Վերջին երկու օրերի ընթացքում երեք լուր ստացանք ընդդիմադիր դաշտից, որոնք զգուշավոր լավատեսություն են ներշնչում: Առաջինն, իհարկե, «Միասնության թեւեր» եւ «Հայաքվե» քաղաքական ուժերի միավորումն է: Բնականաբար, հիմա իշխանության քարոզիչներն ասելու են, որ նրանց հետեւում կանգնած է Քոչարյանը, եւ այդ դաշինքը Ռուսաստանի հիբրիդային պատերազմի մի մասն է: Բայց, իմ տպավորությամբ, հիմա այդ առասպելաբանությունը հավանական է, որ ազդի միայն առավել մոլորված զանգվածի վրա: Թե ինչ չափի է այդ զանգվածը, դժվարանում եմ ասել, բայց ընդհանուր միտումը, կարծես թե, այն է, որ «հիբրիդային ճաշատեսակն» ականջների վրա կախելը գնալով ավելի դժվար է դառնում:
Երկրորդը «Հայրենիք» կուսակցության որոշումն է՝ չմասնակցել ընտրություններին, որպեսզի անհարկի մրցակցության պատճառով ձայները չփոշիանան: Ճիշտն ասած, շփվելով Արթուր Վանեցյանի հետ դեռեւս իր պաշտոնավարման ժամանակ (հարցազրույց էի վերցրել), ես համոզվեցի, որ նա սպա է՝ այդ բառի լավագույն իմաստով: Մեր պետության ամենահրատապ խնդիրն այսօր ոչ ադեկվատ ղեկավարից ազատվելն է: Մնացած դասավորումները եւ վերադասավորումները պետք է թողնել հետագայի համար:
Երրորդ դրական լուրը Սերժ Սարգսյանի ակնարկն է այն մասին, որ պետք է դեռ մտածել, թե ինչն է ավելի շահեկան այս՝ իշխանափոխության օրակարգի համար՝ պայքարել մի քանի մանդատի համար, թե հնարավորություն տալ հաղթելու շանսեր ունեցող ուժերին: Թեեւ ՀՀԿ-ն դեռեւս վերջնական որոշում չի ընդունել, բայց ինքը՝ տրամաբանությունը, կարծում եմ, ճիշտ է:
Չառաջադրվելը, բնականաբար, չի նշանակում հրաժարվել քաղաքական պայքարից, որի էությունը չի կարող հանգել մանդատների համար կռվի: Հայաստանը հիմա այն վիճակում է գտնվում, որ պատասխանատու գործիչները չպիտի մտածեն մանդատների մասին: Երբ Հայաստանում ընդունվի Ալիեւի սահմանադրությունը, իսկ այնուհետեւ իրականացվի «Արեւմտյան Ադրբեջան» ծրագիրը, որեւէ նշանակություն չի ունենա, թե ով քանի մանդատ ունի:
Կարդացեք նաև
…Դեռեւս հույսս չեմ կորցրել, որ Ռոբերտ Քոչարյանը նույնպես կընդունի պատասխանատու որոշում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


















































