Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Հակոբկոխյանի՝ մրցակցին հասցված ուժգին հարվածը դաստակի վնասվածքի պատճառ է դարձել

Փետրվար 27,2026 15:50

Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի 77-րդ միջազգային մրցաշարը թեւակոխել է եզրափակիչ փուլ։ Հայտնի են դառնում ըստ քաշային կարգերի մրցանակակիրները, որոնք այսուհետեւ պայքարելու են պատվո պատվանդանին հնարավորինս ավելի բարձր տեղ զբաղեցնելու համար։

Հայաստանից առաջին մեդալն ապահովել է 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, որը վաղը կայանալիք իր նախավերջին մենամարտում փորձելու է մտնել եզրափակիչ։

Այսօր քառորդ եզրափակչում հանդես են գալու Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամներ, 50 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, որի մրցակիցը ադրբեջանցի է, եւ 75 կգ քաշային Մարատ Միքայելյանը, որի դեմ ռինգ է մտնելու Իտալիայի ներկայացուցիչ Գաբրիել Գուիդին։

Սոֆիայում մեկնարկային մենամարտում տպավորիչ հաղթանակ տոնելուց հետո հայ մարզասերը սպասում էր երիտասարդականից մեծահասակների տարիքային խումբ տեղափոխված ու օրերս Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճած 70 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանի երկրորդ մենամարտին: Սակայն նա քառորդ եզրափակչում այդպես էլ ռինգ չմտավ։

Aravot.am-ը կապ հաստատեց Հարությունի հոր, նրա անձնական մարզիչ, լեգենդար Իսրայել Հակոբկոխյանի հետ, որը տեղեկացրեց, որ Սոֆիայում առաջին ու իր միակ մենամարտի ժամանակ մրցակցին հասցրած ուժգին հարվածի հետեւանքով ըստ բժիշկների նախնական եզրակացության Հարությունը դաստակի հատվածում ոսկորի ճաք է ստացել։ Դրա համար էլ որոշում է կայացվել, որ Հարությունը չի շարունակի պայքարը, որովհետեւ մարզիկի առողջությունը առաջնային է։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728