Լրահոս
Օրվա լրահոսը

«Վեոլիա ջուրը» չի խաբում, ամառային ծանրաբեռնված ամիսներին մենք ունենալու ենք ջրանջատումներ․ ջրային կոմիտեի նախագահ

Փետրվար 26,2026 14:30

«Վեոլիա ջուրը» երբ հայտարարել է Երեւանում ջրամատակարարման գրաֆիկի փոփոխության մասին, ՀՀ կառավարության հետ համաձայնեցրած չի եղել հարցը․ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։

Միաժամանակ, Արամազդ Ղալամքարյանը պնդում է՝ «Վեոլիա ջուրը» չի խաբում, ամառային ծանրաբեռնված ամիսներին մենք ունենալու ենք ջրանջատումներ․ «Հարցը հետեւյալն է՝ այդ ջրանջատումների տեւողությունն ինչպիսի՞ն պիտի լինի․ մարզից-մարզ, Երեւանի տարբեր թաղամասեր, փողոցից-փողոց՝ ինչպիսի՞ փոփոխություններ են լինելու։ Նույն ժամանակացույցը՝ երեք փողոցների տարբերությամբ, հրապարակվել է անցյալ տարի․ այսպիսի աղմուկ չի եղել, այսպիսի աժիոտաժ չի եղել։ Բոլորս հասկանում ենք, նախընտրական շրջանում ենք, նման թեմաները ոմանց կողմից օգտագործվում են։ Բայց մի բան հստակ է՝ «Վեոլիա ջուրը» ունեցել է պարտավորություն՝ համաձայն կարգի, հրապարակելու ժամանակացույցը եւ հրապարակել է։ Մեր խնդիրը այս պահին «Վեոլիայի» հետ այն է, որ կարծում ենք այդ ժամանակացույցը կարելի է լավարկել, ունենալ ջրանջատումների ավելի կարճ հատվածներ»։

Նա հավելեց, որ կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի փորձի օգնել «Վեոլիա ջրին» եւ ինքներս մեզ՝ ունենալու ավելի լավ ջրամատակարարում։ Դրա համար նա երկու շաբաթ ժամանակ խնդրեց։ Ասաց՝ հանձնաժողովի նիստում այսօրվա քննարկումներն էլ համակարգի վերակառուցման եւ զարգացման մասին էին ։

Լրագրողների դիտարկումներին՝ իր խոսքում հակասություն կա՝ մի կողմից ասում է՝ ջրանջատումներ լինելու են, մյուս կողմից՝ ասում է՝ կառավարությունը միջամտել է, որ չլինեն, ջրային կոմիտեի նախագահը հակադարձեց՝ ասելով, որ ջրանջատումներ լինելու են, բայց դրանք չեն լինելու այն ռեժիմով, որ հայտարարեց ընկերությունը, այլ ավելի լավարկված ռեժիմով։

Հորդորեց փոխել ջրի նկատմամբ վերաբերմունքը․ «Հարեւանի ձեռքը պիտի բռնենք, երբ տեսնում ենք, որ ցայտաղբյուրից իր այգին է ջրում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728