Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը մեկ տարվա ընթացքում ունեցել է մոտ 41 հազար հանդիսատես, ընդ որում՝ մեծ թիվ են կազմել նաև հանրապետության տարբեր տեղանքների բնակիչները, որոնք նպատակադրված եկել են հանրապետության երկրորդ քաղաք՝ այս կամ այն ներկայացումը դիտելու։
41 հազար հանդիսատեսից մոտ 14 հազարը դպրոցականներ են, որոնք թատրոն են հաճախել բաժանորդագրերով՝ ՀՀ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության կողմից տրամադրված անվճար տոմսերով, մնացածը՝ մոտ 27 հազար հանդիսատեսը, ձևավորվել է նաև հյուրախաղերի արդյունքում։
Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց թատրոնի տնօրեն Արամ Կարապետյանը։
«Քանի որ Գյումրու թատրոնն այսօր հնարավորություն ունի տոմսեր իրացնել նաև օնլայն տարբերակով, դա հնարավորություն է տալիս մեզ հետևել ընթացքին, տեսնել շարժը․ այսինքն՝ որտեղից ինչքան պահանջարկ կա։
Կարդացեք նաև
Կարող եմ ասել, որ հատկապես շաբաթ-կիրակի օրերին թատրոնի 615 տեղանոց դահլիճի մոտ 20-30 տոկոսը տարբեր մարզերից, մայրաքաղաքից ժամանած հյուրերն են, որոնք նպատակադրված գալիս են Գյումրի՝ ներկայացում նայելու, ոչ թե որպես զբոսաշրջիկ են գալիս, թեև զբոսաշրջիկներ էլ կան, բայց չնչին տոկոս են կազմում։ Նրանք հատուկ նպատակով են գալիս ներկայացում նայելու»,- ասաց մեր զրուցակիցը։
Գյումրու թատրոնը վերազինվում է․ այն համալրվում է աշխարհի լավագույն լուսաձայնային տեխնիկայով։ Լուսային տեխնիկան արդեն տեղադրել են, ձայնային տեխնիկան սկսել են տեղադրել, հինգ օրից պատրաստ կլինի (տես լուսանկարներում)։
Արամ Կարապետյանի տեղեկացմամբ՝ լուսային տեխնիկան մոտ 94 միլիոն դրամ արժողությամբ է, ձայնայինը՝ 43 միլիոն։ Այն տեղադրվում է պետական աջակցությամբ․ ԿԳՄՍ-ն մրցույթ է հայտարարել, կա հաղթող կազմակերպություն, սկսել են մոնտաժման աշխատանքները։
«Միայն վերջին տարվա ընթացքում ՀՀ կառավարության, ԿԳՄՍ նախարարության կողմից Գյումրու թատրոնին պետական աջակցությունը կազմել է մոտ 180 միլիոն դրամ։ Տարբեր տեսակի աջակցություն է՝ և՛ լուսային տեխնիկա, և՛ ձայնային։
Ներկա պահին մրցույթ է հայտարարված նաև կաթսայատան համար, մարտի վերջերից սկսում ենք կաթսայատան վերազինումը։ Չգիտեմ՝ գիտեք, թե չէ, մեր կաթսայատունը շահագործվում է 1968 թվականի սարքավորումներով, ցանկացած պահի կարող էր չաշխատել, և մասերը չէին ճարվում։ Մենք կրկին դիմեցինք Կրթության, գիտության, մշակույթի նախարարություն, մոտ 30 միլիոն դրամ է տրամադրվել։ Հաշվարկներ կատարվեցին, անկախ գնահատողը հաշվարկեց, որ 30 միլիոն դրամը կբավականացնի, դիմեցինք նախարարություն, որը դեկտեմբերին՝ մեր դիմելուց մեկ ամիս անց, այդ գումարը փոխանցեց թատրոնի հաշվին։
Ձմեռային սեզոնին չէինք կարող ընդհատել կաթսայատան աշխատանքը, սպասում ենք մարտի վերջերին եղանակը տաքանա, կաթսայատան աշխատանքները կդադարեցնենք ու սկսենք շինարարական աշխատանքները։
Թատրոնի տանիքի հետ կապված էլ խնդիր կա, մասնակի վերանորոգման կարիք կա, մոտ 1 միլիոն 200 հազար դրամի մասնակի վերանորոգում է լինելու։
