«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը հանրության հետ համացանցով անմիջական հաղորդակցման ժամանակ ներկայացրեց Սամվել Կարապետյանի առաջարկած ծրագրի հինգ կետերից երրորդը, որը հանգեցնելու է Հայաստանում դեղերի 20 տոկոսով էժանացման։
«Ի՞նչ է իր մեջ ներառում դեղերի գների նվազումը 20%-ով, և ինչու ենք մենք ընտրել այս ճանապարհը։ Բոլոր հարցումների, բոլոր ուսումնասիրությունների արդյունքում մենք հասկացանք, որ մեր հայրենակիցների մոտ հիմնական խնդիրներից մեկն այն է, որ ամեն հինգ հայաստանցուց մեկը աղքատ է։ Նկատի ունենք, որ խնդիր ունի սնունդ գնելու։
Եվ մեր հայրենակիցների գրեթե 20%-ի, երբեմն նաև ամեն չորրորդ հայրենակցի դեպքում, մեր հայրենակիցները ունենում են մի խնդիր․ միջին տարիքի հայաստանցիները ստիպված են որոշում կայացնել՝ ընտրում են, գնում են դեղ իրենց առողջության համար, թե սնունդ ու հագուստ՝ իրենց ընտանիքի, իրենց երեխաների համար։ Դեղորայքը այն մասն է, որն ավելի կարևոր է մարդկանց համար, քան երբեմն որոշ ուրիշ առաջնահերթություններ։ Այդ իսկ պատճառով մենք երբեմն ասում ենք՝ «դեղ, թե հաց»։
Ինչքան էժանանան դեղերը Հայաստանում, գնի իջեցում լինի, այդքան հնարավորություն կունենանք ապահովել մեր հայրենակիցների համար այդ միջոցների ավելի ճիշտ ծախսումը։ Շատ մարդիկ, ովքեր ունեն ցածր աշխատավարձ, ասում են, որ իրենց աշխատավարձի մինչև 20%-ը տալիս են դեղերին։
Կարդացեք նաև
Սկսեցինք աշխատել սրա վրա, որովհետև տեսանք մեծ տարբերություն Վրաստանի, Ռուսաստանի, եվրոպական երկրների և Հայաստանի գների միջև։ Ի՞նչն է տարբերությունը։ Հայաստանում 3000–4000 դրամ և ավել արժեցող դեղերի գները գրեթե երկու անգամ ավելի թանկ են, քան Վրաստանում, Եվրոպական միության շատ երկրներում, անգամ Ռուսաստանում։
Սա մի տարօրինակություն էր, որը մեզ ստիպեց աշխատել այս ուղղությամբ ու հասկանալ, թե որն է խնդիրը։ Մենք մի քանի տարօրինակ խնդիր ունենք դեղերի ոլորտում։
Առաջին խնդիրը այն է, որ Հայաստանում գրանցված է ընդամենը 3800 դեղ, մինչդեռ Վրաստանում այդ դեղերի քանակը 8000 է։ Պատկերացնո՞ւմ եք, մեր երկրի չափ երկիր է Վրաստանը, բայց 8000 դեղ ունի գրանցած, իսկ Հայաստանը՝ 3700–3800։ Դեղերի գրանցումը Հայաստանում բավականին դժվար պրոցես է։ Արհեստականորեն գրանցումը դժվարացվում է, որպեսզի քիչ ընկերություններ գան Հայաստան ու գրանցեն։ Այդ իսկ պատճառով մենք շատ հաճախ հանդիպում ենք դեպքերի, երբ արտասահմանում կան դեղերի էժան այլընտրանքներ, բայց Հայաստանում այդ դեղերը չկան, որովհետև չեն գրանցվում։
Առաջին քայլը, որ մենք պետք է անենք դեղերի գների իջեցման ուղղությամբ, գրանցման պրոցեսը հեշտացնելն է։ Այն դեղերը, որոնք գրանցված են Եվրոպայում, ավտոմատ գրանցվելու են Հայաստանում, որովհետև եվրոպական համակարգերն ավելի խիստ են և մեզ վստահություն են տալիս, որ որակն ապահովված է։ Այսինքն՝ մենք Եվրոպայում գրանցված դեղերը նաև Հայաստանում ենք ընդունելու։ Եվ դա բերելու է նրան, որ մեր շուկայում ոչ թե 3700 դեղ կա, այլ 8000–9000 դեղ կգրանցվի։ Իսկ դա արդեն կբերի գների իջեցման, որովհետև դեղերի տարբեր տեսակներ, նույն դեղի տարբեր անվանումներ՝ կոչվում են ջեներիկներ, ավելի էժան են լինում։
Երկրորդ բանը դեղերի գների հետ կապված, որ ուսումնասիրեցինք, թե ինչու են Հայաստանում դեղերն այսքան թանկ, այն է, որ, քանի որ փոքր երկիր է, Հայաստանում գնում են փոքր ընկերությունների միջնորդներից, այսինքն՝ Հայաստանը գործարաններից չի գնում, այլ գնում է միջնորդներից։ Ի՞նչ ենք մենք առաջարկում։ Առաջարկում ենք, որ մեր երկիրը գնա և պայմանավորվի մեծ արտադրողների հետ՝ ամբողջ երկրի քանակի, ամբողջ երկրի պահանջարկի համար։ Դա կբերի նրան, որ գները շեշտակի կիջնեն, այսինքն՝ միջնորդները դուրս կգան։
ԱՄՆ-ում գրանցված դեղերը նույնպես մենք կնայենք, տարբերակներ կդիտարկենք, թե ինչպես Ամերիկայում ու եվրոպական երկրներում գրանցված դեղերը Հայաստանում ևս գրանցվեն»,- ասաց Նարեկ Կարապետյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































