«Նիկոլ Փաշինյանի կողմից տեղի է ունեցել Մարտի մեկի հանցագործության համակարգային պարտակում»,- այսօր «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։
Անդրադառնալով Մարտի մեկի գործի շրջանակներում օրերս Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանին, Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին եւ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի նախկին տեղակալ Հովհաննես Թամամյանին առաջադրված մեղադրանքներին՝ Լեւոն Զուրաբյանն ասաց․ «Ես համարում եմ, որ սրանք նախընտրական ձեւական շոուներ են։ Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ փորձում է հասցեագրել բոլոր մեղադրանքները, որոնք իր առջեւ հիմա դրված են։ Եվ այդ մեղադրանքներից մեկը հետեւյալն է, որ ինքն իրականում իր ամբողջ կառավարման ընթացքում որեւէ կերպ որեւէ քայլ չարեց՝ բացահայտելու Մարտի մեկը։ Ինքը մշտապես հայտարարեց, որ Մարտի մեկի հանցագործությունը բացահայտված է, բայց այդ ընթացքում ամեն ինչ արվեց, որ պարտակվի այդ հանցագործությունը»։
Կարդացեք նաև
Ըստ Զուրաբյանի՝ ամենակարեւոր խնդիրն այդ հանցագործությունների հրամանների շղթան բացելն էր, երկրորդը՝ եղած ապացույցների բացահայտումը։ «Մարտի մեկի պարտակմանը մասնակցել է բավականին լուրջ զանգված՝ քննիչներ, դատավորներ, դատախազներ եւ այլն։ Այդ բոլոր մարդկանց գործողությունները պետք էր քննել, հետազոտել, պարզել, որը կբերեր այդ հրամանների շղթայի գագաթին կանգնած մարդկանց հանցագործությունների բացահայտմանը։ Դա չարվեց, ավելին, Մարտի մեկի ամբողջ դատավարությունն այնպես կառուցվեց, որ Քոչարյանն արդարացվի։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից տեղի է ունեցել Մարտի մեկի հանցագործության համակարգային պարտակում։ Եվ պետք է հասկանանք, թե որոնք են մոտիվները։ Ես կարծում եմ՝ ամենակարեւոր մոտիվը հետեւյալն է՝ քանի որ Նիկոլ Փաշինյանը, 2018-ից սկսած կորցնելով հանրային վստահությունը եւ աջակցությունը, եկել է մի իրավիճակի, երբ ինքը պետք է ապավինի ուժի վրա, ռեպրեսիվ ապարատի վրա, քննիչների կեղծարար գործունեության վրա, ինչը մենք տեսնում ենք, ինքը հիմա զբաղված է քննչական, դատախազական ապարատի, դատական իշխանությունների ամրապնդմամբ եւ անպատժելիության մթնոլորտի ստեղծմամբ, որպեսզի կարողանան քաղաքական հակառակորդների դեմն առնել։ Ինքն անցել է ռեպրեսիվ ապարատի կողմը, որովհետեւ իր իշխանության պահպանման միակ մեթոդը սա է»,- հավելեց Զուրաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ըստ Զուրաբյանի՝ Նիկոլ Փաշինյանը նաեւ շահագրգռված է Ռոբերտ Քոչարյանի «բոբո կերպարը» թափահարելով՝ մշտապես ներշնչել մեր ժողովրդին, որն իր այլընտրանքը Ռոբերտ Քոչարյանն է, հետեւաբար, մարդիկ պետք է ընտրեն իրեն, եթե չեն ուզում, որբ Քոչարյանը հետ գա։ Նրա խոսքով՝ Փաշինյանի այս վերաբերմունքը Մարտի մեկի գործի նկատմամբ անթույլատրելի խայտառակություն է ու դավաճանություն։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































