Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդ ինչո՞ւ Գյումրի այցելած Նիկոլ Փաշինյանին ոչ մեկը չասաց՝ «եղբայր, մենք միլիարդներ չունենք, որ տանես», բայց «Ուժեղ Հայաստանի» վրիպակը շահարկեցին»

Փետրվար 26,2026 20:22

Քանդակագործ Արթուր Գևորգյանի համոզմամբ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների՝ «Գյումրեցիներ ջան, եկել ենք ձեր գյուղ» արտահայտությունն արդեն իսկ մոռացված է, և այն էական ազդեցություն չի կարող թողնել ընտրազանգվածի վրա, որքան էլ այս քաղաքական ուժի մրցակիցները փորձեն շահարկել։

Ըստ նրա՝ անցել են այն ժամանակները, երբ հայկական իրականության մեջ վիրտուալ տիրույթում կարող էին ազդեցություն ունենալ հասարակության վրա, այժմ ամենասենսացիոն թեմայի քննարկումն անգամ մեկ օր է տևում։

«Դեռ 2024 թվականի սկզբներից նկատելի էր, որ Հայաստանի հասարակության համար վիրտուալ իրականությունը հետաքրքիր չէ, և 2018 թվականից լայվ անելու, քաղաքական դիվիդենտներ հավաքելու մեթոդիկան սոցիալական ցանցերում մեկ օրից ավելի չի ապրում․ նախկինում գոնե երեք օր ապրում էր։

Այսինքն՝ ամեն ինչ կատարվում է գետնի վրա, և ինչ-որ մեկին վերցնել և վրիպակի հետ կապված շահարկել, ի սկզբանե պարզ էր, որ ոչ մեկի մոտ չէր ստացվելու։

Շատերը գիտեն, որ ինքս շատ լուրջ եմ վերաբերում Գյումրու հետ կապված ցանկացած թեմայի, բայց իրականում խոսքը վրիպակի մասին է, որը չունեցավ հետևանքներ։

Այսինքն, եթե Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «եկեղեցին չուլանի եք վերածել», և դրանից հետո սկսվում է 8-9-ամսյա արշավ եկեղեցու հանդեպ, 4 սրբազաններ են բանտարկվում, սոցցանցերում իր խոսքից հետո տարբեր պրոցեսներ են ենթադրվում, Գյումրիի հետ կապված վրիպակը ոչինչ չի փոխելու, և այդ թեման արդեն տրամաբանական հանգուցալուծում է ստացել։

Հետաքրքիր է, որ ՏԻՄ ընտրություններից առաջ նույն Գյումրի այցելած ու «միլիարդները տանեմ» ասող Նիկոլ Փաշինյանն իր արժանի գնահատականը չստացավ և իրեն չասացին՝ «եղբայր, մենք էդքան չունենք, որ տանես», բայց այս քաղաքական ակտիվ ուժի վրիպակը շահարկվեց։

Եթե դա ասեր ոչ թե քաղաքական ուժի, տվյալ դեպքում «Ուժեղ Հայաստանի» թիմի անդամը, այլ սովորական քաղաքացի կամ քաղաքական գործընթացներից դուրս որևէ մեկը, որևիցե մի արձագանքի չէր արժանանա, ակնհայտ է, որ խնդիրը զուտ քաղաքականացման շրջանակում է։

Ամեն դեպքում մենք պիտի մեր համար խոսքի արժեքի հետ կապված ճշգրտումներ անենք, երբ որ «Շուշին դժբախտ և դժգույն քաղաք է» հայտարարող Նիկոլ Փաշինյանի հանդեպ հասարակությունը չունեցավ բավարար արձագանք, մինչդեռ այդ ասելիքը զուգորդվեց ամենավատ, ողբերգական հետևանքներով, այս դեպքում Գյումրու մասին հնչած խոսքից հետո չեմ պատկերացնում, չեմ ենթադրում, որ կարող է մի բան տեղի ունենալ։

Հակառակը՝ ենթադրում եմ, որ «Ուժեղ Հայաստանը» ավելի նրբանկատ, ավելի խորաթափանց, ավելի լուրջ տեսլական կառաջարկի Գյումրու ու Շիրակի մարզի զարգացման մասով։

Սա անցած թեմա է, նորից եմ կրկնում՝ այդ խոսքերը որևէ ազդեցություն չեն ունենալու էլեկտորատի վրա․ նախընտրական և քարոզչական գործողություններն այսօր չեն կատարվում սոցիալական ցանցերում կամ մեդիաների միջոցով, այդ ամենը կատարվում է դեմ առ դեմ՝ ամենատարբեր հանդիպումների ու միջոցառումների ժամանակ։

Եվ 2026 թվականի ընտրությունները տեղի են ունենալու գետնի վրա, համացանցով քարոզարշավ անցկացնելու տրամաբանությունից դուրս ենք գալու, 2026 թվականն այդպիսին է լինելու՝ առարկայական ու շոշափելի»,- ասում է Արթուր Գևորգյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728