Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհահռչակ թավջութակահարը հանդես եկավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ

Փետրվար 26,2026 15:20

Փետրվարի 21-ից մեկնարկել է Ժամանակակից երաժշտության փառատոնը, որը ազդարարվել է Վիգ Զարթմանի Դաշնամուրի կոնցերտի համաշխարհային պրեմիերայով: Մինչեւ մարտի 17-ը ձգվող փառատոնի շրջանակում կանցկացվի 6 համերգ, հանդես կգան 5 մենակատար, կհնչի հայ եւ արտասահմանցի 16 կոմպոզիտորների 21 ստեղծագործություն։

Փետրվարի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում փառատոնի շրջանակում կայացավ աշխարհահռչակ թավջութակահար, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան) 20-րդ համերգաշրջանի ռեզիդենտ արտիստ Մարիո Բրունելլոյի մենահահամերգը: Նա հանդես եկավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ՝ ներկայացնելով կոմպոզիտոր Մեչիսլավ Վայնբերգի Թավջութակի կոնցերտի հայաստանյան պրեմիերան։

Համերգի ծրագրում էին նաեւ հայ կոմպոզիտորներ Գեղունի Չթչյանի, Էդուարդ Հայրապետյանի եւ Արթուր Ահարոնյանի ստեղծագործությունները։ Ունկնդիրը ջերմությամբ ընդունեց մեր օրերի լավագույն թավջութակահարին, հոտնկայս ծափահարություններով ու հիացական բացականչություններով «ստիպելով»՝ «բիս» նվագել եւս մի գեղեցիկ կտոր: Ինչ վերաբերվում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին եւ մաեստրո Սմբատյանին, նրանց դրած բարձր նշաձողը, երբեք չի խաթարվում:

Հավելենք, որ Ժամանակակից երաժշտության փառատոնը հիմնադրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը՝ նպատակ ունենալով ներկայացնել եւ հանրահռչակել հայ դասական եւ արդի կոմպոզիտորական արվեստը հայ ունկնդրին։ Փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ եւ Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728