«Հասարակությունն այլևս չի ընդունում Փաշինյանի վարած քաղաքականությունը։ Իշխող քաղաքական ուժը հանրային դաշտի վստահությունը կորցրել է»,- ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Ըստ նրա՝ իշխող ուժը հետևողականորեն քայլեր է իրականացնում, որոնք միտված են ընտրությունների արդյունքները կեղծելուն, կամ այնպիսի պայմանների ստեղծմանը, որ ընդդիմությունը հնարավորություն չունենա որևէ հաջողություն արձանագրել․ «Կեղծելու հնարավորությունն այս իշխանություններն ունեն, նրանք ունեն հնարավորություն հայտարարելու ընտրությունների՝ իրենց հարմար արդյունքներ։ Դա անելուց կես ժամ անց Նիկոլ Փաշինյանը սկսելու է եվրոպական երկրներից և ԱՄՆ-ից ստանալ շնորհավորանքներ»։
Ըստ քաղաքագետի՝ տարբեր քարոզչական հնարքներով փորձում են բոլոր ուժերի նկատմամբ հիասթափություն առաջացնել։ Նա զգուշացրեց․ «Եթե հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանը շարունակի իշխանավարել, սկսվելու է Սահմանադրության փոփոխություն, լինելու է ՀՀ տարածքների հանձնում Ադրբեջանին, լինելու է այսպես կոչված ԹՐԻՓՓ-ի իրագործում, երբ ՀՀ-ն թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող, ծառայություններ մատուցող իրենց ասած՝ բեք օֆիս է լինելու, ոչ թե անկախ պետություն, էլ չեմ խոսում ներքին զարգացումների մասին՝ եկեղեցի, արժեքներ, որոնք բոլորը հարվածի տակ են լինելու։ Դրա համար պետք է պայքարել իշխանափոխության համար»։
Կարդացեք նաև
Դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































