«Հիշեցնեմ, որ 2025 թվականի մարտին Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ վերջին երկու հոդվածները, որոնց շուրջ անհամաձայնություններ կային, Հայաստանը համաձայնեցրել է մեր խմբագրության հետ։ Այսինքն՝ հրապարակավ հայտարարում են՝ ինչի հետ համաձայն չէիք, մեր պարտադրանքի ներքո համաձայնել եք»,- այսօր Եռաբլուրում, անդրադառնալով Սահմանադրության նոր նախագծին, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա շեշտեց, որ Ալիևի թելադրած որևէ փաստաթուղթ, այդ թվում՝ Սահմանադրությունը, չի կարող հայանպաստ լինել։
Խաչատրյանն ասաց, որ այս փուլում ընդդիմադիր ուժերը քաղաքացիներին իրազեկում են՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի սպառնալիքները՝ իր Սահմանադրությունն անցկացնելու գործընթացում հանրային ուժեր գեներացնելու վերաբերյալ։
Կարդացեք նաև
«Մենք ասում ենք՝ թույլ չտաք Նիկոլ Փաշինյանին անել այն, ինչ արեց 2018-ին, 2019-ին։ Թույլ չտաք, որ ժողովրդավարության վերջին ծիլերը ոտնատակ դրվեն, թույլ չտաք ոչնչացնել պետական ինստիտուտներն ու հաստատել միանձնյա իշխանություն։ Համախմբվե՛ք՝ կանխելու Ալիևի Սահմանադրությունը սղացնելու ցանկացած փորձ»,- ասաց Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ այսօր Արցախի ու ՀՀ մի շարք հասարակական ու ընդդիմադիր քաղաքական գործիչներ Եռաբլուրում հարգանքի տուրք են մատուցել 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։
Արցախում հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը, որով ավարտվեց 44-օրյա արցախյան պատերազմը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած փաստաթուղթն ուժի մեջ մտավ նոյեմբերի 10-ից։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


























































