Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր բակը լցվեց սևազգեստ ջարդարարներով, ադրբեջանցիներն անգամ պատուհաններից էին մտնում մեր տներ, գոչում՝ մահ հայերին»․ Սումգայիթում զոհվածի դուստր

Փետրվար 28,2026 15:24

«Փետրվարի 28-ին մեր բակը լցվեց սևազգեստ ջարդարարներով, գոչում էին՝ մահ հայերին»,- Ծիծեռնակաբերդի բարձունքում տեղադրված Սումգայիթում 1988-ի փետրվարի 26-29-ին հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ անցկացված հավաքի ընթացքում՝ նվիրված Սումգայիթում սպանված հայերի հիշատակին, Սումգայիթում հայերի ջարդերը հիշեց Սումգայիթում զոհված Ռաֆիկ Թովմասյանի դուստր Ռուզաննա Թովմասյանը։

Ասաց, որ 1988-ին 10 տարեկան էր, կիրակի էր, երբ սկսվեց իրենց թաղի ջարդը․ «Ջարդերն արդեն սկսվել էին փետրվարի 26-27-ից՝ որպես պատասխան Արցախի հայության արդար պահանջի։ Փետրվարի 20-ին Արցախում որոշում կայացվեց, որ Արցախը սահմանադրական իրավունքի շրջանակներում դուրս գա Ադրբեջանի կազմից և վերամիավորվի մայր Հայաստանին։ Այդ ջարդերը կարելի է հարյուր տոկոսով որակել ՝որպես ցեղասպանություն»։

Այնուհետև հիշեց իրենց ընտանիքի ջարդի պատմությունը․ «Ոչ մեկ չէր պատկերացնում, որ ԽՍՀՄ իշխանության պարագայում հնարավոր էր նման բան տեղի ունենա․ «Բակում ընկերուհիս մոտեցավ ու ասաց՝ հիմա մենք պետք է հայերին  կոտորենք, և Թուրքիան մեզ կօգնի։ Ասաց՝ ձեր հայերը Ղարաբաղ են պահանջում։ Բարձրացա տուն ու հայտնեցի, ոչ մեկ ոչ մի բառ չասաց։ Հայրս տեղյակ էր, գիտեր՝ ինչ էր կատարվում։ Տղամարդիկ սկսել են նախապատրաստվել ինքնապաշտպանության։ Հայրս ու պապս հանեցին մեծ խոհարարական դանակները, հայրս կացին էր հանում, ածխաթթու, ջուր էին տաքացնում։ Հայրս մեզ փակեց լոգասենյակում»։

Ռուզաննա Թովմասյանը պատմեց, թե ինչպես էին ադրբեջանցիներն իրենց դռները ջարդում, անգամ պատուհաններից էին մտնում իրենց տները։ Իր տատիկս ու մայրիկը գտնվում էին ադրբեջանցի հարևանների տանը, նրանց թույլ չէին տվել, որ դուրս գային, որպեսզի ողջ մնային։

Ըստ Ռուզաննա Թովմասյանի՝ ԽՍՀՄ զինվորները ոչ թե երեք ժամով ուշացան, ինչպես Գորբաչովն էր ասում, այլ երեք օրով, երբ արդեն հայերին սպանել էին։ Հիշեց՝ ինչպես արյունլվա էր ընկել պապը․ ինչպես հորը վերջին անգամ տեսավ, հետո ադրբեջանցիներն ինքնապաշտպանության ժամանակ նրան իրենց շենքի մուտքում սպանեցին։ Այնուհետև ասաց․ «Այն, ինչ տեղի ունեցավ Սումգայիթում, նախապես ծրագրված էր ադրբեջանական իշխանության կողմից և գերագույն՝ Մոսկվայի իշխանությունների թողտվության պայմաններում հայ ժողովրդի արցախյան պայքարը կասեցնելու նպատակով»։

Սումգայիթում սպանված հայերի հիշատակին նվիրված հավաքն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728