«Վստահաբար, այդ զորամասի սպայական կազմը ատեստացիա է անցել, բարձր վարձատրվում են։ Բայց այդ զորամասում տեղի է ունեցել դժբախտ դեպք՝ միջանձնային հարաբերությունների համատեքստում, որքան հասկանում եմ։ Այսինքն, հրամանատարների որակները եւ իրենց ենթակա ստորաբաժանումում անառողջ մթնոլորտն իրար հետ փոխկապակցված են, բայց ատեստացիայի արդյունքները որեւէ կերպ չեն ազդում։ X զորամասում արդեն երկու անգամ խնդիր է եղել․ տարվա ամփոփման ժամանակ, սա արձանագրելուց հետո, հրամանատարական կազմի վրա չի ազդում»,- ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում այսօր պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ հիշեցնելով զորամասերից մեկում զինվորի սպանության վերջին դեպքը։
Փոխնախարարն ասաց, որ վատ կառավարման արդյունքների վրա ազդում են նաեւ սպայական կազմի ցածր աշխատավարձերը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Թեմայի մասին փոխնախարարին հարց տվեցին նաեւ լրագրողները:
«Յուրաքանչյուր նմանատիպ դեպքով կատարվում է քննություն։ Կարծում ենք, որ լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննության արդյունքներով ծնող պատճառներ, նպաստող պայմաններ ի հայտ կբերվեն, դրան համարժեք քայլեր կարվեն»,-ասաց նա։
Փոխնախարարը հավաստիացրեց, որ բանակում մահերի թիվը չի ավելացել. «Նախորդ անգամ ես ի պատասխան մեր պատգամավոր գործընկերների, երբ որ ասացի, որ դրական տեղաշարժ ունենք, ես նկատի ունեցա հանցագործությունների կամ մահվան դեպքերի դինամիկայում։ Ավելին, նախորդ տարի մենք ամփոփել ենք նվազումով, թեեւ դա բացարձակապես մեզ հանգստանալու առիթ չպետք է տան։ Նման դեպքերը հաճախակի չեն լինում, բայց նույնիսկ մեկ դեպքը մենք համարում ենք շատ ցավալի եւ պետք է ձեռնարկենք միջոցներ, որպեսզի իսպառ վերացնենք կամ առնվազն նվազագույնի հասցնենք»։
Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ զինծառայողը ճնշումների է ենթարկվել, դա է եղել պատճառը, Արման Սարգսյանն ասաց. «Դեպքի հետ կապված որեւէ հանգամանք չեմ կարող բարձրաձայնել, քրեական վարույթ է նախաձեռնված, վարույթի շրջանակներում նախաքննական մարմինը հստակ տեղեկատվություն կտա»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































