«Այսօր կարծես ՀՀ-ն մոռացել է պատասխան տալը, կարծես մենք դարձել ենք անկարող մեզ պաշտպանելու հարցում։ Մեզ անընդհատ համոզում են, որ ճիշտ է համաձայնելն ու զիջելը։ Դրա անունը դնում են իմաստնություն։ Դա իմաստնություն չէ, դա պարտություն է, գերի լինել է։ Եկել ենք ասելու՝ բավական է՝ մենք դա չենք հանդուրժելու»,-«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ծրագրի ներկայացման միջոցառման ժամանակ հայտարարեց «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։
Նա մտահոգություն հայտնեց․ «Օտար պետության ղեկավարն ասում է՝ պետք է Սահմանադրություն փոխես, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ այո, ադրբեջանական զորքերը մեր նկատմամբ կատարում են հանցանքներ, մեր հայ գերիների նկատմամբ խոշտանգումներ և հետո կեղծ գործերով դատում են մեր մարդկանց, պարտադրում հայցերը հետ քաշել միջազգային դատարաններից, նորից Նիկոլ Փաշինյանն ասում է՝ այո։ Ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ, օկուպացրել մեր տարածքները, ամբողջությամբ բաց աղբյուրներով բացահայտել ենք, որ վերջերս եղել է ադրբեջանական դիրքերի ամրապնդում, նոր դիրքեր ՀՀ տարածքում, որով ամրապնդել են իրենց վերահսկողությունը։ Ամեն օր ամրացման պայմաններում ՀՀ կառավարության գործող ղեկավարը հայտարարում է՝ կխնդրենք նրանց, որ դուրս գան ինչ-որ հանձնաժողովի միջոցով»։
Արման Թաթոյանը հայտարարեց՝ ՀՀ Սահմանադրությունը խաղալիք չէ, անկախության հռչակագիրը մեր պետականության սկիզբն է, մեր պապերի ինքնությունը, մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը․ «Սահմանադրությունը չի կարող վերամշակվել որևէ օտար, այնպիսի պետության պահանջով, որը մեղ ոչնչացնելու նպատակ է հռչակել։ Բայց ունենք վարչապետ, որը ոչ միայն վախենում է ՀՀ բանակը ուժեղացնելուց, այլ ավելին՝ այն թուլացնում է»։
Կարդացեք նաև
Ըստ Արման Թաթոյանի՝ մենք հայտնվել ենք արատավոր շղթայի մեջ, որը ստեղծել է Նիկոլ Փաշինյանը և վամպիրի պես սնվում է նախկինից․ «Մեկն իշխանությունը պահում է ատելության հասնող քննադատությամբ՝ իրենցից նախկիններին ուղղված, հույսով, որ կարժանանա մեր ոխերիմ հարևանների գովեստին, մյուսները փորձում են վերադառնալ՝ խաղալով նոստալգիայի վրա և հետ բերելով մեր ժամանակների գլխավոր սխալներից մեկը՝ պարծենկոտությունը նվիրական հաղթանակից հետո։ Եթե այդ խաղի մեջ մտնում են պաշտոնաթող նախագահները, ստացվում է՝ նրանք աջակցում են Նիկոլ Փաշինյանին և նրան տալիս վերընտրվելու շանսեր։ Այս արատավոր շղթան պետք է կտրվի, այդ շղթայի մասերը նույն զույգի ձախ ու աջ մաշված կոշիկներն են»։
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ծրագրի ներկայացման միջոցառումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































