Գեղարքունիքի մարզի սահմանամերձ համայնքներում ոչ միայն բնակիչների թիվն է պակասել, այլեւ՝ խոշոր եւ մանր եղջերավոր անասունների գլխաքանակը: Վերին եւ Ներքին Շորժաներում էլ ձմռանն առհասարակ մարդ չի բնակվում: Գրավոր հարցում էինք ուղարկել Վարդենիսի համայնքապետարան, թե մինչեւ 2020 թվականը Վերին եւ Ներքին Շորժաներում որքան բնակիչ է մշտական կամ ժամանակավորապես բնակվել, որքան խոշոր եւ մանր եղջերավորներ են հաշվառված եղել, եւ գյուղատնտեսական նշանակության որքան հողեր են մշակվել:
Այն, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերում որոշ արոտավայրեր եւ գյուղատնտեսական նշանակության հողեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ, եւ գյուղացիները վախենում են օգտվել այդ տարածքներից, որի արդյունքում նաեւ անասնագլխաքանակն է պակասել, փաստում են նաեւ համայնքապետարանի կողմից տրամադրված մյուս թվերը:
Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Էդգար Գեւորգյանից հետաքրքրվեցինք, թե ինչու են Վերին եւ Ներքին Շորժաներում անասնագլխաքանակը եւ ցանքատարածքները պակասել։ «Եկամտաբերությունը ցածր է` անասուն պահելու, դրանից էլ անասուն չեն պահում, գնում են Երեւան, շինարարության վրա են աշխատում: Բնականաբար, Վարդենիսը հեռու է Երեւանից, ամեն օր չեն կարող գնալ-գալ: Գնում են, տուն վարձում, մնում, աշխատում»:
Այդ համայնքներում մարդկանց հիմնական եկամուտը եղել են գյուղատնտեսությունն ու անասնապահությունը, հարցրինք` հիմա անասնապահությունը եկամուտ չի՞ բերում, եթե հաշվի առնենք, որ տավարի մսի գինը բարձրացել է` նվազագույնը 3500-3800 դրամ է վաճառվում։ «Եկամտաբեր չէ, քիչ եկամուտ է բերում: Արոտավայրերը բավականացնում են անասուններին արածեցնելու համար: Էնտեղ կան դիտարկվող տարածքներ, որոնք որ դիտարկվում են»: Դիտարկվող տարածք ասելով նկատի ունեն, որ թշնամին բարձրադիր դիրքեր ունի, որտեղից տեսանելի են այս արոտավայրերը: Այսինքն, գյուղացիները վախենո՞ւմ են այդ տարածքներում անասուններ արածեցնել։ «Ներկա պահին չեն վախենում, կրակոցներ չկան, բայց մարդ են, էլի..»:
Կարդացեք նաև
Նելլի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































