«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր մենք ոգեկոչում ենք Մարտի 1-ի զոհերի հիշատակը՝ նրանց կյանքը, կիսատված ճանապարհը և այն խոր ցավը, որը հետք է թողել մեր հասարակության վրա։
Միաժամանակ հստակ և աներկբա հայտարարում ենք՝ նման ողբերգությունները մեր երկրում այլևս երբեք չպետք է կրկնվեն։ Պետությունը պարտավոր է կանգնել յուրաքանչյուր քաղաքացու կողքին, պաշտպանել նրա կյանքն ու արժանապատվությունը, և որևէ քաղաքական շահագրգռվածություն չի կարող խոչընդոտել այն:
Ողբերգությունից գրեթե երկու տասնամյակ անց դեպքի բոլոր հանգամանքները դեռևս չեն բացահայտվել։
Չնայած գործող իշխանությունների արդեն 8 տարի հնչող հայտարարություններին, թե Մարտի 1-ը «բացահայտված է», արդարությունը չի վերականգնվել, իսկ նրանց անպատասխանատու աշխատանքի հետևանքով հասարակության անվստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ միայն խորացել է։
Կարդացեք նաև
Այս անորոշությունն ու անպատժելիությունը խարխլում են քաղաքացիների վստահությունը պետական ինստիտուտների հանդեպ և սպառնում պետական վստահությանն ամբողջությամբ։
Այն գործողությունները, որոնք արժեցել են մարդկային կյանքեր, պետք է ստանան ամբողջական իրավական և քաղաքական գնահատական, իսկ պատասխանատուները՝ պատժվեն, ոչ թե մնան կիսաբացահայտումների և կիսաճշմարտությունների ստվերում։

















































