Սկիզբը՝ այստեղ:
«Ռմբակոծված բանակցություններից» հետո Հայաստանում Իրանի դեսպանի ուղերձները
Մարտի 2-ին Երեւանում հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին ներկայացրեց միաժամանակ Իրան-Հայաստան եւ աշխարհաքաղաքական օրակարգի թեմաների առնչությամբ ընդգրկուն գնահատականներ, հանդես եկավ մի շարք կարեւոր ուղերձներով։ Դեսպանի խոսքում Հայաստան–Իրան ռազմավարական կապերի, հաղորդակցային նախագծերի շուրջ պաշտոնական Թեհրանի սկզբունքային դիրքորոշումը Իրանի համար խիստ կարեւոր փուլում էր, եւ ինքնին՝ մամլո ասուլիսի անցկացումն ընթացող պատերազմի պայմաններում հստակ նպատակ ուներ՝ պաշտոնական Թեհրանի ուղերձը հասցնել բոլոր շահագրգիռ կողմերին։
«Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ են»
Կարդացեք նաև
Նախ դեսպանը կրկին անգամ շեշտեց. «Մեր բարեկամ եւ հարեւան Հայաստանի Հանրապետության անվտանգությունը մեզ համար չափազանց կարեւոր է։ Եվ Հայաստանի տարածքային ամբողջականությունը մեր համար կարմիր գիծ է»։ Այս ձեւակերպումը ոչ միայն դիվանագիտական համերաշխության արտահայտություն է, այլեւ հստակ ռազմավարական ուղերձ տարածաշրջանին։ Թեհրանը փաստացի վերահաստատում է, որ Հարավային Կովկասում սահմանների փոփոխության կամ ինքնիշխանության սահմանափակման ցանկացած փորձ կընկալվի որպես իր կենսական շահերի խախտում։ Դեսպան Շիրղոլամին ընդգծեց նաեւ, որ «միջազգային օրենքները խախտողների գործողությունները» վտանգում են թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային կայունությունը։
Այսպիսով, Հայաստանի անվտանգությունը Թեհրանի համար դիտարկվում է ոչ միայն բարեկամական հարաբերությունների, այլեւ տարածաշրջանային ուժային հավասարակշռության պահպանման տեսանկյունից։ Իրանի դիրքորոշումը համահունչ է իր երկարամյա քաղաքականությանը՝ թույլ չտալու Հարավային Կովկասում արտաքին դերակատարների միջոցով աշխարհաքաղաքական վերաձեւումներ։
«Իրանի պարտությունը վնաս է հասցնելու նաեւ Հայաստանին»
Շիրղոլամին հստակ ընդգծեց. «Ես վստահ եմ, որ Իրանի թուլացումը եւ Աստված չանի, Իրանի պարտությունը վնաս է հասցնելու նաեւ Հայաստանին»։ Այս թեզը ցույց է տալիս փոխկապակցված անվտանգության ընկալումը։ Դեսպանը հիշեցրեց, որ պատմության ընթացքում Հայաստանի նկատմամբ «որոշների նկրտումները» լիովին չեն վերացել՝ դրանք «մոխիրների տակ թաքնված կրակի» նման են։ Իրանի համար ուժեղ Հայաստանը տարածաշրջանում զսպող գործոն է, իսկ ուժեղ Իրանը՝ Հայաստանի համար հավասարակշռող կենտրոն։ «Մենք ուզում ենք, որ Հայաստանը լինի ուժեղ պետություն»,-նշեց նա՝ խաղաղության շահավետությունը շեշտելով։ Այս տրամաբանությունը ձեւավորում է անվտանգության փոխադարձության մոդել, որտեղ երկու երկրների համար կայունությունը դիտարկվում է փոխլրացնող։
Դիվերսիֆիկացիա եւ ռազմավարական փոխկախվածություն
Հայաստանի արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիայի վերաբերյալ ՀՀ-ում Իրանի դեսպանը նշեց. «Հայաստանի որդեգրած դիվերսիֆիկացման ռազմավարությունը երկրի ինքնիշխան որոշումն է, եւ պաշտոնական Թեհրանը հարգում է այդ որոշումը»։ Միաժամանակ դեսպանն ընդգծեց, որ «ուժեղ Հայաստանի գոյությունն այս տարածաշրջանում օգնում է ապահովել նաեւ Իրանի ազգային երազանքները»։ Սա ցույց է տալիս, որ Իրանը չի ընկալում Երեւանի բազմավեկտոր քաղաքականությունը որպես սպառնալիք, պայմանով, որ այն չի վերածվում հակաիրանական հարթակի։ Տնտեսական համագործակցության բնականոն ընթացքը, Կապանի հյուպատոսի հավաստիացումները բեռնափոխադրումների մասին, ինչպես նաեւ ենթակառուցվածքային նախագծերում իրանական ներգրավվածությունը վկայում են, որ անգամ լարված աշխարհաքաղաքական միջավայրում երկկողմ օրակարգը շարունակում է զարգանալ։
