Իրանի նախկին միապետի որդին՝ Ռեզա Փահլավին ևս կոչով է հանդես եկել
Իմ սիրելի հայրենակիցներ,
Այս պահերը ճակատագրական են մեզ համար։
ԱՄՆ նախագահի կողմից Իրանի խիզախ ժողովրդին խոստացված աջակցությունն այժմ հասել է։ Սա մարդասիրական միջամտություն է, և դրա թիրախը Իսլամական Հանրապետությունն է՝ իր ճնշիչ ապարատով և կոտորածի մեքենայով, ոչ թե Իրանը՝ որպես երկիր և մեծ ազգ։
Կարդացեք նաև
Սակայն նույնիսկ այս աջակցության պայմաններում վերջնական հաղթանակը պիտի կերտվի մեր ձեռքերով։ Մենք՝ Իրանի ժողովուրդը, ավարտին ենք հասցնելու այս վերջնական պայքարը։ Փողոցներ վերադառնալու ժամանակը մոտ է։
Այժմ, երբ Իսլամական Հանրապետությունը փլուզվում է, իմ ուղերձը երկրի զինված ուժերին, ոստիկանությանը և անվտանգության ծառայություններին հստակ է.
Դուք երդվել եք պաշտպանել Իրանն ու իրանցի ժողովրդին, ոչ թե Իսլամական Հանրապետությունն ու նրա առաջնորդներին։ Ձեր պարտականությունն է պաշտպանել ժողովրդին, այլ ոչ թե մի ռեժիմի, որը բռնաճնշումների և հանցագործությունների միջոցով պատանդ է պահել մեր հայրենիքը։ Միացե՛ք ժողովրդին և օգնե՛ք ապահովել կայուն ու անվտանգ անցումային շրջան։ Հակառակ դեպքում դուք կխորտակվեք Խամենեիի խորտակվող նավի և նրա ռեժիմի հետ միասին։
Եվ իմ ուղերձը Միացյալ Նահանգների նախագահին՝ նախագահ Թրամփին, հետևյալն է.
Իրանի ազնիվ ժողովուրդը, չնայած այս ռեժիմի վայրագ բռնաճնշումներին և կոտորածներին, գրեթե երկու ամիս խիզախորեն կանգուն մնաց։ Այժմ ես խնդրում եմ ձեզ ցուցաբերել առավելագույն զգուշություն՝ խաղաղ բնակչության և իմ հայրենակիցների կյանքերը պահպանելու համար։ Իրանի ժողովուրդը ձեր բնական դաշնակիցն է և ազատ աշխարհի դաշնակիցը, և նա երբեք չի մոռանա ձեր աջակցությունը Իրանի ժամանակակից պատմության ամենադժվար շրջանում։
Իսկ ձեզ՝ իմ սիրելի հայրենակիցներ Իրանում.
Այս զգայուն ժամերին և օրերին առավել քան երբևէ պետք է կենտրոնացած մնանք մեր վերջնական նպատակի վրա՝ Իրանի վերականգնման վրա։
Խնդրում եմ այժմ մնալ ձեր տներում և պահպանել ձեր անվտանգությունն ու ապահովությունը։ Եղե՛ք զգոն և պատրաստ, որպեսզի համապատասխան պահին՝ որի մասին ես ձեզ ճշգրիտ կհայտնեմ, կարողանաք վերադառնալ փողոցներ՝ վերջնական գործողության համար։
Հետևե՛ք իմ ուղերձներին սոցիալական ցանցերով և արբանյակային լրատվամիջոցներով։ Եթե խափանումներ լինեն ինտերնետի և արբանյակային կապի մեջ, ես ձեզ հետ կապը կպահպանեմ ռադիոալիքների միջոցով։
Մենք շատ մոտ ենք վերջնական հաղթանակին։ Ես ցանկանում եմ հնարավորինս շուտ լինել ձեր կողքին, որպեսզի միասին վերադարձնենք և վերակառուցենք Իրանը։


















































