1988-ի մայիսի 28-ին ԱԻՄ կազմակերպած ցույցը Օպերայի հրապարակում
Սկիզբը՝ «Առավոտի»20.02.2026-ի համարում
Ի՞նչ դրսեւորումներ ունեին քաղաքական հետապնդումները Հայաստանում՝ 1980-ականների վերջի, 1990-ականների սկզբի պատմական-անցումային շրջանում, երբ ազգային-ազատագրական շարժման գաղափարները բախվեցին նախկին խորհրդային համակարգի ժառանգությանը։
Կարդացեք նաև
«Քաղաքային իշխանության ներկայացուցիչները հատուկ ծառայության աշխատակիցների հետ միասին խուժում են հարթակ՝ արգելելու միտինգի շարունակումը եւ սկսում են պոկել շենքի պատերին ամրացված եռագույն դրոշները։ Դրոշներից մեկը, որը բավականին բարձր էր ամրացված, չկարողանալով պոկել, իշխանության ներկայացուցիչը դիմում է Տիգրան Պասկեւիչյանին, որպես բարձրահասակ երիտասարդ, որ դրոշը պոկի, Տիգրանը ձեռքը մեկնում է դրոշին, փորձում է շարժել, ձեռքը իջեցնում է եւ ասում, որ արմատներն արդեն շատ խորն են գնացել, չի պոկվում»,- 1988 թվականի մայիսի 28-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնման 70-ամյակը նշելու եւ եռագույն դրոշը պարզելու նպատակով, Օպերայի հրապարակում «Ազգային ինքնորոշում միավորման» ցույցից այդ դրվագը «Առավոտի» հետ զրույցում հիշեց 1990-95 թվականներին Գերագույն խորհրդի պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը։
«Այդ միտինգով սկսվեց Հայաստանի անկախության վերականգնման գործընթացը։ Ընդամենը ամիսներ հետո եռագույն դրոշը դարձավ հանրության համար ընկալելի, իսկ երկու տարի հետո համազգային շարժումը, այդ թվում նաեւ անկախության առաջամարտիկները ընտրությունների միջոցով եկան իշխանության եւ վերականգնեցին Հայաստանի անկախությունն ու ազատագրեցին Արցախը, եւ փաստացի վերամիավորեցին Մայր Հայրենիքին, եւ մեր երկրում հաստատվեց ժողովրդավարություն»,- անցյալի իրադարձություններն այսպես է նկարագրում մեր զրուցակիցը։ Իր գնահատմամբ, 1990-ականների առաջին կեսը պետականաշինության ժամանակաշրջան էր, Հայաստանում քաղաքական հայացքների համար այլեւս հետապնդումներն անցյալում էին։
«Սակայն 1995 թվականի խորհրդարանական ընտրությունները եւ առանձնապես 96 թվականի նախագահական ընտրությունները Հայաստանը կրկին նետեցին նախորդ ժամանակաշրջանները, երբ ընդդիմադիր ուժերին եւ մարդկանց տարբեր քրեական հոդվածներով, իրականում քաղաքական նպատակներով սկսեցին հալածել եւ բանտարկել։ Դեռեւս չարմատավորված ժողովրդավարությունը տեղի տվեց։ Իշխանությունը պահելու գայթակղությունը հաղթեց ավանդույթ չդարձած ժողովրդավարությանը։ Այդ արատավոր երեւույթը էլ ավելի խորացավ 2003 թվականի ընտրություններից հետո, եւ իր առավելագույն բացասական դրսեւորումներին հասավ 2008 թվականի ընտրությունների ժամանակ եւ հետընտրական գործընթացներում, երբ հարյուրավոր ընդդիմադիր գործիչներ բանտարկվեցին, իսկ շատերը լքեցին Հայաստանը, որպեսզի չբանտարկվեն»,- ասում է Մեխակ Գաբրիելյանը։
Ներկայումս Հայաստանում քաղաքական բռնաճնշումներն ու հետապնդումները, մեր զրուցակցի կարծիքով, այնպիսի չափերի եւ լկտիության են հասել, որ նույնիսկ դրանց մասին խոսելը անիմաստ է դառնում. «Ո՞վ կարող էր պատկերացնել, որ ազատ խոսքի համար կարող են քաղաքական գործչին, լրագրողին, գործարարին՝ մեր եկեղեցու կողքը լինելու համար, իսկ որ ամենասարսափելին է՝ հոգեւորականին, այդ թվում՝ արքեպիսկոպոսների, եպիսկոպոսի ու քահանաների ձերբակալեն։ Սա այլեւս քաղաքական ահաբեկչություն է՝ իշխանությանն այլակարծիք բոլորի նկատմամբ։ Հայաստանի կառավարությունը վեր է ածվել ահաբեկչական կազմակերպության սեփական ժողովրդի նկատմամբ, երբ պետության ղեկին նստած առաջին դեմքի եւ նրա կառավարության անդամների եւ թիմակիցների կողմից նսեմացվում է հայ ժողովուրդը, նրա արժանապատվությունը, նրա հազարամյակների տարածքները վերագրում են նվաճողին, մասնակից են դառնում պետության մի մասում՝ Արցախում կատարված ցեղասպանությանն ու մշակութային ժառանգության ոչնչացմանը, սրբագրում են Հայոց պատմությունը, հոգեւորականներին թիրախավորելու անվան տակ պայքարում են հայ ժողովրդի ինքնության՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ Ահաբակչության գագաթնակետ կարելի է համարել ներխուժելը սուրբ եկեղեցի եւ կարգալույծ եղածի ձեռամբ «պատարագ» մատուցելը եւ պղծելը Աստուծու տունը։ Ամենայն պատասխանատվությամբ կարելի է հայտարարել, որ Հայոց իշխանության աթոռը զավթված է թշնամու դրածոներով։ Իսկ այդպիսի դրածոները, բնականաբար, պետք է հալածեն ժողովրդին եւ անարգեն նրա սրբությունները»։
