Փետրվարի 26-ին կոնսերվատորիան հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպան Ն․ Գ․ Ալեսսանդրո Ֆերրանտիին և դեսպանատան պատվիրակությանը։ Աշխատանքային հանդիպման ողջույնի խոսքում ռեկտորի պաշտոնակատար Ծովինար Մովսիսյանը կարևորեց դեսպանատան հետ համագործակցության տասնամյակների պատմությունը՝ ընդգծելով նշանակալի համատեղ նախագծերը, մասնավորապես 2003 թվականին երկու երկրների մշակութային համագործակցության սահմաններում օպերային ստուդիայում իրականացրած Ջ․ Պուչչինիի օպերային «Ջաննի Սկիկի» «Թիկնոց», «Քույր Անժելիկա» մեկ գործողությամբ օպերաների տրիպտիխը, վերջին տարիներին՝ Վ․ Ա․ Մոցարտի «Դոն Ժուանը», Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչը» և այլն։ ԵՊԿ Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Արկադի Ավանեսովը հայտնեց իտալական վեց կոնսերվատորիաների հետ համագործակցության մասին, որոնք ստեղծվել են «Էռասմուս+» ծրագրի շրջանակներում։ Տեղեկացրեց երկու օր առաջ Միլանի կոնսերվատորիայի հետ ստորագրած համագործակցության մասին։ Հավելեց, որ այս օրերին կոնսերվատորիայի հինգ ուսանող կրթական ծրագրով մեկնում են Իտալիա։ Դաշնամուրային ֆակուլտետի դեկան Իրինա Հակոբյանը հայտնեց Տրիեստի կոնսերվատորիայի պրոֆեսոր Ռոբերտո Տուրրինի Roberto Turrin առաջիկա օրերին սպասվող վարպետության և մենահամերգի մասին։
Ն․ Գ․ Ալեսսանդրո Ֆերրանտիին շնորհակալություն հայտնեց ջերմ և մեծահոգի ընդունելության համար։ Երաժշտության սիրահար և հինգ տարեկանից դաշնամուր նվագող, մասնագիտության քաղաքագետ հյուրը մինչև դեսպան նշանակվելը երբեք չէր եղել Հայաստանում։ Ծառայության մեկ տարվա ընթացքում հիացած է մեր երկրի երաժշտական ավանդույթներով։ Վստահ է, որ իտալացիներին ու հայերին միավորող կապերի հիմնասյուներից է արվեստը, քանի որ երաժշտությունը շատ կարևոր տարր է հայ-իտալական հարաբերություններում և դեսպանատան նպատակն է դրանք ավելի խորացնել, ամրապնդել, խթանել։ Դեսպանն անդրադառնալով մեր օրերի աշխարհաքաղաքական մարտահրավերերին, նշեց, որ Հայաստանը վերստին բացահայտում է մի հին, բայց շատ արդիական կապ Եվրոպայի հետ։ «Ի՞նչ է Եվրոպան։ Այն արժեքների, մտածելակերպի, կյանքի տեսլականի համակարգ է, այսինքն մարդ արարածի ձգտում դեպի գոյության ավելի բարձր մակարդակ, այդ պարագայում պետք է ասել, որ Հայաստանը նույնպես Եվրոպա է, քանի որ զգում է հումանիզմի արժեքների մասնիկ լինելը։ Երաժշտության միջոցով հնարավորություն եք ունենում հաղթահարել Եվրոպայի սահմանագծերը։ Հայաստանի և հայ ժողովրդի բնածին ձգտումը դեպի «Եվրոպա» կոչված մեծ տարածք, ընդամենը վերադարձ է դեպի տուն, որտեղից իրականում դուք երբեք չեք էլ դուրս եկել, իսկ Իտալիայի համար վերաբացահայտում է մի բանի, որը զգում ենք»,- ասաց պարոն դեսպանը; Նա վստահ է, որ կոնսերվատորիան մեծագույն աջակցությունն է բերում կամուրջների վերակառուցման գործում։ Ի պատասխան հյուրին, Ծովինար Մովսիսյանն արձագանքեց, որ կոնսերվատորիան փոքր բուհ է, բայց ունի մեծ առավելություն՝ մեր ուսանողները տիրապետում են համամարդկային լեզվին և կարող ենք հասկանալի լինել ու հասկանալ ամբողջ աշխարհին։ Այո, կան սահմանագծեր, բայց ընդհանրությունների շնորհիվ դրանք անտեսանելի են եղել անգամ տասնամյակների ընթացքում եվրոպական մշակույթից ոչ մեր կամքով կտրված լինելու պայմաններում։
