-Սահմանադրական կարգի տապալման հետ ես որեւէ առնչություն չունեմ, մանավանդ որ Սահմանադրական դատարանը, հոդվածը նկատի ունեմ, 78,79 հոդվածների համաձայն ճանաչել է այն անվավեր,- այսօր Հակակոռուպցիոն դատարանում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով նիստում հայտարարեց այս գործով մեղադրյալ, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Օհանյանը նաեւ ասաց, որ միանում է պաշտպանի ներկայացրած միջնորդությանը՝ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ. «Ես գտնում եմ՝ այսօր մեղադրյալ չեմ, չեմ ընդունում մեղադրանքը, առավել եւս, որ ՀՀ Զինված ուժերը, նրա կազմում գլխավոր շտաբի պետը գործել են բացառապես այն նպատակով, որ կարողանան հանրապետության մայրաքաղաքում պաշտպանեն այն կարեւոր օբյեկտները, որոնք գտնվում էին ոչ խաղաղ ցուցարարների ազդեցության տակ»:
Հիշեցնենք, որ այս գործով 4 նախկին բարձրաստիճան պաշտոնյաները՝ Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը, Արմեն Գեւորգյանը եւ Սեյրան Օհանյանը 2018 թվականից մեղադրվում էին 2008-ի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու կամ դրան օժանդակելու մեջ։
Կարդացեք նաև
2021 թվականին, Սահմանադրական դատարանը որոշեց, որ նրանց վերագրվող 300․1 հոդվածը հակասահմանադրական է։ Դրանից հետո 4 ամբաստանյալների պաշտպանները միջնորդեցին իրենց պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել հանցակազմի բացակայության հիմքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց վերագրվող հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական։ Դատավոր Աննա Դանիբեկյանը կարճեց գործի վարույթը, սակայն դատախազությունը իր բողոքներով հասավ մինչեւ Վճռաբեկ դատարան եւ 2024 թվականի սեպտեմբերի 12-ին Վճռաբեկ դատարանը որոշեց բեկանել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործը կարճելու դատական ակտը, գործն ուղարկել Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































