Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատչելիության խնդրին Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է բազմիցս՝ խնդրի կարգավորման համար առաջարկելով մշակել և իրացնել առողջապահության ոլորտում անհավասարությունը նվազեցնելու համալիր քաղաքականություն, որով կապահովվի առողջապահական ծառայությունների մատչելիությունն՝ անկախ սոցիալական վիճակից։
Այս տեսանկյունից կարևոր առաջընթաց է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը, որը առանցքային դերակատարություն ունի առողջության պահպանման իրավունքի երաշխավորման տեսանկյունից:
Այնուհանդերձ, առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումից հետո ՄԻՊ աշխատակազմ պարբերաբար ահազանգեր են ներկայացվում այն մասին, որ համակարգի գործարկումը հանգեցրել է այնպիսի իրավիճակների, երբ բուժաշխատողների կողմից բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները հաճախ մատուցվում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված աշխատաժամանակի առավելագույն տևողության գերազանցման պայմաններում (հաճախ՝ առանց հանգստի ընդմիջման), իսկ բուժաշխատողների՝ արդարացի և համարժեք վարձատրությունը չի ապահովվում։
Պաշտպանը, կարևորելով առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ուղղությամբ պետության կողմից գործադրված ջանքերը, ընդգծում է, որ իրավասու պետական մարմինները պետք է շարունակական քայլեր ձեռնարկեն բուժաշխատողների աշխատանքային իրավունքների պատշաճ երաշխավորման ուղղությամբ, իսկ նրանց ձայնը պետք է լսելի լինի:
Կարդացեք նաև
Բուժաշխատողների աշխատանքային իրավունքների ամբողջ ծավալով երաշխավորման և անխոչընդոտ իրացման հետ կապված բոլոր հարցերը գտնվում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Բարձրացված հարցերի ընթացքի նկատմամբ իրականացվելու է հետևողական աշխատանք։
ՄԻՊ աշխատակազմի հաղորդագրությունը


















































