4 տարի անց վերջապես արդարությունը վերականգնվեց, սա պայքար էր ոչ միայն տուժողի խախտված իրավունքների համար, այլ խոշտանգումներից զերծ Հայաստան ունենալու համար, քանզի 2015 թ.-ից խոշտանգման քրեականացումից հետո սա երկրորդ մեղադրական դատավճիռն է խոշտանգման գործերով։
Վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ՝ Մարաբյանի, դատավորներ Ազարյանի եւ Վարդանյանի) որոշում կայացրեց իմ եւ ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Վարդգես Սարգսյանի վերաքննիչ բողոքները բավարարելու մասին։
Ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցանք (խոշտանգում) կատարելու մեջ, եւ նրա նկատմամբ նշանակվեց պատիժ՝ 7 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում։
Հիշեցնեմ, որ Արմեն Հովհաննիսյանը մեղադրվում էր այն բանի համար, որ 2018 թ. խոշտանգման է ենթարկել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող կալանավոր Արմեն Աղաջանյանին («Առավոտը» բազմիցս լուսաբանել է այս գործը-խմբ)։
Կարդացեք նաև
Վերջապես կարողացանք սառույցը կոտրել: Սրանով ճանապարհ է բացվում մնացած խոշտանգման գործերի համար, ի վերջո հիշեցնեմ՝ Աղաջանյանի գործով Վճռաբեկ դատարանը կայացրել էր աննախադեպ որոշում, որի արդյունքում այսօր վերաքննիչ դատարանը կայացրեց մեղադրական որոշում:
ԱՐԱ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ
փաստաբան
«Առավոտ» օրաթերթ
27.02.2026թ.


















































