Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ աթոռներին վտանգ է սպառնում…

Փետրվար 27,2026 10:00 Share

Մեղադրել ներկայիս իշխանություններին, որ նրանք այս տարվա ապրիլից որոշել են բարձրացնել կենսաթոշակների չափը, լեզուս չի պտտվում: Տասնյակ հազարավոր մարդկանց համար բացարձակապես միեւնույն չէ, նրանք ստանում են, ենթադրենք, 58 հազար, թե 63 հազար դրամ: Եվ նրանք վստահաբար կգտնեն, թե ինչի վրա են ծախսելու հավելյալ գումարը: Կասկածել թոշակառուներին, որ նրանք իրենց փողերը սխալ են ծախսելու, ինչպես որ անում էր Փաշինյանը՝ ցինիզմի բարձրակետն է: Բացի ամեն ինչից, դա, ի վերջո, ամեն մեկի անձնական գործն է:

Կառավարությանը պետք է մեղադրել մեկ այլ բանում: Երբ հաստատվում էր 2026 թվականի բյուջեն, վարչապետն ասաց, որ թոշակները թեկուզ հազար դրամով բարձրացնելը բյուջեի վրա կնստի միլիարդավոր դրամներ: Հետեւաբար, ենթադրելի է, որ կառավարությունը որոշակի հաշվարկներ էր կատարել եւ եկել եզրակացության, որ կենսաթոշակները բարձրացնելն այս պահին նպատակահարմար չէ:

Բայց, ինչպես տեսնում ենք, նախընտրական պայքարը ՔՊ-ի համար բարենպաստ հունով չի ծավալվում, եւ նրանք լրջորեն մտահոգված են իրենց աթոռների համար: Վկայություններից մեկը՝ ԵՄ-ին SOS ազդանշաններ ուղարկելն է՝ եկեք փրկեք, պուտինյան քարոզչությունը մեզ խեղդում է: (Հայտնի է, որ ցանկացած ընդդիմադիրի նրանք «Ռուսաստանի գործակալ» են հռչակում): Դե, Բրյուսելի չինովնիկների փխրուն սիրտը նման աղիողորմ կոչերին չի դիմանում՝ օգնում են ՔՊ-ի վերարտադրությանը թե՛ փողով, թե՛ «մարդուժով»:

Նման պայմաններում, երբ ՔՊ-ականների աթոռներին լուրջ վտանգ է սպառնում, պետք է նաեւ ներքին կյանքում նույնպես ինչ-որ պոպուլիստական քայլերի դիմել: Եվ հիմա ստացվում է, որ միլիարդավոր դրամների որեւէ հաշվարկ չի արվել կամ այդ հաշվարկները կարեւոր չեն՝ աթոռներ պահելու հետ համեմատ: Բյուջեով չնախատեսված ծախսերն արվելու են նախընտրական տրամաբանության շրջանակներում:

Որտեղի՞ց են վերցնելու այդ միլիարդները: Սեփական պարգեւավճարները, բնականաբար, չեն կրճատելու: Որոշակի կասկածներ ունեմ, որ ստիպված կլինեն էլի պարտք վերցնել: Նրանց երեւակայությունն ու հմտություններն այլ բանի չեն հերիքում:

…Հետաքրքիր է, «Վեոլիա ջուրը» հաշվարկներ արե՞լ էր, երբ հայտարարել էր ջրամատակարարման ժամերի կրճատման մասին: Եվ արդյո՞ք համաձայնեցրել էր իր հայտարարությունը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728