Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը մարտիմեկյան ոճրագործության տարելիցի առթիվ
2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններն ընթացան իշխող վարչախմբի կողմից իրականացված Սահմանադրության, օրենքների կոպիտ խախտումների, զանգվածային բռնությունների, մեծամասշտաբ կեղծիքների պայմաններում։ Դրան անխուսափելիորեն հաջորդեց շուրջօրյա խաղաղ հանրահավաքների տեսքով համաժողովրդական ընդվզումը՝ կենտրոնատեղի ունենալով Ազատության հրապարակը։
Մյուս կողմից՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրական շտաբը ծանրակշիռ ու անշրջանցելի փաստաթղթերի մի փաթեթով դիմեց Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու հայցով։ Կանխելու համար Սահմանադրական դատարանի՝ հայցը բավարարելու անխուսափելի դրական որոշումը, մարտի 1-ի վաղ առավոտյան, լույսը չբացված, ոստիկանական համազգեստներով ջարդարարների զինված ոհմակը հարձակվեց վրաններում քնած ցուցարարների վրա։ Չանսալով բանակցություններ վարելու առաջարկին, նրանք բարբարոսաբար ջարդուփշուր ու տակնուվրա արեցին ամեն ինչ։
Հրապարակից քշված ցուցարարների մի քանի խմբեր հավաքվեցին Մյասնիկյանի արձանի շրջակա տարածքում։ Վարչախմբի դավադիր արարքի մասին արագ տարածված լուրը կարճ ժամանակում այստեղ բերեց տասնյակ հազարավոր մարդկանց։ Հակառակ տեղի ունեցած սահմռկեցուցիչ ջարդարարության՝ բողոքի այդ ցույցը եւս անցնում էր խաղաղ ու կազմակերպված։
Կարդացեք նաև
Երեկոյան մթի քողի տակ սկսվեցին ոստիկանական ջոկատների նոր գրոհներ։ Հնչեցին կրակոցներ, զոհվեց առնվազն 10 մարդ։ Հաջորդ օրվանից օրենքի խախտմամբ մտցվեց հատուկ դրություն, սկսվեցին զանգվածային ձերբակալություններ։
Շարժման հազարավոր մասնակիցներ հետապնդումների ենթարկվեցին, շինծու քրեական գործեր կարվեցին, ապօրինի դատավարություններով 150-ից ավելի ակտիվիստներ ձերբակալվեցին, ազատազրկման դատապարտվեցին։
2018թ. «հեղափոխական» իշխանափոխությամբ երկրի ղեկավար դարձավ մարտիմեկյան նույն ապօրինություններով ազատազրկված Ն. Փաշինյանը։ Նրա առաջին գործերից մեկը եղավ Մարտի 1-ի գործի վերաբացումը։ Կարծես թե ամեն ինչ ընթանում էր տրամաբանական ընթացքով։ Կատարվեցին բազմաթիվ քննություններ, հրապարակվեցին կարեւոր վկայություններ, որոնք, արդեն իսկ եղած այլ փաստաթղթերի հետ, ավելի քան բավարար էին Մարտի 1-ի գործը լիակատար բացահայտելու եւ սահմանադրական կարգը խախտած, պետական հեղաշրջում իրականացրած Ռոբերտ Քոչարյանին եւ մյուս մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։ Սակայն հանգուցալուծման եզրին հասած գործը անակնկալ մտցվեց փակուղի։ Ռ. Քոչարյանն արդարացվեց Փաշինյանի իսկ «վերակազմած» Սահմանադրական դատարանի մակարդակով։ Դրանով փակվեց նաեւ Մարտի 1-ի գործը։ Այդ ամենի միակ առարկայական արդյունքը եղավ վաղուց մերժված, մարած ու մոռացվող Ռ. Քոչարյանի քաղաքական վերակենդանացումը։
Քիչ անց, նույն Փաշինյանի ապօրինի բոլոր հրամանները կատարող գլխավոր դատախազությունը դադարեցրեց նաեւ Մարտի 1-ի գործով 2008թ. հանիրավի դատապարտվածների դատական արդարացման գործընթացը։ Ապօրինի դատապարտված ավելի քան յոթանասուն մարդ առ այսօր մնում են չարդարացված, եւ դա այն դեպքում, երբ նույն շինծու մեղադրանքներով ուրիշները արդարացվել են ինչպես Հայաստանի, այնպես էլ Մարդու իրավունքների եւրոպական դատարաններով։
Ի հեճուկս կատարված տասնյակ դատական արդարացումների, մինչ այսօր չի պատժվել 2008թ. շինծու գործեր կարած որեւէ քննիչ կամ դատախազ, ապօրինի վճիռներ կայացրած որեւէ դատավոր։ Ավելին՝ նրանցից շատերը որպես խրախուսանք պաշտոնների բարձրացում են ունեցել Ն. Փաշինյանի օրոք։ Այսինքն՝ վերջինս հանրային ամենամեծ հնչեղություն ունեցող մարտիմեկյան ոճիրի գործը ձեռնածությամբ օգտագործել է միմիայն հանուն սեփական վարկանիշի բարձրացման։ Այսօր էլ, նախընտրական այս շրջանում, բարոյական որեւէ արգելակ չունեցող Ն. Փաշինյանը նույն նպատակով, հերթական ձեռնածությանն է դիմում՝ Մարտի մեկի գործում մի քանի շարքային կատարողների դեմ խղճուկ գործեր հարուցելով։
Մարտիմեկյան ոճիրը (նաեւ Հոկտեմբերի 27-ը) խարան են Հայոց պետականության ճակատին։Եվ ոչ միայն. դրանց բացահայտված չլինելը եւ մեղավորների անպատիժ մնալը մեր պետականության տակ դրված դանդաղ գործողության ական է՝ անկախ պետականության պայմաններում օրինականության, արդարադատության, կյանքի ապահովության ու անվտանգության նկատմամբ քաղաքացու հավատն ու վստահությունը քայքայող, կազմալուծող գործոն։ Ուստիեւ՝ պետականակործան այդ հանցանքները պարտակող այսօրվա իշխանությունը եւս դառնում է նույնքան հանցավոր ու պատասխանատու, որքան ժամանակին դրանք կազմակերպողներն ու իրականացնողները։
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ

















































