Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ կարող ենք անել մենք մեր աչքերի (և ոչ միայն) առողջության համար

Մարտ 02,2026 09:30 Share

Աչքերի, տեսողության հետ կապված բազմաթիվ խնդիրներ կարելի է կանխարգելել ոչ միայն վաղ ախտորոշման ու բուժման, այլև կենսակերպում մի շարք փոփոխություններ, շտկումներ անելու միջոցով։ Մենք առանձնացրել ենք մի քանի կարևոր քայլեր, որոնք կարող եք անել ձեր աչքերի առողջության պահպանման ճանապարհին։

1. Ընտրեք ճիշտ սննդակարգ՝ աչքերի համար

Աչքերի առողջության համար օգտակար սննդի ընտրությունը կարևոր է։ Այնպիսի սննդանյութերը, ինչպիսիք են օմեգա-3 ճարպաթթուները, լյուտեինը, ցինկը, C և E վիտամինները, նպաստում են տարիքային տեսողական խնդիրների կանխարգելմանը․ այդպիսիք են մակուլոդեգեներացիան (պղտորված տեսողության, աչքերի առջև գտնվող առարկաները տարբերակելու դժվարություն) և կատարակտը (աչքի ոսպնյակի մթագնում):

Թվարկված սննդանյութերով հարուստ մթերքներ են՝

  • Կանաչ տերևավոր բանջարեղեն (սպանախ, կաղամբ, հազար, քեյլ կաղամբ)
  • բրոկկոլի և բրյուսելյան կաղամբ,
  • սաղմոն, թյունոս, սարդին և այլ յուղոտ ձկներ,
  • նարնջագույն, կարմիր բանջարեղեն՝ քաղցր կարտոֆիլ, գազար, կարմիր պղպեղ,
  • ձու, ընդեղեն, սերմեր և այլ ոչ մսային սպիտակուցի աղբյուրներ,
  • ցիտրուսային մրգեր,
  • ցինկով հարուստ մթերքներ՝ յոգուրտ, սիսեռ, ոստրեներ։

Եթե չկան բժշկական հակացուցումներ, ապա խորհուրդ է տրվում շաբաթական մոտ 150 ր զբաղվել մարմնամարզությամբ, ընդ որում ողջունվում է ցանկացած տեսակի ակտիվությունը՝ կարդիովարժություններ, զբոսանք և այլն։

Իսկ ինչպե՞ս են ֆիզիկական վարժություններն օգնում աչքերի առողջությանը։ Դրանք խթանում են արյան հոսքը՝ նպաստելով օրգանիզմը սննդանյութերով հագեցնելուն։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երկարատև մարզումները արագացնում են հյուսվածքների վերականգնումը, նվազեցնում օքսիդատիվ սթրեսը՝ վիճակը, երբ օրգանիզմում տոքսիններն ավելի շատ են, քան դրանց դեմ պայքարող հակաօքսիդանտները։

Ակտիվ կենսակերպը նաև կարևոր է առողջ քաշի պահպանման համար, ինչն ինքնին օգտակար է աչքերի համար։ Ինչպես հայտնի է, ավելորդ կիլոգրամներն օրգանիզմում բորբոքման գործընթացների սրման պատճառ կարող են դառնալ՝ հանգեցնելով տեսողական այնպիսի խնդիրների, ինչպիսիք են կատարակտը, մակուլոդեգեներացիան, գլաուկոման, որը հանգեցնում է տեսանյարդի վնասման։

Իսկ ճարպակալումը մեծացնում է շաքարային 2-րդ տիպի դիաբետի վտանգը, որը մեծահասակների շրջանում կուրության զարգացման հիմնական պատճառներից մեկն է, քանի որ ժամանակի ընթացքում արյան մեջ շաքարի բարձր մակարդակը կարող է լրջորեն վնասել աչքերի արյունատար մանր անոթները։

3. Թողեք ծխելը

Ծխախոտի օգտագործումը մեծացնում է կատարակտի, մակուլյար դեգեներացիայի ու տեսողական այլ խնդիրների զարգացման վտանգը։

4. Կրեք արևապաշտպան ակնոցներ

Ճիշտ ընտրված արևապաշտպան ակնոցները պաշտպանում են աչքերը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից, որոնց ուժեղ ազդեցությունը մեծացնում է կատարակտի ու մակուլոդեգեներացիայի ռիսկը։

Արևապաշտպան ակնոցներ ընտրելիս նախապատվությունը տվեք այն մոդելներին, որոնք՝

  • 100%-ով արգելափակում են ուլտրամանուշակագույն ճառագայթները,
  • պաշտպանում են և՛ UV-A, և՛ UV-B ճառագայթներից,
  • ապահովում են UV 400 պաշտպանություն։

