«Սումգայիթը պետք է լիներ, որովհետև դրանից առաջ եղել էր Բանանցը։ Խորհրդային տարիներին ցեղասպանությունը հայության դեմ ընթացել է քողարկված։ Իմ ընտանիքը փախել է Բանանցից։ Հանքավայրում հորս առաջ սպանել էին հայ մարդու, ասել էր՝ ի՞նչ արեցիք։ Հետո էլ հորս էին սպառնացել, ասել էին՝ Ավո, լավ մարդ ես, բայց հայ ես»,- Ծիծեռնակաբերդի բարձունքում տեղադրված Սումգայիթում 1988-ի փետրվարի 26-29-ին հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ անցկացված հավաքի ընթացքում՝ նվիրված Սումգայիթում սպանված հայերի հիշատակին, պատմեց «Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանը։
Նա նշեց՝ սա անընդհատ գործընթաց էր, բայց բացահայտվեց 1988-ին․ «Սովետը փլվում էր, թուրքը չհամբերեց, միանգամից հայերին մաքրեց։ Հաճախ են ասում՝ 26 հոգի, մյուսները խոսում են հարյուր հոգու մասին։ Ես մի օր պատահաբար հայտնվեցի Սումգայիթից փախստական ընտանիքում, որը մեր ապիկար իշխանությունների պատճառով մինչ օրս հանրակացարանում է ապրում։ Նրանք պատմում են, որ մարտի 6-7-ի գիշերը իրենց հարևան ադրբեջանցին, որն իրենց պատսպարել էր իր ընտանիքում և որը Սումգայիթի քաղաքային իշխանությունում պաշտոնատար անձ էր, ասում էր՝ էս գիշեր ձեր ազգակիցներին տանում են թաղելու։ Գիշերը միայն Սումգայիթից 20 զիլ խորհրդային ռազմական բեռնատար մեքենա և հինգ Պազ ավտոբուս տարան հայերի մարմնամասեր։ Քաղաքային իշխանությունում աշխատող հարևանն էր ասում՝ Պազերով տանում էին ամբողջական դիակները, բեռնատարներով՝ մարմնամասերը։ Որ սկսում ես ի մի բերել՝ պատահական չէր, որ Բաքվից ջրցան մեքենաները բերում էին և Սումգայիթի արյունոտված ասֆալտը լվանում էին։ Ինչո՞ւ՝ Սումգայիթն իր սեփական ջրցան մեքենաներով չէր կարո՞ղ դա անել, ուրեմն այնտեղ ահավոր բան էր եղել։ Ոնց հաշվում եմ՝ 20 բեռնատար մեքենաների առկայությունը և հինգ Պազերը, դրանց վկայությունները կան, առնվազն 1500 դիակ էին տանում»։
Սումգայիթում սպանված հայերի հիշատակին նվիրված հավաքն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































