Լրահոս
Օրվա լրահոսը

Չփախնելով ու զոհվելով` Խամենեին գուցե արել է գլխավոր քայլը, որը կապահովի իշխող թիմի ամրությունը․ Վարուժան Գեղամյան

Մարտ 01,2026 11:35

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ամերիկա-իսրայելական հարվածների արդյունքում երեկ սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդը, ով 1989 թվականից փաստացի գլխավորում էր մեր հարևան պետությունը:

Լուրը պաշտոնապես հաստատված է, Իրանում հայտարարվել է 40-օրյա սուգ:
Այստեղ անհրաժեշտ է նշել, որ Խամենեին հետևողականորեն հանդես էր գալիս այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» դեմ, ինչի մասին պարբերաբար հայտարարում էր Թուրքիան:

Թեև ինքնին Խամենեիի մահը կարևորագույն իրադարձություն է ու անդառնալիորեն փոխելու է Իրանն ու տարածաշրջանը, սակայն այս պահին կա երեք հիմնական հարց.

▪️ո՞վ է փաստացի ղեկավարելու երկիրը,
▪️ինչքա՞ն սահուն ու անցնցում կլինի անցումը իշխանական համակարգի ներսում,
▪️ինչպե՞ս դա կազդի ընթացող պատերազմում Իրանի վճռականության վրա:

Այս հարցերի պատասխանը պարզ կլինի առաջիկա օրերի ընթացքում: Եվս մի պարադոքսալ բան. չփախնելով ու զոհվելով` Խամենեին գուցե արել է գլխավոր քայլը, որը կապահովի իշխող թիմի ամրությունը: Դեռ օրեր առաջ «Նյու Յորք Թայմսի» մի քանի աղբյուր պնդում էին, որ այաթոլլահ Խամենեիի մահվան դեպքում երկիրը փաստացի ղեկավարելու է Ալի Լարիջանին` Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը, ով համարվում է ամենախիստ պահպանողականներից մեկը:

Իսկ մեզ մնում է հուսալ, որ Իրանը կլինի կայուն ու կշարունակի դիմագրավել թշնամիներին (ինչը դեռևս առկա է), հակառակ դեպքում կարող են զարգանալ վատագույն սցենարները:

Տելեգրամում ևս անդրադառնալով Իրանի հոգևոր առաջնորդի սպանությանը՝ Վարուժան Գեղամյանը գրում է․

Այաթոլլահ Խամենեի սպանությունն ունի ևս մեկ համատեքստ՝ մեզ համար գուցե մի փոքր անծանոթ, բայց հարազատ համատեքստ։

Չպետք է մոռանալ, որ տարածաշրջանի տասնյակ միլիոնավոր շիաների համար Խամենեին մարմնավորում էր կրոնական հավատքի լեգիտիմությունը և գաղափարախոսական շարունակականությունը։

Այլ բառերով ասած՝ այաթոլլահ Խամենեի սպանությունը կարող է դուրս գալ աշխարհաքաղաքական ու զուտ ամերիկա-իսրայելա-իրանական հակամարտության սահմաններից ու դառնալ տարածաշրջանային կրոնական նոր հակամարտության պատճառ։ Ազգային անվտանգությունից ավելի սա կարող է վերածվել ինքնության, հավատի ու զոհաբերության խնդրի։ Սրան եթե գումարենք պրոիրանական ռազմական բջիջները Սիրիայից մինչև Եմեն, կունենանք պոտենցիալ մեծ բախումների հավանականության մեծացում։

Մերձավոր Արևելքում, Խամենեի սպանության պես մեծ իրադարձությունները հազվադեպ են ավարտվում բուն կատարված գործողությամբ։ Նման դեպքերը փոխում են ինքնություններ ու արված տասնյակ հաշվարկները կարող են առոչինչ լինել, քանի որ հնարավոր չէ լիարժեք հաշվարկել միլիոնավոր մարդկանց ինքնությանը հարվածելու արձագանքը։

Էնպես որ ոչինչ չի ավարտվել, այլ նոր է սկսվում. մենք ապրում ենք պատմական ժամանակաշրջանում, որտեղ 1991 թ. հետո ստեղծված աշխարհը, որին բոլորս սովոր էինք, այլևս բացառապես հիշողություն է լինելու՝ անկախ նրանից դուր է գալիս դա մեզ, թե ոչ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031