Պոլարիզացված ոսպնյակները պաշտպանում են աչքերը տարբեր մակերևույթներից լույսն արտացոլող ու աչքերը կուրացնող արևային ցոլքերից։

5. Օգտագործեք պաշտպանիչ ակնոցներ

Գործունեության մի շարք ոլորտներում (շինարարություն, փայտամշակում, հանքարդյունաբերություն, կանաչապատում, առողջապահություն, որոշ սպորտաձևեր և այլն) պաշտպանիչ ակնոցների օգտագործումը խիստ անհրաժեշտություն է աչքերի տարատեսակ վնասվածքներից ու թունավոր նյութերի ազդեցությունից խուսափելու համար։

6. Պաշտպանեք աչքերը կապույտ լույսից

Համակարգչի կամ հեռախոսի էկրանի երկարատև օգտագործումը կարող է  հանգեցնել հետևյալ խնդիրներին՝

  • աչքերի լարվածություն,
  • մշուշոտ տեսողություն,
  • հեռավորության վրա կենտրոնանալու դժվարություն,
  • աչքերի չորություն,
  • գլխացավեր․
  • պարանոցի, մեջքի և ուսի ցավեր։

Էկրանների կապույտ լույսը ժամանակի ընթացքում կարող է վնասել աչքերի բջիջները՝ մեծացնելով կատարակտի ու մակուլոդեգեներացիայի զարգացման վտանգը։ Եվս մեկ խնդիր է աչքերի չորության համախտանիշը, որն առաջանում է երկար ժամանակ անթարթ էկրանին նայելու պատճառով՝ հանգեցնելով ցրված տեսողության, աչքերում անհարմարության, ծակծկոցի զգացողության։

  • Էկրանների կապույտ լույսի ազդեցությունը չեզոքացնելու համար կարող եք կրել պաշտպանիչ ակնոցներ։
  • Էկրանն այնպես տեղադրեք, որ ձեր աչքերը լինեն մոնիտորի վերևի հատվածի մակարդակին՝ մի փոքր ներքև նայելու հնարավորությամբ։
  • Հնարավորության դեպքում հակացոլքային ֆիլտր օգտագործեք։
  • Աչքերի չորության դեպքում փորձեք հաճախակի թարթել աչքերը կամ արհեստական արցունքներ օգտագործեք։
  • Էկրանների հետ աշխատելիս ամեն 20 րոպեն մեկ աչքերին հանգստանալու հնարավորություն տվեք՝ 20 վայրկյան հեռուն նայելով։ 2 ժամը մեկ 15 րոպեով ընդմիջում արեք։

7. Կարևորեք աչքերի հիգիենան

  • Եվ դրա համար հաճախակի լվացեք ձեռքերը՝ դրանց միջոցով աչքեր ներթափանցող միկրոբների քանակը նվազեցնելու համար։
  • Քնելուց առաջ պարտադիր մաքրեք դիմահարդարումը։
  • Խուսափեք ընդհանուր սրբիչների կիրառումից։
  • Զգուշությամբ օգտագործեք կոնտակտային ոսպնյակները։

8․ Պարբերաբար աչքերի կանխարգելիչ հետազոտություններ կատարեք

Ակնաբույժը, ուսումնասիրելով ձեր առողջական խնդիրները, աչքերի վիճակն ու ընտանեկան պատմությունը, կնշի, թե որքան հաճախ պետք է աչքերի զննում անցնեք։

Ավելի հաճախակի զննում է անհրաժեշտ, եթե դուք ունեք՝

  • շաքարախտ,
  • արյան բարձր ճնշում,
  • աչքի հիվանդությունների ընտանեկան պատմություն,
  • կրում եք կոնտակտային ոսպնյակներ։

Եթե նկատում եք տեսողության փոփոխություններ, ստացել եք աչքի վնասվածք կամ կասկածում եք աչքի վարակ, անմիջապես դիմեք ակնաբույժի։

Մանկահասակներն ու երեխաները նույնպես պետք է անցնեն աչքերի զննում։ Խոսեք ձեր երեխայի բժշկի հետ՝ համապատասխան ուղեցույցներին հետևելու համար։

Հ․գ․ Մեր կողմից ընտրված գլխավոր լուսանկարը մի փոքրիկ դրվագ է Կառլ Բրյուլովի «Պոմպեյի վերջին օրը» էպիկական կտավից՝ ի նշանավորումն այն ճշմարտության, որ աչքերը հոգու հայելին են․․․

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031