Փաշինյանը, հավանաբար, մտածում է՝ ընտրողը մոռացել է 2021 թվականի իր ու իր խմբակի խոստումները եւ հույս ունի, որ այս անգամ էլ, մոլորեցնելով ընտրողին, կարող է երրորդ ժամկետում վերարտադրվել։
Իսկ ի՞նչ էր նա խոստանում հինգ տարի առաջ` 2021-ի հունիսի 20-ի ընտրությունների նախօրեին։ ՔՊ-ն իր նախընտրական ծրագրում ամենաշռայլ խոստումները տալիս էր Արցախի մասով` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում, Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորում, Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիա, Արցախի հայերի իրավունքների ապահովմամբ` հակամարտության կարգավորում: Մինչ այդ էլ, երբ ողջ երկիրը նրա հրաժարականն էր պահանջում, սրտաճմլիկ ելույթներ էր ունենում` իրավիճակը փոխելու 6-ամսյա ժամանակ էր խնդրում եւ ճանապարհային քարտեզ հրապարակում: Խոստանում էր Արցախի բանակցային գործընթացը վերականգնել՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափով, եւ գերի ընկած անձանց շուտափույթ վերադարձնել, անհետ կորածների հարցը լուծել:
«Գերիները մեզ կներեն՝ մի ամիս, երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար»,- քարոզարշավին անամոթաբար հայտարարում էր Փաշինյանը: Այդ 1-2 ամիսն արդեն 5 եւ ավելի տարի է դարձել, որոնց գումարվել են նաեւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները, որոնք արդեն 2․5 տարի է՝ խոշտանգվում են Բաքվում։ Խոստանում էր խաղաղության պայմանագիր կնքել, բայց այն ընդամենը նախաստորագրվել է, Ադրբեջանի նախագահն էլ շարունակ տնային առաջադրանքներ է տալիս Փաշինյանին՝ Սահմանադրությունը փոխել, Հռչակագրից ազատվել, միջազգային հայցերից հրաժարվել եւ այլն։
Փաշինյանի թիմի՝ սոցիալական ոլորտում տված խոստումներն էլ են մնացել թղթի վրա։ «Գործազրկությունն իջեցնել 10%-ից ցածր: Աղքատության մակարդակը նվազեցնել կրկնակի: Կենսաթոշակի միջին չափը 43 հազար 500 դրամից դարձնել 61 հազար դրամ: Նվազագույն կենսաթոշակը 26 հազար 500 դրամից դարձնել 37 հազար դրամ: Նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից դարձնել առնվազն 85 հազար դրամ»,- 2021-ի նախընտրական ծրագրում խոստանում էր Փաշինյանը: Տեսնենք, թե ինչ պատկեր է այժմ՝ պաշտոնական թվերով։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ 2025-ի 3-րդ եռամսյակի տվյալներով, գործազրկության մակարդակը կազմել է 11,8%: Կենսաթոշակի միջին չափը` խոստացված 61 հազարի փոխարեն, կազմում է 49 հազար 32 դրամ։ Նվազագույն կենսաթոշակի չափը միայն 5 տարի անց, այն էլ՝ ճարահատյալ, բարձրացրել են. ապրիլի 1-ից` ընտրություններից 2 ամիս առաջ, մարդիկ 10 հազար ավելի կստանան: Չի կատարվել նաեւ նվազագույն աշխատավարձի չափին վերաբերող խոստումը։ Այժմ նվազագույն աշխատավարձը 75 հազար դրամ է։
Այնպես որ, 2026-ի ընտրություններից առաջ հնչած մեծամեծ խոստումներն էլ նույն ճակատագրին են արժանանալու, եթե մի հրաշքով ՔՊ-ն վերարտադրվի: Բայց իրականություն են դառնալու Ալիեւի «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի, 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակվելու, Տիգրանաշենը վերցնելու եւ Զանգեզուրի միջանցքը ստանալու մասին խոստումները։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում


















































