Լրահոս
Օրվա լրահոսը

Սումգայիթի զոհերի հիշատակը մեզ պարտավորեցնում է հետևողական լինել արդարության վերականգնման և նմանատիպ հանցագործությունների կրկնությունը բացառելու հարցերում. հայտարարություն

Փետրվար 28,2026 12:26

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների հայտարարությունը Ադրբեջանի կողմից կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ

1988 թվականի փետրվարի 27–29-ին Ադրբեջանի ԽՍՀ Սումգայիթ քաղաքում կազմակերպվեցին և իրականացվեցին հայ բնակչության զանգվածային ջարդեր։

Ազգային պատկանելության հիմքով հայերը ենթարկվեցին էթնոցիդի՝ սպանությունների, բռնությունների, խոշտանգումների և բռնի տեղահանության։ Սումգայիթում տեղի ունեցած հանցագործությունները կրել են կազմակերպված և նպատակային բնույթ։ Դրանք դարձան հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող համակարգված քաղաքականության սկիզբը, որը հետագայում արձագանքվեց Կիրովաբադում` 1989թ. և Բաքվում` 1990թ.Ադրբեջանի մյուս հայաշատ բնակավայրերում իրականացված բռնություններով, Մարաղայի` 1992թ.խաղաղ բնակչության կոտորածով և Ադրբեջանի տարածքում հայ բնակչության ամբողջական տեղահանությամբ։

Սումգայիթի հանցագործությունների նկատմամբ պատշաճ իրավական գնահատականի և պատասխանատվության բացակայությունը ձևավորեց անպատժելիության վտանգավոր մթնոլորտ։ Այդ նույն քաղաքականությունն իր նոր դրսևորումը ստացավ Արցախի Հանրապետության դեմ քանիցս սանձազերծված ռազմական ագրեսիաների ընթացքում, որոնք ուղեկցվեցին պատերազմական հանցագործություններով, բնակչության նկատմամբ բռնություններով, համատարած շրջափակմամբ և 2023 թվականին Արցախի հայ բնակչության ամբողջական բռնի տեղահանությամբ։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը`

— խստորեն դատապարտում են ազգային պատկանելության հիմքով իրականացված բռնությունները և հայատյացության պետական խրախուսումը,

— արձանագրում են, որ հայերի նկատմամբ իրականացված զանգվածային բռնությունները, իրենց բնույթով և հետևանքներով, համապատասխանում են միջազգային իրավունքի շրջանակներում սահմանված ծանրագույն հանցագործությունների հատկանիշներին,

— վերահաստատում են, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ և խաթարում տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը,

— կոչ են անում միջազգային հանրությանը և համապատասխան իրավական ու քաղաքական ինստիտուտներին տալ համարժեք իրավաքաղաքական գնահատական՝ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված զանգվածային հանցագործություններին և ապահովել դրանց կազմակերպիչների ու կատարողների պատասխանատվությունը։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը հայտարարում են, որ շարունակելու են հետևողական քաղաքական ուղեգիծ վարել ՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, հայրենի բնակավայրեր անվտանգ և արժանապատիվ վերադարձի և ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման ուղղությամբ։

Սումգայիթի զոհերի հիշատակը մեզ պարտավորեցնում է հետևողական լինել արդարության վերականգնման և նմանատիպ հանցագործությունների կրկնությունը բացառելու հարցերում։

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն

«Միասնական Հայրենիք» խմբակցություն

«Արդարություն» խմբակցություն

«ՀՅ Դաշնակցություն» խմբակցություն

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն

28 փետրվարի, 2026թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728