«Մեծ ցանկություն ունենք միանալու համընդհանուր փոփոխությունների ընթացքին, հայտնում ենք մեր պատրաստակամությունը մասնակցել դեսպանատան բոլոր նախաձեռնություններին»,- ասաց ռեկտորի պաշտոնակատարը։ Հիշեցրեց, որ կոնսերվատորիայում իտալերենը պարտադիր է ակադեմիական երգեցողություն մասնագիտացմամբ սովորող ուսանողների համար, իսկ վերջին տարիներին գործիքային կատարողների հաճախակի փոխանակման ծրագրերը անհրաժեշտություն են առաջացրել ունենալ նաև իտալերենի ուսուցման արագ դասընթացներ այդպիսի երիտասարդների համար։ Դեսպանը հայտնեց, որ փորձում են խթանել, զարգացնել իտալերենի դասավանդման տարածվածությանը և ուրախ են, որ կոնսերվատորիայում աշխատում է իտալերենի հիանալի դասախոս Մարլենա Շահբազյանը։ Պետք է հավակնոտ լինել՝ իտալերենը տարածելու գործում, և շատ կարևոր գործիք է «Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան կոմիտեն, որի վերակազմակերպման ու նոր կյանք տալուն են ուղղված դեսպանատան աշխատանքները․ կազմակերպվեն դասընթացներ բոլորի համար, ցանկացողներին տրվի ստանալու իտալերենի իմացության պաշտոնական PLIDA սերտիֆիկատ, որի շնորհիվ բազմաթիվ կրթական համալիրների դռներ կբացվեն, օրինակ՝ երաժշտագիտության նոր ֆակուլտետներ։ Աշխատանքներ են տարվում կազմակերպել իտալերենի բարձր մակարդակի դասընթացներ, դրանք օպերային երգիչներին կօգնեն բարելավել և կատարելագործել իրենց լեզվական հնարավորությունները։ «Իտալիան արվեստի երկիր լինելուց բացի, նաև G7-ի անդամ է, մեծ արդյունաբերական երկիր է։ 60 միլիոն բնակչությամբ Իտալիան աշխարհում 4-րդ արտահանող երկիրն է և իտալերենի իմացությունը երիտասարդներին թույլ է տալիս նայել դեպի այդ աշխարհը»,- ընդգծեց մեր հյուրը։
Կարդացեք նաև
Դեսպանը բարձրաձայնեց, որ Իտալիայում գործում է հայագիտության չորս ամբիոն, այժմ Իտալիայի հետ համագործակցության բերրի ժամանակաշրջան է․ օրինակ՝ Իտալիան շատ մեծ աջակցություն է ցուցաբերում, որպեսզի Մխիթարյան միաբանության գրադարանը դառնա ՅՈՒՆԵՍԿՕ-ի համամարդկային արժեք։ «Շարունակենք ստեղծել, խորացնել լայն կամուրջներ, որոնց միջոցով շփան մեջ կլինեն երկու երկրների մշակութային դերակատարները։ Պետք է միշտ հպարտ լինել սեփական պատմությամբ, արմատներով, հոգ տանել այդ ամենի մասին»,-ասաց դեսպան Ն․ Գ․ Ալեսսանդրո Ֆերրանտին։
Պաշտոնական այցին դեսպանին ուղեկցում էին նրա տիկինը՝ Սարունե Լինարտաիտեիի, դեսպանատան մշակութային հարցերով կցորդ Կլաուդիա Ֆորջիոնեն և թարգմանիչ Արամ Մկրյանը։ Հյյուրերի հետ հանդիպմանը ներկա էին ռեկտորի պաշտոնակատար Ծովինար Մովսիսյանը, Գիտական գծով պրոռեկտորի պաշտոնակատար Ռուզաննա Ստեփանյանը, Դաշնամուրային ֆակուլտետի դեկան Իրինա Հակոբյանը, Նվագախմբային ֆակուլտետի դեկան Ռուբեն Սմբատյանը, Վոկալ-տեսական ֆակուլտետի դեկան Ռուբեն Ասատրյանը, Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Արկադի Ավանեսովը, ռեֆերենտ Աննա Հովհաննիսյանը, նաև՝ Հումանիտար ամբիոնի Իտալերենի դասախոս Մարլենա Շահբազյանը։
ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ


















































