Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Նախընտրական «պեռաշկին» եւ Քադաֆիի վրանը

Մարտ 04,2026 10:00 Share

Ներկուսակցական ընտրարշավը, որը Միացյալ Նահանգներում կոչվում է primaries, մի միջոցառում է, որը կոչված է տվյալ կուսակցության մի քանի թեկնածուներից ընտրել մեկին, որն առաջիկա ընտրություններում այդ կուսակցության կողմից առաջադրվելու է որպես պետության ղեկավարի թեկնածու: Հայաստանում ՔՊ-ի դեպքում նման միջոցառումներ անցկացնելու որեւէ իմաստ չկա: (Չէի նախանձի այն ՔՊ-ականին, որը լրջորեն կմրցակցեր Փաշինյանի հետ՝ որպես վարչապետի թեկնածու. նրա մոտ առնվազն «ապօրինի գույք» կհայտնաբերվեր):

Ներկուսակցական ընտրարշավի ժամանակ «թեկնածուի հավակնորդները» հանդիպում են այդ կուսակցության անդամների հետ, որոնք եւ պետք է որոշում կայացնեն, թե ով պետք է լինի այդ կուսակցության թեկնածուն: Երբ պետության առաջին դեմքը տեսախցիկների (այդ թվում՝ Հ1-ի) ուղեկցությամբ շրջում է փողոցներով, մտնում է կրպակներ, «մարշրուտկաներ» ու «պեռաշկիանոցներ», նարդի է խաղում՝ դա արդեն ներկուսակցական ընտրարշավ չէ: Դա դասական ընտրարշավ է, որի վրա պետք է ուշադրություն դարձնեն իրավապահները:

Այդ ընտրարշավի ուղերձը միանգամայն հասկանալի է՝ «ես պարզ, սովորական տղա եմ, դուրս եմ եկել ժողովրդի ծոցից, ես հղփացած, թալանչի սուտի «էլիտայի» ներկայացուցիչ չեմ»: Հատկապես ավտորիտար ռեժիմներում դա սովորաբար առաջին դեմքերի հիմնական «փաստարկն» է:

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն իրեն ներկայացնում էր որպես «ռայոնի տղա», խոսում էր փողոցային լեզվով եւ իրեն հակադրում էր Մանիլայի (մայրաքաղաքի) վերնախավին: Վենեսուելայի ղեկավար Ուգո Չավեսն ամեն շաբաթ կազմակերպում էր «Aló Presidente» հեռուստաշոուն (այն ժամանակ սոցցանցային «լայֆերը» դեռ ընդունված չէին) եւ միջինը 4-6 ժամ խոսում էր «ժողովրդի հետ ժողովրդի լեզվով»՝ «շրջանցելով օլիգարխներին»: Չնայած հայտնի էր, որ ամենամեծ օլիգարխը հենց ինքն է:

Բայց «սովորական տղա» լինելու բեմադրության ռեկորդը պատկանում է Լիբիայի առաջնորդ Մուամմար ալ-Քադաֆիին: Նրա կարողությունը կազմում էր, տարբեր գնահատականներով, 30-ից 200 միլիարդ դոլար, բայց իր մասին նա ասում էր, որ շարքային բեդուին է, այսինքն՝ արաբական վաչկատուն և կիսավաչկատուն անասնապահ ցեղի ներկայացուցիչ: Քադաֆին, քանի որ «բեդուին էր», սկզբունքորեն ապրում էր ոչ թե պալատում, այլ վրանում՝ չնայած կարող եք պատկերացնել, թե ինչպիսի վրան էր դա: Այդ վրանը նա բացում էր նաեւ իր արտասահմանյան ուղեւորությունների ժամանակ: Օրինակ, 2007 թվականին, երբ նրան Ֆրանսիա էր հրավիրել այդ երկրի նախագահ Նիկոլյա Սարկոզին, Քադաֆին այդ վրանը խփել էր Hôtel de Marigny կառավարական առանձնատան տարածքում:

Դա, ի դեպ, չխանգարեց Ֆրանսիային, նույն Սարկոզիի իշխանության օրոք, 2011 թվականին հրթիռային հարվածներ հասցնել Լիբիային:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Նկարները, համենայնդեպս՝ նորությունների էջերում դրվածները, որ ես եմ տեսել, արված են մեքենայի միջից։ Ենթադրում եմ, որ լուսանկարիչը իր հաստիքային լուսանկարիչն է, ոչ թե ինչ-որ ընդդիմադիր լրատվամիջոցինը, ով կերազեր վարչապետին այդ տեսքով ներկայացնել իր ընթերցողներին։ Մնում է կարծել, որ վարչապետը նախընտրական շրջանում կենտրոնանալու է իր նեղ էլեկտորատի վրա, ում համար առաջնայինը իրենց առաջնորդի անասնական բնազդներն են։ Այլ կերպ այդ նկարները չես մեկնաբանի։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031