«Շտապեմ ձեր մտահոգությունը փարատել և հայտնել` ծախսը, որով նախատեսված է կատարել, գնահատված է, ֆինանսները տեսանելի են, և որևէ ֆիսկալ ռիսկ այս առումով ֆինանսների նախարարությունը չի տեսնում։ Չֆինանսավորելու ռիսկ չի լինելու, ֆինանսավորման աղբյուրները հայտնի են՝ դրանք են հավաքագրվող հարկերը, ոչ հարկային եկամուտները»,- լրագրողների մտահոգությանը՝ արդյոք հաշվարկվա՞ծ են ծախսերը, կարողանալո՞ւ եք կայուն բյուջե ապահովել, որ այնպես չլինի՝ թոշակների բարձրացումը ընտրություններից հետո ժողովրդի «վրա թանկ նստի» հարկային բեռի ավելացման տեսքով, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։
Լրագրողների դիտարկմանը՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ երեք ամիս առաջ թոշակների բարձրացում հնարավոր չէր, բայց ընտրությունների նախօրյակին հնարավորություն ստեղծվեց, Արման Պողոսյանն այսպես արձագանքեց․ «Երեք ամիս առաջ դեռ ամփոփված չէր 2025-ի տնտեսական աճի ցուցանիշը, որը ուղիղ կապ ունի հարկման բազայի հետ, և կենսաթոշակների ավելացման հնարավորությունն ուղիղ կապված է երկրի ֆիսկալ տարածքի հետ, որքան հարկային, տնտեսական ակտիվություն է կարողացել գեներացնել երկիրը և ինչ ծախսերի հնարավորություն է տալիս։ 2025-ի արդյունքների ամփոփմամբ՝ այս հնարավորությունը գտնվել է․ ֆիսկալ տարածք է ազատվել․ 2026-ի բյուջեում կլինեն համապատասխան փոփոխություններ։ Բնականաբար, ծախսերը գնահատվել են, կայուն, կանխատեսելի ֆիսկալ տարածք կա այս հարցը հօգուտ մեր թոշակառուների լուծելու»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

















