TRIPP-ը եւ «միջանցքային» բանավեճը
Դեսպան Շիրղոլամին ընդգծեց, որ TRIPP նախաձեռնությունը «ոչ մի դեպքում չպետք է դառնա գործիք օտարների կողմից Իրանի դեմ օգտագործվելու հարցում»։ Նրա խոսքով՝ «միջանցքի գաղափարը ենթադրում է ինքնիշխանության հարցում որոշակի զիջումներ», ինչը թե՛ Երեւանի, թե՛ Թեհրանի համար անընդունելի է։ Դեսպանը վերահաստատեց աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ պայմանով, որ այն պահպանի Հայաստանի լիարժեք ինքնիշխանությունը եւ չունենա ռազմական բաղադրիչ։ Այստեղ Թեհրանը հստակ գիծ է քաշում հաղորդակցային ապաշրջափակման եւ աշխարհաքաղաքական վերաձեւման միջեւ։ Վստահության գործոնը, որի մասին խոսեց դեսպանը, կարեւոր է՝ հաշվի առնելով Հայաստանի հարաբերությունները Արեւմուտքի հետ։
«Զանգեզուրի միջանցքը» որպես «արհեստական տերմին»
Հայաստանում Իրանի դեսպանը հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցք» անվանումը արհեստական է եւ Իրանը «ոչ մի գեոպոլիտիկ փոփոխություն չի հանդուրժի»։ Այս դիրքորոշումը երկարաժամկետ եւ սկզբունքային է։ Իրանը հետեւողականորեն մերժում է այն գաղափարը, որը կարող է փոխել տարածաշրջանի սահմանային տրամաբանությունը։ Շիրղոլամին ընդգծեց, որ ուղին պարզապես հաղորդակցային ուղղություն է, այլ ոչ ինքնիշխանությունից զիջում ենթադրող միջանցք։ Այսպիսով, Թեհրանը պաշտպանում է պետական ինքնիշխանության դասական մոդելը՝ հակադրվելով արտատարածքային կամ հատուկ կարգավիճակով հաղորդակցային նախագծերին։
Ի՞նչ է ակնկալում Իրանը Հայաստանից
Դեսպան Շիրղոլամին նշեց, որ Իրանը բարեկամներից «ակնկալում է զորակցություն եւ համագործակցություն»։ Միաժամանակ նաեւ ընդգծեց, որ Թեհրանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ բոլոր հարեւանների հետ, այդ թվում՝ Ադրբեջանի հետ։ Նրա ձեւակերպումը՝ «հակաիրանական տարրերը պետք է վերահսկվեն», ցույց է տալիս, որ Իրանը տարածաշրջանային մրցակցությունը փորձում է կառավարել առանց բաց հակադրությունների խորացման։ Հայաստանից ակնկալիքը՝ քաղաքական համերաշխությունն է, ոչ թե ռազմական ներգրավվածությունը։
Համապարփակ ռազմավարական փաստաթուղթ
Դեսպան Շիրղոլամին հայտնեց, որ մշակվում է համապարփակ ռազմավարական փաստաթուղթ, որը նախատեսվում է ստորագրել 2026 թվականին։ «Մեր ցանկությունն է, որ սա ուղղակի թղթի վրա գրված որեւէ փաստաթուղթ չդառնա, այլ լինի օպերատիվ»,- նշեց նա։ Այս նախաձեռնությունը կարող է ինստիտուցիոնալացնել երկկողմ համագործակցությունը՝ էներգետիկ, տրանսպորտային, պաշտպանական եւ տնտեսական ոլորտներում։ Դեսպանը հիշատակեց նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի՝ օրերս կայացած այցը Իրան, ընդգծելով գործնական շփումների շարունակականությունը։
Երեւանն ու Թեհրանը փորձում են պահպանել վստահության եւ գործնական համագործակցության մոդելը
Այսպիսով, Շիրղոլամիի հայտարարությունները ձեւավորեցին հստակ կառուցվածք. Հայաստանի տարածքային ամբողջականությունը Իրանի համար «կարմիր գիծ» է, հաղորդակցային նախագծերը պետք է լինեն ինքնիշխանության հենքով, իսկ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններն անընդունելի են։ Հայաստան–Իրան հարաբերությունները ներկայումս Թեհրանը դիտարկում է որպես փոխադարձ անվտանգության եւ ռազմավարական փոխլրացման առանցք։
