Լրահոս
Օրվա լրահոսը

Նյուրնբերգի զինվորական տրիբունալի եւ Բաքվի տրիբունալի առանձնահատկությունները

Փետրվար 27,2026 13:00

Նյուրնբերգի տրիբունալը ստեղծվել է ավելի քան 80 տարի առաջ: 1945թ. օգոստոսի 8-ի Լոնդոնի համաձայնագրով, ԱՄՆ-ի, ԽՍՀՄ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի նախաձեռնությամբ, այնուհետեւ նրան միացել են 19 պետություններ, եւ կոչվել է «Ժողովուրդների դատարան»: Զինվորական տրիբունալը ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում պարտված նացիստական Գերմանիայի ռազմաքաղաքական ղեկավարներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Տրիբունալի վարույթի քրեական գործով 21 նացիստներ`Գերման Գյորինգ, Ռուդոլֆ Գենս եւ մյուսները մեղադրվել են խաղաղության եւ մարդկության դեմ ուղղված ագրեսիվ պատերազմ ծրագրելու, սանձազերծելու, ցեղասպանության, ազգային եւ դավանանքի հենքով մարդկանց ոչնչացնելու եւ այլ ծանր հանցագործություններ կատարելու համար, որի հետեւանքով կյանքից զրկվել է ավելի քան 20 միլիոն մարդ: Տրիբունալը 1946 թ. հոկտեմբերի 30-ին կայացրած դատավճռով նացիստներից 12-ին դատապարտել է մահապատժի կախաղանի ձեւով, 4-ին` ցմահ բանտարկության, 3-ն արդարացվել են, իսկ մյուսներն ազատազրկվել են 15-20 տարի ժամկետով:

Նյուրնբերգի տրիբունալի եւ Բաքվի զինվորական դատարանի դատավարություններն իրենց բնույթով տարբեր կատեգորիաներ են կամ`ատյաններ: Եթե Նյուրնբերգի դատավարությունը ստեղծվել է միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող մի շարք պետությունների նախաձեռնությամբ եւ նպատակ է հետապնդել քրեական պատասխանատվության ենթարկել նացիստական Գերմանիային, ռազմաքաղաքական ղեկավարներին, իսկ դատավարությունն իրացնելու համար մշակել են դատավարական նորմեր եւ պատժի ձեւեր, ապա Բաքվի զինվորական դատարանի դատավարությունը նախաձեռնել են Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Ռ. Էրդողանն ու Ի. Ալիեւը եւ նպատակ են հետապնդել քրեական պատասխանատվության ենթարկել Արցախի էթնիկ հայ ժողովրդին, կամ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին, ովքեր միջազգային իրավունքի նորմերին համահունչ ազատ ինքնորոշման իրավունքի սկզբունքով ազգային ազատագրական պայքարի միջոցով  անջատվել են Ադրբեջանի կազմից կամ` ինքնորոշվել: Ինչպես նաեւ, Արցախի էթնիկ հայերին կամ հայությանը, միջազգաին հանրությանը ներկայացրել են որպես ահաբեկիչներ, ագրեսորներ, ցեղասպաններ, մարդասպաններ, այսինքն, իրենց գործած հանցագործությունները շրջել են արցախցիների վրա:

Բաքվի դատավարությունը կատարվել է Ադրբեջանի ներքին օրենքներով, եւ մինչդատական վարույթն իրականացնողները եւ դատարանը անարգել, ինչ ապացույց հարկավոր է՝ սարքել են, իսկ արտերկրի փաստաբաններին արգելել են մասնակցել դատավարությանը:

Ըստ էության, հայերի նկատմամբ վերդիկտը 2020 թ. 44-օրյա պատերազմում Հայաստանը, իսկ 2023 թ. Արցախը մեկ օրում կապիտուլյացիայի ենթարկելու հաղթանակի ցուցադրական դատավարությունն է: Նկատենք, որ տեղի ունեցածը ուղղակի անարգանք է հայ ժողովրդի նկատմամբ, որովհետեւ թուրքը, ով արհեստավարժ է ցեղասպանության, ահաբեկչության եւ ուրիշ պետությունների, տարածքը զավթելը մեղսագրել է հայերին: Նաեւ ողբերգություն է, քանզի 16 անմեղ արցախցիներ, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանը, ցմահ կամ 15-20 տարի ժամկետով տառապելու են Բաքվի բանտերում եւ ենթարկվելու են բռնությունների  եւ կտտանքների:

