«Կեղծիք է, որ պատերազմը կանգնել է, մարտի դաշտում պատերազմը ընդամենը ոլորտներից մեկն է։ Պատերազմ է ընթանում նաև տեղեկատվական և տնտեսական դաշտում։ Պատերազմի մյուս կողմը՝ շահառուները, խնդիր են դրել ՀՀ-ն լուծարել»,- Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի դիմաց անցկացված «Ո′չ Արևմտյան Ադրբեջանին» խորագրով բողոքի ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Ըստ փորձագետի՝ օգտագործելով մարտի դաշտում տարած հաղթանակը, տեղեկատվական ու տնտեսական դաշտում ունենալով ՀՀ-ի նկատմամբ բացարձակ առավելություն՝ մյուս կողմում նպատակ ունեն ռուսական տնտեսական տիրույթից ՀՀ-ին բերել թուրքական տնտեսական տիրույթ և վերջնարդյունքում պայմաններ թելադրել․ «Իսկ պայմանները մեզ համար լավագույն դեպքում Հայաստան և արևմտյան Ադրբեջան միացյալ պետությունն է, վատագույն դեպքում այս տարածքում հայկական պետություն չպետք է լինի։ Դրա մասին չբարձրաձայնել, նշանակում է, որ մեր ժողովուրդը վաղը լուրջ փորձության առաջ կկանգնի»։
Հայկ Նահապետյանը, զուգահեռ անցկացնելով 90-ականների իրավիճակի հետ, նշեց․ «Ինչո՞ւ 90-ականներին կարողացանք հաղթել, որովհետև իրավիճակը համարժեք էինք գնահատում, կամային կենտրոններ, կամք կար, այդ կենտրոնները կարողացան ժողովրդին կազմակերպել։ Այժմ իրավիճակը համարժեք չի գնահատվում, և կամային կենտրոնը, որը պիտի լինի իշխանությունը, չկա։ Ինձ հետաքրքրում է՝ Երասխից, եթե տանկերը մտնում են Երևան, Փաշինյանը ՄԱԿ-ի ԱԽ-ին է դիմելո՞ւ, ասելու՝ տանկերը Երևան են մտնում։ Լո՞ւրջ եք ասում»։
Կարդացեք նաև
«Ո′չ Արևմտյան Ադրբեջանին» խորագրով բողոքի ցույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































