Լրահոս
Օրվա լրահոսը

«Վաղուց մեր երկրում յաշիկ լցնել չկա, ընտրությունները վաղուց կեղծված են»․ Սերժ Սարգսյան

Փետրվար 26,2026 19:44

«Դա ընտրակաշառք որակելը զուտ քաղաքական հայտարարություն կարող է լինել։ Ընտրապայքարը դեռ չի սկսվել, բայց որ ընտրությունները շատ վաղուց արդեն կեղծվում են, դա փաստ է»,- իր գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ այն, որ իշխանությունները թոշակ են բարձրացնում դա լեգիտիմ ընտրակաշառք չէ՞, այսպես պատասխանեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա վստահեցրեց՝ «վաղուց մեր երկրում յաշիկ լցնել չկա, որովհետև էլեկտրոնային համակարգը ներդրվել է շատ վաղուց»․ «Եթե մարդիկ ձերբակալվում են, եթե պետական միջոցները ծախսվում են ոչ այնպես, ինչպես կծախսեին ոչ ընտրական տարում, այդ բոլորը խախտումներ են։ Եթե մի քաղաքական ուժից շատ ներկայանալի մարդու ձերբակալում են, դա խախտում չէ՞։ Կեղծելը հենց այդպես էլ լինում է»։

Թոշակների բարձրացման մասին հայտարարությունները Սերժ Սարգսյանը համարեց «ժուլիկություն»։ Հիշեցմանը՝ Ձեր իշխանության տարիներին թոշակը 16,000 դրամ էր, Սերժ Սարգսյանն այսպես արձագանքեց․ «Ո՞ր թոշակի մասին են իրենք խոսում։ Էդ մարդիկ չեն տարբերակում՝ ինչ է նվազագույն թոշակը, ինչ է միջին կենսաթոշակը։ Վստահ եմ՝ շատերը իրենցից, որոնք խոսում են նվազագույն թոշակի մասին, չգիտեն՝ էս երկրում քանի հոգի և ովքեր են ստանում այդ թոշակը։

Ամենակարևոր խնդիրը միջին կենսաթոշակն է։ Ինչպես մնացած բոլոր հայտարարությունները, էս հայտարարությունում էլ եմ տեսնում ժուլիկություն։ Կտեսնեք՝ արդյոք բոլոր թոշակառուները 10,000 դրամով ավել կստանան։ Իհարկե՝ ոչ։ Դա միջին կենսաթոշակի վրա նվազագույն ազդեցություն է ունենալու։ Մեր ժամանակ եղել է 16,000 դրամ, թող իրենք իրենց նեղություն տան, մի 15-20 տարի հետ գնան մեր ժամանակից, թող տեսնեն՝ ինչքան է եղել։ Տեսնեն՝ իրենց երկու անգամ բարձրացրա՞ծն է շատ, թե մեր՝ մինչև 16,000 հասցրածը»։

Անդրադառնալով հիբրիդային սպառնալիքների մասին թեզերին և արտաքին միջամտությանը՝ Սերժ Սարգսյանն ասաց․ «Չեք կարող մի փաստ, մի դեպք բերել նորանկախ ՀՀ պատմության մեջ, երբ ազդեցիկ շրջանակներից որևէ մեկը ուղիղ թեկնածուներից կամ քաղաքական ուժերից մեկին սատարում հայտարարեր։ Չեմ ասում՝ իրենց ենթակա ՀԿ-ներով, դեպի իրենց կողմնորոշում ունեցող քաղաքական ուժերով․ փորձագետների մասին չէ խոսքը։ Խոսքը պաշտոնատար անձանց մասին է։ Իսկ էս անգամ մենք արդեն չգիտեմ՝ էլ որտեղ է մնացել, որ էնտեղից իրենց կարծիքը ՀՀ ընտրություններում հաղթողի մասին՝ իրենց ցանկությունը չեն հայտնել»։

Սերժ Սարգսյանի գործով դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728