Տարածաշրջանային լարվածության եւ Իրան–ԱՄՆ–Իսրայել դիմակայության պայմաններում Երեւանն ու Թեհրանը փորձում են պահպանել վստահության եւ գործնական համագործակցության մոդելը։
Եթե պատերազմական զարգացումները շարունակվեն, Հարավային Կովկասը կարող է դառնալ ավելի լայն աշխարհաքաղաքական մրցակցության հարթակ։ Այս պայմաններում Հայաստան–Իրան ռազմավարական գործընկերության ինստիտուցիոնալացումը, ինչ-որ առումով, նույնիսկ, կարող է դառնալ տարածաշրջանային կայունության պահպանման կարեւոր գործոն։
«Ժողովուրդը չի ընդվզի»
Հայաստանում Իրանի դեսպանը միեւնույն ժամանակ անդրադարձավ ընթացող պատերազմին։ Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում Իրանը փորձում է իր կողմից ռազմական գործողությունները ներկայացնել որպես լեգիտիմ ինքնապաշտպանություն եւ բանակցային գործընթացի խափանման հետեւանք։
Դեսպանը նախ մերժեց այն պատկերացումը, թե Իրանի ժողովուրդը արտաքին հարձակման դեպքում կընդվզի իշխանության դեմ՝ դա անվանելով «միֆ»։ Նա ընդգծեց Իրանի 7000 տարվա քաղաքակրթական շարունակականությունը եւ դիմադրողականությունը։ Նկատենք, որ այս շեշտադրումը ներքին համախմբման ուղերձ է՝ ուղղված թե՛ արտաքին, թե՛ ներքին լսարանի համար։
«Բանակցությունների սեղանը ռմբակոծեցին»
«Բանակցությունների սեղանը ռմբակոծեցին», նշեց Շիրղոլամին՝ նկարագրելով Ժնեւում ընթացող գործընթացի խափանումը։ Նրա խոսքով՝ Իրանի հոգեւոր առաջնորդը գտնվում էր իր աշխատանքի վայրում եւ չէր թաքնվում, հակառակ տարածված պնդումների։ Այս ձեւակերպումները նպատակ ունեն ընդգծելու Իրանի քաղաքական ղեկավարության վստահությունն ու վերահսկողությունը իրավիճակի նկատմամբ։
Նա վստահեցրեց, որ Իրանում իշխանության վակուում չի ձեւավորվել եւ Իրանի իսլամական պետության պահապանների խորհուրդը շարունակում է անցումային ժամանակավոր շրջանում երկրի կառավարումը եւ մոտ ապագայում իրենք ականատես կլինեն պահապանների խորհրդի կողմից իրանի իսլամական նոր հոգեւոր առաջնորդի ներկայացմանը։ «Իրանի ժողովուրդը առաջին իսկ րոպեներից, երբ որ իմացան հոգեւոր առաջնորդի նահատակության մասին, դուրս եկան փողոցներ եւ սգո արարողություն սկսեցին»,-նշեց նա։
Իրանը ներկայացրել էր «օպերատիվ, ճշգրիտ եւ իրականանալու մեծ շանսեր ունեցող առաջարկներ»
Դեսպանը հայտարարեց, որ «Թրամփի օգնության խոստումները միայն իրենց հետեւում ունեն բռնություն»՝ անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահի կողմից վարվող քաղաքականությանը։ Նա օրինակ բերեց Մինաբի դպրոցի ողբերգությունը՝ ընդգծելով մարդկային կորուստների թեման։ Այս հայտարարությունները ձեւավորում են Իրանի հակաամերիկյան քաղաքական նարատիվը, որտեղ ԱՄՆ-ը ներկայացվում է որպես ապակայունացնող դերակատար։ Շիրղոլամին պնդեց, որ Իրանը բանակցությունների փուլում ներկայացրել էր «օպերատիվ, ճշգրիտ եւ իրականանալու մեծ շանսեր ունեցող առաջարկներ», սակայն հարձակումը տեղի ունեցավ հենց այդ փուլում։ Նա շեշտեց, որ Իրանի պատասխանները ուղղված են ոչ թե հարեւան երկրներին, այլ այնտեղ տեղակայված ամերիկյան ռազմաբազաների դեմ՝ հղում անելով ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին։ Այսպիսով, Թեհրանն իր գործողությունները ներկայացրեց որպես հստակ եւ միանգամայն արդարացված ինքնապաշտպանություն։
