Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Մարտին Միքայելյանը երեւույթ էր. բացվել է անվանի ճարտարապետի հոբելյանական ցուցահանդեսը

Մարտ 04,2026 13:51 Share

«Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Տրդատ» ցուցասրահում բացվել է ճարտարապետ Մարտին Միքայելյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը, մի ստեղծագործողի, որի մտածողությունը եւ ձեռագիրը կերտված էին աշխատասիրությունից, խստապահանջությունից, տաղանդից, համեմված էի հայրենասիրությամբ, դարձել էին երկխոսություն ժամանակի եւ տարածության միջեւ»,-անվանի ճարտարապետի հոբելյանական ցուցահանդեսի բացմանը նշեց Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Զարուհի Հայրապետյանը:

«Առողջարաններ, հանգստի գոտիներ, մշակույթի՝ յուրահատուկ ձեռագրով կերտված տներ, բնակելի թաղամասեր, մանկապարտեզներ, դպրոցներ, հուշարձաններ, որոնք ճիշտ է, քանակապես քիչ էին, սակայն բովանդակությամբ զիլ, գեղանկարներ, ջրաներկ աշխատանքներ եւ բանաստեղծություններ… Մարտին Միքայելյանը մեզ ժառանգություն է թողել ոչ միայն 100-ից ավելի կյանքի կոչված նախագծեր, այլեւ աշխատելու, մասնագիտանալու, աշխատանքում անթերին կատարյալին ձգտելու եւ կատարյալ արդյունք տալու նուրբ արվեստը»,-ի թիվս այլնի՝ հավելեց Հայրապետյանը: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց Մարտին Միքայելյանի զավակներին, որ մեծանուն ճարտարապետի արխիվից մասունքներ են նվիրաբերել թանգարան-ինստիտուտին:



Մարտին Միքայելյանի ուսանող, ճարտարապետ Կարեն Բալյանի խոսքով, շատ հուզիչ է, երբ կարող ես քո ուսուցչին ցույց տալ քո վերաբերմունքը, տարիներ անց վերադարձնել այն ոգեւորությունը, որ ինքն է բոլորիս փոխանցել է: Ներկայացնելով ցուցահանդեսի գաղափարը՝ նա նշեց. «Երբ մենք հավաքվեցինք Մարտին Միքայելյանի որդու՝ Ավետի տանը, նայեցինք այն նյութերը, որոնք կան: Ցավոք հայ ճարտարապետներից շատերի արխիվները հարուստ չեն: Իրենք շատ շռայլ են աշխատել, շատ են նախագծել, սակայն չեն մտածել դրանք պահելու մասին… Մտածում էինք, թե ինչպես կարող է այս ցուցահանդեսը լինել, մեկ էլ կանգ առանք մի Ջերմուկի առողջարանի վիտրաժի նկարի վրա, ու այդտեղից ծնվեց նման ցուցահանդես անելու գաղափարը: Ավետին ասացի, որ ենթադրում եմ Մարտին Գրիգորիչն ամեն ինչ լուսանկարում էր, ինչ կառուցում էր, հատկապես որ 100-ից ավել շենք է կառուցել: Ասաց ՝ այո, իհարկե:

Փաստորեն, հիմա այս ցուցադրությունն իր կողմից է, ոնց որ Մարտին Միքայելյանն ինքը ներկայացնում է իր արած գործերը: Այստեղից էլ խորագիրը ծնվեց. «Ես 100 տարեկան եմ»: Առաջին դեմքից՝ իր անունից է այս ամբողջն արված… Այստեղ ներկայացված վիտրաժը դարձավ մի կոնստրուկցիա, որտեղ ամբողջ բազմաթիվ կառույցների պատկերներն են: Այս բոլոր լուսանկարները նկարել է Մարտին Միքայելյանը, ինքը լուսանկարել է իր նախագծած բոլոր շենքերը եւ բերել է ու այսօր մեզ ներկայացնում է: Մեր գործն է եղել ընդամենը սա տեխնիկապես իրականացնելը»:

Ճարտարապետ Աշոտ Կանայանը իրադարձություն որակեց Մարտին Միքայելյանի հոբելյանական ցուցահանդեսի բացումը. «Ես ապրում եմ Մարտինի հիշատակով եւ ուզում եմ նրան ներկայացնել այնպես, ինչպես ճանաչել եմ: Մարտինին ճանաչել եմ 1962-63 թվականներից, երբ ավարտեցի ինստիտուտը եւ սկսեցի աշխատել Հայնախագիծ ինստիտուտում՝ Մարտին Միքայելյանի արվեստանոցում: Նա երեւույթ է մեր ճարտարապետության մեջ: Այսօր՝ լինելով ծեր մարդ , ես շարունակում եմ հպարտանալ նրա հետ ծանոթ լինելու, նրա արվեստանոցում աշխատած լինելու համար: Մարտին Միքայելյանը ինձ համար եղել է երեւույթ ուսուցիչ»:

Մարտին Միքայելյանի որդին՝ ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն, աստղաֆիզիկոս Արեգ Միքայելյանը շնորհակալություն հայտնեց ցուցահանդեսի կազմակերպիչներին. «Բոլորն են պատկերացնում, թե ինչ ահռելի աշխատանք է պահանջվում, թե թանգարանի կողմից, թե անձամբ տիկին Հայրապետյանի կողմից, իհարկե Ավետը, Աննան ամենամեծ ներդրումն ունեցան եւ Կարեն Բալյանը, որը համադրեց, համակարգեց այս ամբողջը:

Շատ ափսոսում եմ, որ հայրս շուտ հեռացավ կյանքից՝ ընդամենը 71 տարեկանում: Նա այդ տարիքում բուռն ստեղծագործական վերելքի վրա էր, անընդհատ փորձում էր նոր բաներ անել, օրինակ` ամենավերջին տարիներին արված ամենախոշոր աշխատանքներից մեկը Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման հայեցակարգ ստեղծելն էր, էլ չեմ խոսում մյուս նախագծերի մասին: Հայրս անընդհատ խրված էր աշխատանքի մեջ: Եթե իմ մեջ ինչ-որ լավ բան կա, իրենից է»: Արեգ Միքայելյանը հիշեցրեց, որ Հայաստանի 30 բնակավայրերում հայրը կառույցներ ունի, որոնցից մի քանիսը հիմնարար են, ինչպես օրինակ զրոյից ստեղծված Մեծամոր քաղաքը:

 

Մարտին Միքայելյանի մյուս որդին՝ Ավետ Միքայելյանը, ի թիվս այլնի, մի զավեշտալի դեպք պատմեց. «Բոլորին հայտնի է, որ հայրս շատ հայրենասեր էր ու հայոց լեզվի գիտակ ու պաշտպան: Նա շատ ծանր էր տանում, որ սովետական շրջանում փաստաթղթավորումը , նախագծային աշխատանքները ռուսերեն էին: Մի անգամ որոշում են կայացնում, որ հերթական նախագիծը թողարկելու են հայերեն: 70-ական թվականներին դա անհնար բան էր թվում: Բայց պայքարում են, համաձայնեցնում ղեկավարության հետ, հանձնում, տանում են շինարարություն, ու պարզվում է ի՞նչ՝ աշխղեկը ռուս է»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031