Հայերի նկատմամբ թուրքական վերդիկտը առերեւույթ հակասում է միջազգային իրավունքի նորմերին եւ ՄԱԿ-ի կանոնադրության 1-ին եւ 55-րդ հոդվածներին: Սակայն այդ ապօրինությանը միջազգային հանրությունը եւ գերտերութունները, ԵՄ-ն չարձագանքեցին եւ չդատապարտեցին: Իսկ ՀՀ գործող իշխանությունները կամ ռեժիմը, դրսեւորելով հանցավոր անգործություն, որեւէ միջոցներ չձեռնարկեցին խայտառակ դատավարությունը կանխելու կամ խափանելու համար: Լուռ են նաեւ դատավարությունից հետո:

Ռեժիմը նաեւ ՀՀ սուվերեն տարածքը ներխուժելու եւ զավթելու, ինչպես նաեւ Արցախն օկուպացնելու եւ էթնիկ հայ ժողովրդին բռնի տեղահանելու, կսմ ցեղասպանության ենթարկելու համար, ցուցաբերելով հանցավոր անգործություն, դեռեւս Ի. Ալիեւին քրեական պատասխանատվության ենթարկելու առնչությամբ հաղորդում չեն ներկայացրել Հաագայի միջազգային քրեական դատարան, բայց շարունակում են  օժանդակել նրան: Օրինակ, անցյալ տարի օգոստոսին Վաշինգտոնում Ն. Փաշինյանը եւ ԱԳ նախարար Ա. Միրզոյանը Ալիեւի պահանջով առկախեցին ԵԱՀԿ Մինսկի ձեւաչափի գործունեությունը, որը ստեղծվել էր ՀՀ առաջին նախագահի ջանքերով եւ դիվանագիտական հնարքով: Իսկ պատմական Հայաստանի Նախիջեւանը Ադրբեջանին միացնելու համար օտարեցին հայ-իրանական սահմանի սահմանային  գոտու 42 կմ. երկայնքով տարածքը, ինչը ռեալ վտանգ է ՀՀ-ի ազգային անվտանգության համար: Նիկոլիզմի հաջորդ աղետը կլինի ՀՀ սահմանադրությունից Արցախ հասկացությունը ջնջելը;

Բաքվի զինվորական դատարանի դատավճիռը բողոքարկելու կարգը

Ըստ Ադրբեջանի օրենսդրության՝ զինվորական գործերով դատարանները դասակարգվում են.

  1. Զինվորական գործերով դատարան, 2. Զինվորական գործերով դատարան ծանր հանցագործությունների գործերով դատարան, 3. Զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատական կոլեգիա, որը քննում է զինվորական գործերով դատարանների եւ զինվորական ծանր հանցագործությունների գործերով դատարանների կայացրած դատական ակտերի դեմ բերված բողոքները: 4. Ադրբեջանի Հանրապետության գերագույն դատարանի զինվորական գործերով վճռաբեկ կոլեգիա, որը քննում է զինվորական գործերով վերաքննիչ դատական կոլեգիայի դատական ակտերի դեմ բերված բողոքները:

Հետեւաբար, Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների եւ մյուսների վերաբերյալ դատավճիռը կարելի է բողոքարկել առաջին փուլում Զինվորական գործերով վերաքննիչ դատական կոլեգիային, իսկ երկրորդ փուլում`Գերագույն դատարանի զինվորական գործերով վճռաբեկ կոլեգիային: Հիշյալ բողոքարկումները իհարկե էական արդյունք չեն տալու, սակայն պարտադիր են վերդիկտը միջազգային  դատարանում վիճարկելու համար: Կարծում եմ, միջազգային քրեական դատարանը Բաքվի անօրինական վերդիկտը կբեկանի, եւ հայ դատապարտյալները կարդարացվեն:

ԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ

իրավաբան, Մոսկվա

«Առավոտ» օրաթերթ

27.02.2026 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728