«Արման Թաթոյանն ու Ավետիք Չալաբյանն իրենց ամբողջ կյանքով մեր պետականությանը և ազգային շահերին նվիրված գնում են առաջ։ Բնականաբար, ես համախոհ եմ»,-«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ծրագրի ներկայացման միջոցառման մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ժողովրդական երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը։
Ըստ ժողովրդական երգչի՝ անցել են ժամանակները, երբ մեր ժողովուրդը խաբվում է։ Հարցին՝ իսկ թոշակների բարձրացումը չի՞ նպաստի, որպեսզի թոշակառուներն այս իշխանություններին քվե տան, և արդյոք դա ընտրակաշառք չէ՞, Արսեն Գրիգորյանը պատասխանեց․ «Իմ ընկալմամբ՝ ամբողջությամբ տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ։ Ինչո՞ւ հիմա։ Բայց սա չի աշխատի, հիմա մեր ժողովրդի արթնացումը սկսված է։ Մարդը չի կարող անընդհատ խաբվել։ Վստահ եմ, որ այս ընտրություններին կհաղթենք մենք՝ այսինքն՝ հայ ժողովուրդը, ովքեր կանգնած են հայ ժողովրդի և հայոց պետականության շահերի կողքին»։
Լրագրողները խնդրեցին որպես երաժիշտ գնահատել Նիկոլ Փաշինյանի՝ թմբուկ զարկելը, Արսեն Գրիգորյանը ձեռնպահ մնաց։ Լրագրողների հակադարձմանը՝ ասում եք՝ ժողովուրդը չի խաբվում, բայց շատերն էին գնացել Վարչաբենդի համերգին, երգիչն արձագանքեց․ «Ովքե՞ր են գնացել, հանրության նայած ի՞նչ հատված և ինչքան, դա չափանիշ չէ։ Միշտ էլ պիտի լինեն մոլորյալներ, հուդաներ, դավաճաններ, բայց կարծում եմ՝ մեր ժողովուրդը ամուր է իր հավատամքով»։
Կարդացեք նաև
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ծրագրի ներկայացման միջոցառումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































