Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են երեք օրում սովորել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամները (ֆոտոշարք)

Մարտ 01,2026 14:07

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) օրերս ավարտեց ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների վերապատրաստումը։ Այն մեկնարկել էր հունվարին ու Երեւանի և բոլոր մարզերն ընդգրկող 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները (ԸԸՀ) անցել են եռօրյա վերապատրաստում։ Վերջին վերապատրաստումը Գորիսում էր, որին մասնակցեցին Վայոց ձորի մարզի թիվ 36, Սյունիքի մարզի թիվ 34 ու թիվ 35 ԸԸՀ-ի անդամները։

«Երեք տարբեր հանձնաժողովներով վերապատրաստումները հետաքրքիր են անցնում, մի տեսակ մրցակցային մթնոլորտ է լինում»,-մեզ հետ զրույցում նշեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։ Աշխատարանների օրակարգը հագեցած է՝ ռիսկի ու կոնֆլիկտների կառավարում, էթիկա, կիբեռ անվտանգություն, առաջնորդություն, տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմում, վարչական վարույթ, աղյուսակավորում, արձանագրությունների կազմում եւ այլն։

«Այն ամենը, ինչ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին անհրաժեշտ է իրենց գործառույթները իրականացնելու համար, ինչպես նաեւ իրենց կառավարման, սպասարկման, հաղորդակցություն հմտությունները բարելավելու թեմաներ են»,-ասաց Արմեն Սմբատյանը։ ԿԸՀ քարտուղարը կարեւորում է վերապատրաստումները՝ նշելով, որ ընտրական օրենսդրությունում բավականին փոփոխություններ կան, որոնց պետք է տիրապետել։

Ինչպես Արմեն Սմբատյանը, այնպես էլ մյուս վերապատրաստողները՝  ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը, ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը, ԿԸՀ արտաքին կապերի վարչության պետ Հերմինե Հարությունյանը, վերապատրաստվողների խոսքով, երեք օրվա ընթացքում՝ ոչ մի րոպե չձանձրացրին։

«Հետաքրքիր էր, ինտերակտիվ խաղերով անցկացրին դասընթացը, գործնական առաջադրանքներ էին տալիս, որոնք համատեղ քննարկում էինք։ Առաջին օրը օրակարգին ծանոթանալով՝ թվաց, թե որոշ թեմաներ մեզ պետք չեն, բայց հետո հասկացանք, որ դրանք անհրաժեշտություն էր մեր գործառույթներում։ Իհարկե, թեմաներ կային, որոնց ծանոթ էինք, լավ կլիներ, որ դրանց փոխարեն այլ թեմաներ ընդգրկվեին»,-նշեց  վերապատրաստվողներից մեկը։

Ավելացնենք, որ ծրագիրն իրականացվել է  միջազգային գործընկերների՝ «Ժողովրդավարության եւ ընտրական աջակցության միջազգային ինստիտուտի» («Internatiօnal IDEA»), «Ընտրական համակարգերի միջազգային հաստատության» (IFES Armenia) եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) աջակցությամբ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031