Թեհրանը համաձայնվել էր
Այն, որ Իրանը հակված է եղել ԱՄՆ-ի հետ բանակցություններում համաձայնության գալ, ներկայացված բոլոր պայմաններն ընդունել է՝ այս օրերին սա վկայող տեղեկություններ ավելի ու ավելի հաճախ են ի հայտ գալիս։
Հրապարակվեց կիբեռանվտանգության մասնագետ Փիթեր Գիրնուսի X-ի գրառումը, որտեղ նա պատկերավոր եւ մանրամասն պատմել էր Օմանի միջնորդությամբ կայացած բանակցությունների մասին։ Նյութը հիմնվել էր բաց աղբյուրներից ստացված տեղեկատվությունների վրա։ Այդ նյութի հիմքում եզրակացությունը մեկն էր՝ Իրանը համաձայնվել էր ներկայացված բոլոր պահանջներին։ Հեղինակն անդրադառնում է հունվարից ի վեր Օմանի միջնորդությամբ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ անուղղակի բանակցություններին, որոնք կայացել էին Մասկատում եւ Ժնեւում, երբ ամերիկացիները նստում էին մեկ սենյակում, իրանցիները՝ մեկ այլ սենյակում, իսկ միջնորդները, այսպես ասած, «քայլում էին նրանց միջեւ»։
Նա նշում է, որ փետրվարի կեսերին արդեն իսկ «ինչ-որ արդյունք ունեցել են», Իրանը համաձայնվել է. «Զրոյացնել հարստացված ուրանի պաշարները, ոչ թե կրճատել պաշարները։ Զրո։ Նրանք համաձայնեցին առկա պաշարները վերափոխել մինչեւ հնարավոր ամենացածր մակարդակը։ Նրանք համաձայնեցին դրանք վերածել չվերականգնվող վառելիքի։ Նրանք համաձայնեցին ԱԷՄԳ-ի լիարժեք ստուգման՝ ԱՄՆ տեսուչների հնարավոր մուտքով։ Նրանք համաձայնեցին, ինչպես ասաց արտգործնախարարը, «երբեք, երբեք» (never, ever) չունենալ միջուկային նյութ ռումբի համար»։
Հեղինակը հայտնում է, որ փաստաթուղթը տասնչորս էջ է եղել։ Ի դեպ, պարզվում է, փետրվարի 27-ին ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետ Վաշինգտոնում հանդիպում է կայացել, միջնորդ երկրի արտաքին գործերի նախարարը ներկայացրել է առաջընթացը, ասել է թե՝ ամերիկյան կողմին ներկայացրել է Իրանի համաձայնությունների ցանկը։
Հեղինակը պատկերավոր նկարագրում է. «Հասել էինք զրոյական պաշարների։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության լիարժեք ստուգման։ Անդառնալի վառելիքի փոխակերպման։ Տեսուչների մուտքի… Քարթերից հետո ոչ մի ամերիկացի նախագահ չի կարողացել համոզել Իրանին համաձայնվել դրան»։
Սակայն փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները եւ Իսրայելը սկսում են Իրանի դեմ պատերազմը. Թրամփը հայտնում է, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն են սկսել։ Մի քանի օր է՝ ամերիկյան կողմից շարունակ հնչում են տարբեր պատճառաբանություններ, թե ինչու են դադարել Իրանի հետ բանակցությունները, բնականաբար, որպես մեղավոր նշվում է Թեհրանը։
Նախօրեին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում նախ նշել է, թե Իրանը կարող էր միջուկային զենք ստեղծել, ապա հավելել է. «Ամերիկացի բանակցողներն իրանական խմբի հետ երկրորդ հանդիպումից հետո հասկացել են, որ Վաշինգտոնին ու Թեհրանին չի հաջողվի համաձայնություն կնքել…»։
Դիվանագիտությունից դեպի պատերազմ անցումը, ինչպես նկատում ենք, բարդ չէ, մանավանդ եթե դրա դրդապատճառներն արդեն կարելի է պոստ ֆակտում ներկայացնել։
Ամփոփումը՝ վաղվա համարում։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.03.2026


















