Խոսելով ԽՍՀՄ շրջանում ներհայաստանյան զարգացումների մասին, Մեխակ Գաբրիելյանը տեղին է համարում հիշել մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի միտքը. «Հայաստանում մտավորականության շրջանում ձեւավորվել է երկու շերտ, մեկը կոսմոպոլիտ, աշխարհաքաղաքացի, մյուսը ազգայնական, ուղն ու ծուծով ավանդապաշտ, նույնիսկ գրաբարի վերականգնման ջատագով։ Այս երկուսը մի օր իրար փոր են թափելու»։ Կարծում է, Իսահակյանն այս մտքին հանգել էր՝ ժողովրդի էությունը խորապես իմանալով եւ կանխատեսելով առաջիկա տարիների ազգային զարթոնքը։
«Եվ ընդամենը տարիներ հետո Հայաստանում տեղի է ունենում առաջին ընդվզումը՝ հայ ժողովրդի նկատմամբ կատարված անարդարության դեմ։ 1965 թվականին Հայաստանի իշխանությունը Օպերայի դահլիճում փորձում է նշել ցեղասպանության 50-ամյա տարելիցի հիշատակության օրը։ Եվ տասնյակ հազարավոր Իսահակյանի նշած ազգայնական հայեր հավաքվում են Օպերայի հրապարակում՝ իրենց բողոքը արտահայտելու ցեղասպանության դեմ եւ մեր հողերի վերադարձի պահանջներ ներկայացնում։ Բնականաբար, տեղի են ունենում բանտարկություններ եւ դատավարություններ։ Խորհրդային բռնամեքենան մտնում է ի դերի մեջ։ Հայոց ազատագրական պայքարի 20-րդ դարի երկրորդ կեսի պատմությունը սկսվում է պատմության մեջ հայտնի առաջին դատավարությամբ, որպես յոթ հայրենասերների դատավարություն, որոնց մեջ էր նաեւ Հայաստանի անկախությունը տարիներ հետո կերտողներից մեկը՝ Խաչիկ Սաֆարյանը, մի ազնվագույն հայ մարդ՝ Գերագույն Խորհրդի պատգամավոր (1990-1995)։ Այդ ժամանակ է, որ բանտային մեկուսարանում իրար են հանդիպում նաեւ երեք ընտրագույն հայորդիներ՝ Հայկազ Խաչատրյանը, Ստեփան Զատիկյանը եւ Շահեն Հարությունյանը, որոնք էլ հիմնադրում են Ազգային միացյալ կուսակցություն (ԱՄԿ) քաղաքական կազմակերպությունը, որը դարձավ կենսունակ կուսակցություն, այն ժամանակներում աներեւակայելի մի իրադարձություն, երբ ընդհատակում գործող քաղաքական կազմակերպությունը հարյուրավոր անդամներ ուներ։ Որի նպատակն էր Հայաստանի անկախության վերականգնումը։
Բնականաբար, խորհրդային ամենատես հատուկ ծառայությունը չէր կարող աչքաթող անել նման «անընդունելի» երեւույթը, եւ ԱՄԿ հարյուրավոր անդամներ 60-ականների վերջերից սկսած՝ առ 80-ական թվականները դատապարտվեցին եւ քշվեցին Սիբիրի խորհրդային բանտեր։ Մի շարք ԱՄԿ-ականներ կեղծ մեղադրանքով մահապատժի ենթարկվեցին, մի շարք էլ զոհվեցին բանտերում, իսկ մի մասն էլ բանտերում ձեռք բերած հիվանդությունների հետեւանքով կարճ կյանք ունեցան»,- անցյալ դարի իրադարձություններն է հիշում մեր զրուցակիցը՝ հավելելով՝ երբ մի փոքր լույս է բացվում, հայ ժողովուրդը իր ազատատենչ ոգին անմիջապես ի ցույց է դնում եւ սկսում է ազատագրական պայքարը։ Այդպես եղավ խորհրդային միության գոյության վերջին քսանհինգ տարիներին։
Մեխակ Գաբրիելյանը շատ ուսանելի է համարում ԱՄԿ հետեւողական պայքարը Հայաստանի անկախության վերականգնման ճանապարհին. «Քանի որ խորհրդային միությունում 1980-ականների երկրորդ կեսից սկսած նոր իրավիճակ էր ստեղծվել, ելնելով դրանից, ԱՄԿ մի շարք անդամներ Պարույր Հայրիկյանի գլխավորությամբ փոխում են պայքարի մարտավարությունը։ 1987 թվականին հիմնադրում են Ազգային ինքնորոշում միավորում (ԱԻՄ) անվանումով քաղաքական կազմակերպությունը, որը որդեգրում է Հայաստանի անկախացումը հանրաքվեի ճանապարհով ուղեգիծը»։
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Շարունակելի
«Առավոտ» օրաթերթ
27.02.2026թ.



















































