը։
Կարդացեք նաև
Նա անդրադարձավ նաեւ վարորդների բողոքներին «Յանդեքս» ընկերությունից, ասաց, որ պետությունը «Յանդեքս»-ի հետ՝ որպես ՏՏ ոլորտի խոշոր ներկայացուցիչ, հարաբերվում է։ «Իհարկե, նրանց հետ էլ քննարկումներ կլինենք, նրանք էլ են շահագրգռված հարցերը լուծելու մեջ»,- ասաց Արսեն Թորոսյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