Թատրոնի 160-ամյակը, որ նշեցինք, դարձյալ նախարարության աջակցությամբ էր՝ մոտ 15 միլիոն դրամ էր կազմում, և այսպես շարունակ։
Ամբողջ տարվա ընթացքում մոտ 180 միլիոն դրամի պետական աջակցություն է եղել, ես չեմ հիշում վերջին 20-30 տարվա ընթացքում ընդհանուր վերցրած այդքան աջակցություն լինի թատրոնին»,- ասաց տնօրենը։
Թատրոնը նաև նոր սանհանգույց ունի․ անցած տարվանից «Ֆաստ» բանկի առաջարկով սկսել են սանհանգույցները վերանորոգել, նոր գույք տեղադրել, դարձնել ժամանակակից չափորոշիչներին համապատասխան, հարմարեցնել հաշմանդամություն ունեցող անձանց։
«Թատրոնն իր ուժերով արտիստների համար նոր սանհանգույց է տեղադրել՝ լողանալու հնարավորությամբ»,- ասաց Արամ Կարապետյանը։
Նա նշեց, որ թատրոնի դահլիճի աստիճանները ևս հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց։
«Եթե հիշում եք, մեր թատրոնի դահլիճը 648 տեղանոց էր, մենք մի կարգը հատուկ հանեցինք, այսինքն՝ 33 նստատեղով պակասեց, որ հարմարեցնեինք հաշմանդամություն ունեցող անձանց, որպեսզի նրանք կարողանան դյուրին անցնել այդտեղով»,- ասաց Արամ Կարապետյանը։
Նա նշեց, որ այս տարվա համար նախատեսել են 20 միլիոն դրամի կապիտալ ծախսեր․ փոխելու են բեմի հատակը, երկրաշարժից հետո շենքը տեխնիկական թերություններով է վերանորոգվել․ հատակում անցքեր են բացվել։
«Հատակը փոխելու ենք, ժամանակակից նորմատիվներով ենք կառուցելու, բեմի հագուստն էլ ենք փոխելու, այն ևս բավական հին է, մոտ 30 տարվա է։ Մինչև նոր լուսային համակարգի տեղադրումը մենք չէինք նկատում, որ որոշ տեղեր պատառոտված են, հենց նոր լույսերը տեղադրեցին, ու քանի որ դրանք շատ հզոր են, հանդիսատեսն էլ անզեն աչքով տեսավ հնությունը։
Առաջիկայում նաև հակահրդեհային համակարգն ենք փոխելու, 3 տարին մեկ փոխում ենք, մոտ 5 միլիոն էլ դա արժի, հակահրդեհային լուծույթով մշակում ենք այն տարածքները, որտեղ, ասենք, փայտ կա, որտեղ հագուստներն են, ապահովում ենք այրվելու վտանգից։ Անում ենք, որ հանկարծ դահլիճում հրդեհ չբռնկվի, զգեստապահարանի մեջ գտնվող զգեստները չայրվեն։
Երկրորդ հարկի ճեմասրահի պատուհանները թափանցիկ են, այստեղ էլ վարագույրի խնդիր ունենք, եթե որևէ ռեժիսոր որոշի ճեմասրահում ներկայացում բեմադրի, դրսից չերևա։ Ճեմասրահում նախատեսել ենք նոր բեմադրություններ, մենք երկու բեմ ունենք, բայց խնդիր ունենք դահլիճի, տեղ չունենք, 24 ժամ աշխատում ենք։
Ձայնային տեխնիկան, որը մոնտաժելու են, հինգ օր ժամանակ են ուզել, մենք պայմանավորվել ենք, որ նրանք գիշերը պիտի աշխատեն, այլ տարբերակ չունենք, առավոտյան իրենք գնան, մենք գանք աշխատանքի, գիշերն էլ մենք գնանք, իրենք գան, համատեղ լուծենք այդ կարևոր հարցը։ Իրոք շատ ծանրաբեռնված է այս ընթացքում Գյումրու դրամատիկական թատրոնը»,- ասաց տնօրենը։
Գյումրու դրամատիկականում սպասվում են 3 նոր առաջնախաղեր, հյուրախաղեր, մրցույթ-փառատոների մասնակցություն։
Ստեղծագործական նորությունների մասին թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանի հետ հարցազրույցն ավելի ուշ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
























































