«Մարդը 21-22 տարեկանում ունենում է սեփական բնակարան, բարձր աշխատավարձ, պետական բազմաթիվ երաշխիքներ։ Ընտրեք մասնագիտություն, որն ավելի լավն է։ Ամենալավ և ամենաերաշխավորված մասնագիտությունն այսօր հենց զինվորականի մասնագիտությունն է։ Կոչս պատանիներին ու նրանց ծնողներին՝ մտածեք ու կողմորոշվեք հօգուտ զինվորական ծառայության և սպայի պատվաբեր պաշտոնի ու դերի»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նախագծով լրացուցիչ երաշխիքներ են ստեղծվում պայմանագրային զինծառայողների համար և զինվորական 4-ամյա կրթություն ստացած անձանց համար։
Կարդացեք նաև
Սուրեն Պապիկյանը մանրամասնեց․ «4 ամյա կրթությունից հետո, երբ անձն ավարտում է Վ․ Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան, մեր սպաները ստանում են բնակարան, որի արժեքը 35 միլիոն դրամ է, մենք նրանց տրամադրում ենք սերտիֆիկատ, որի միջոցով կարողանում են կատարել այդ գնումը։ Ենթադրվում է, որ 20-ամյա պայմանագիրը պետք է իրացվի ամբողջությամբ։ Գերազանց առաջադիմություն ունեցող յուրաքանչյուր սպա, որն ավարտում է ակադեմիան, կարող է ստանալ 620-750 աշխատավարձ։ Ասեք մի մասնագիտություն, որ բուհն ավարտելուց հետո քաղաքացին կարող է անմիջապես վաստակել այդքան աշխատավարձ, բնակարան»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































