Տավուշի սահմանամերձ Ոսկեպար, Ոսկեվան, Բաղանիս, Կիրանց գյուղերի բնակիչներին հայտնել են, որ առաջիկայում իրենց տների տանիքների շիֆերներով ծածկերը փոխելու են, տեղադրվելու են նոր, մետաղաթիթեղյա ծածկեր։ Գյուղերի վարչական ղեկավարներից տեղեկացա՝ սկզբում հայտնել են, որ փոխելու համար պետք է հաշվառել միայն առանձնատների ծածկերի շիֆերների մակերեսը, սակայն հետո պահանջել են նաեւ տներին կից պահեստների, խորդանոցների շիֆերների ծածկի ընդհանուր մակերեսի տվյալները։ Այդ տվյալներն ուղարկվել են Տավուշի մարզպետարան։ Մենք տեղեկացանք, որ նման աշխատանքներ կատարվում են նաեւ Լոռու մարզում:
Գյուղերում բնակիչներ կան, որոնք որոշել էին սեփական միջոցներով փոխել իրենց տների ծածկը, սակայն լսելով, որ նման ծրագիր է իրականացվելու, սպասում են դրան։ Բնակիչներին հայտնել են, որ շիֆերների մեջ ասբեստ կա, որը քաղցկեղածին է, ուստի շիֆերներով ծածկը պետք է փոխարինել թիթեղներով։ Գյուղացիները տարակուսած են՝ եթե շիֆերները քաղցկեղ են առաջացնում, ինչո՞ւ նախկինում այդ մասին չէին հայտնում։ Ուշագրավ է, որ վերոհիշյալ գյուղերը տուժել են 2024-ին սահմանազատման անվան տակ, միակողմանի կերպով Ադրբեջանին տարածքներ, պաշտպանական դիրքեր հանձնելու հետեւանքով։ ԱԺ ընտրություններից 3 ամիս առաջ իրականացվող այդ ծրագիրը պատահական չէ: Պատահական չէ այն, որ որոշել են վերսկսել սահմանամերձ գյուղերում առանձնատների կառուցման ծրագիրը։
Հիմա իշխանությունը սահմանագոտու, արդեն նաեւ՝ ոչ սահմանագոտու բնակիչների համար տների կառուցումը ֆինանսավորում է, խոստանում է նրանց տանիքների քաղցկեղածին շիֆերները փոխարինել նոր, մետաղյա թիթեղներով։
Իրենք ընտրակաշառքը զարգացրել են` նոր ձեւեր գտել․ տուկի թելի ու բրնձի փոխարեն հիմա բնակիչների համար տներ են կառուցում, խոստանում դրանց տանիքների քաղցկեղածին ծածկերը փոխել։ Բայց մի մեծ տարբերություն կա․ տուկի թելն ու բրինձը մեծահարուստներն էին բաժանում` սեփական ֆինանսական միջոցներից, իսկ տանիքներն ու տները պետական միջոցների հաշվին են կառուցում՝ բոլորիս վճարած հարկերից:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































