Լրահոս
Օրվա լրահոսը

Սումգայիթ․ հրաշքով ողջ մնացած մի կնոջ պատմություն. «Ապառաժ»

Փետրվար 27,2026 12:55

1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպվեց և իրականացվեց հայ ազգաբնակչության զանգվածային կոտորած, որն ուղեկցվում էր առանձնակի դաժանությամբ՝ խոշտանգումներ, ողջ ու սպանված մարդկանց հրկիզում, խեղումներ, բռնաբարություններ: Միայն հայ լինելու համար Սումգայիթի 18 հազարանոց հայությունը ենթարկվեց բռնությունների… 1988 թվականի փետրվարի 27-ը դարձավ հայ ժողովրդի պատմության հերթական արյունալի էջը:

Ռուզաննա Ավագյանն առաջին անգամ փախստականի ցավն զգացել է 1988-ի փետրվարին, երբ Սումգայիթում սկսվել էր հայ բնակչության բնաջնջման ու արտաքսման ծրագիրը, և թշնամու ճիրաններից փրկված հայությունը բռնել է տեղահանության ճանապարհը։

Նա պատմում է սումգայիթյան դեպքերի մասին
-Ծնվել ու մեծացել եմ Սումգայիթ քաղաքում։ Ծնողներս հարգված մարդիկ էին։ Հայրս ինժեներ էր, մայրս գործարաններից մեկում բրիգադիր էր աշխատում։ Այդ ժամանակ ես աշխատում էի պրոֆտեխուսումնարանում, միաժամանակ հեռակա սովորում Կազանի պետական համալսարանում։ Փետրվարի 20-ին մենք լսեցինք, որ Արցախում մեծ շարժում է սկսվել։ Հորեղբայրս եկել էր Սումգայիթ ու պատմեց, որ ստորագրահավաքներ են սկսվել, միտինգներ են կազմակերպվում։ Հիշում եմ, որ քույրս ասաց հորեղբորս՝ մեզ՝ Ադրբեջանի բնակավայրերում ապրողներիս համար շատ վատ է լինելու։ Մի քանի օր անց սկսվեց սարսափելին։ Փետրվարի 26-ին ադրբեջանցիներն արդեն մեկ-մեկ մտնում էին հայերի տները, ծեծի ենթարկում մարդկանց, իսկ հաջորդ օրը նրանք սկսեցին մեծ հանրահավաքներ անել՝ պահանջելով դատաստան տեսնել հայության հետ։ Այդ օրը ես հիվանդ էի ու աշխատանքի չէի գնացել։ Քույրս զանգեց ու խնդրեց իր հետ ատամնաբույժի մոտ գնալ։ Համաձայնեցի ու միասին գնացինք։

Երբ բժշկի մոտից դուրս եկանք, քույրս ասաց՝ մեր ճանապարհները տարբեր են, ո՞նց ես մենակ տուն գնալու։ Պատասխանեցի, որ չանհանգստանա, կգնամ։ Չէի պատկերացնում, որ իմ ծննդավայրում կարող է վտանգված լինել իմ կյանքը։ Տունդարձի ճանապարհին հանկարծ լսում եմ, որ մեկը կանչում է, բայց ադրբեջանական անունով։ Ծանոթ տղա էր՝ մայրը ռուս էր, հայրը՝ ադրբեջանցի։ Մոտենում եմ․ տղան հորդորում է հարցեր չտալ, իր հետ անձայն քայլել։ Այդ պահին նկատում եմ, որ դիմացից մեծ ամբոխ է առաջ գալիս։ Կոչեր էին անում, հայերին վարքաբեկում։ Ու իմ աչքի առաջ նրանք հարձակվում են մի հայի վրա, ով չէր հասցրել թաքնվել։ Անխնա ծեծի են ենթարկում։ Մղկտալով անցա ամբոխի մոտով, չէի կարող բացահայտվել։ Ադրբեջանցի տղան ինձ ուղեկցեց մինչև տուն՝ փրկելով կյանքս։

Փետրվարի 28-ին մեր տուն եկավ իմ գործընկեր մի աղջիկ ու տեղեկացրեց, որ տնօրենությունից պահանջել են հայերի ցուցակները, սակայն մեր տնօրենը իմ տվյալները չի ներկայացրել։ Գործընկերս եկել էր զգուշացնելու, որ չգնամ աշխատանքի և, առհասարակ, զգույշ լինեմ։ Նրան ճանապարհեցի ու եկա տուն։ Հայրս էլ էր տանը։ Նա մի կերպ էր կարողացել տուն դառնալ՝ ականատես լինելով 3-րդ միկրոշրջանում կատարվող ահասարսուռ դեպքերին։ Հանկարծ մեր շենքի մոտ մի բեռնատար ավտոմեքենա կանգնեց, որի մեջ մոտ 100 ադրբեջանցի կլինեին։ Նրանք գոռում-գոչում էին, և մենք լսում էինք, որ ինչ որ մեկն ասում էր՝ այս շենքում արդեն հայ չկա, նրանք տեղափոխվել են։ Այդ պահին մեր դռան մոտ ձայներ լսեցինք։ Հետո իմացանք, որ մեր մոտիկ հարևանը հանում էր դռանը փակցված հայկական մեր ազգանվան ցուցանակը։

Այսօրվա պես հիշում եմ․ հայրս կանգնած էր գունատ դեմքով, կացինը ձեռքին։ Տատիկս, մայրս ու ես արդեն գիտակցում էինք, թե ինչ է մեզ սպասվում։ Հորս ասացի՝ եթե մտնեն մեր տուն, անմիջապես սպանիր ինձ։ Նա երկար նայեց ինձ ու ասաց դողացող ձայնով՝ ես չեմ կարող սպանել իմ երեխային, բայց դու գիտես քո անելիքը ու նայեց դեպի պատշգամբը․ մենք բնակվում էինք 5-րդ հարկում․․․ Հասկացա հայրիկիս ու անխոս դուրս եկա պատշգամբ։ Պատրաստ էի ցած նետվել, միայն թե չընկնեմ թշնամու ձեռքը։ Այն, ինչ տեսա մեր պատշգամբից, ահավոր էր։ Խառնամբոխը, համոզվելով, որ մենք արդեն շենքում չենք, հայտնվել էր դիմացի շենքի մոտ։ Պատշգամբներից ինչ որ բաներ էին թափվում։ Հասկացա, որ մտել են հայերի տներն ու շպրտում են նրանց իրերը։ Սարսափով տեսա, թե ինչպես են քարշ տալով հանում հայ աղջկա, որին լրիվ մերկացրել ու ծաղրուծանակի էին ենթարկում։ Անունը Օլգա էր․․․ Ամենավերջին բառերն ասելով նրան նստեցրին բեռնատարի վրա, կապեցին պարաններով՝ իբր հարսանեկան տիկնիկ ու քշեցին մեքենան։ Հետագայում լսեցինք, որ նրան հասցրել են 4-րդ թաղամաս, մի թեյարանում խմբակային բռնաբարել, մարմինը վառել ծխախոտով։ Աղջիկը փրկվել է միայն մի ռուս սպայի շնորհիվ, որն անցնում էր այդ տարածքով։ Թե ինչպես է դասավորվել նրա ճակատագիրը, հայտնի չէ ինձ։ Նման դեպքեր շատ-շատ են եղել։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728