Այսօր «Հրապարակը» «Նախընտրական կաշառք են բաժանում» վերտառությամբ նյութ է հրապարակել, որտեղ նշված պնդումները չեն համապատասխանում իրականությանը, իրականության հետ աղերս չունեն։
Կայքը գրել է, որ «Իշխանությունը կառավարության ու համայնքապետարանների կողմից իրականացվող նախաձեռնությունների անվան տակ փաստացի սկսել է նախընտրական կաշառք բաժանել մարդկանց։ ․․․զանգում են գյուղացիներին ու ցուցակագրում տանիքի խնդիր ունեցողներին: Հետաքրքրվում, թե արդյոք տանիքն ասբեստի՞ց է, ու ասում է, որ այն փոխելու են»։
Տեղեկացնում ենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մշակում է ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է քննարկել ասբեստից պատրաստված տանիքների ծածկաթիթեղները փոխարինելու հարցը՝ դիտարկելով անհատական բնակելի տների, ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող շենքերի և շինությունների ասբեստից տանիքների փոխարինման աշխատանքների համար ներգրավված վարկերի տոկոսադրույքը սուբսիդավորելու հնարավորությունը, իսկ բազմաբնակարան շենքերի հին տանիքները սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համաֆինանսավորելու հնարավորությունը։
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է մարզերում պետական աջակցությամբ ապահովել վերոնշյալ շենքերի և շինությունների ասբեստից տանիքների՝ մարդու առողջության համար առավել անվտանգ նյութերով փոխարինման աշխատանքները, նպաստել հանրային առողջության մակարդակի բարձրացմանը երկարաժամկետ կտրվածքում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ասբեստի բոլոր տեսակները, որակել է քաղցկեղածին։
Կարդացեք նաև
Հետևաբար նախնական հաշվառում, որոշակի հաշվարկներ իրականացնելու և ծրագրին նախնական գնահատական տալու նպատակով համապատասխան հանձնարարական է ուղարկվել ՀՀ մարզպետներին և հանձնարարվել է ՀՀ ՏԿԵ նախարարություն ներկայացնել տեղեկատվություն ասբեստից տանիք ունեցող բազմաբնակարան բնակելի շենքերի, անհատական բնակելի տների, ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող շենքերի և շինությունների և պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի վերաբերյալ։
Նախագիծը դեռևս գտնվում է նախնական քննարկումների փուլում։ Այն դեռևս պաշտոնապես չի էլ շրջանառվել։
Հետևաբար նյութի հեղինակի ջանքերը, նախագիծը որակել որպես ընտրակաշառք, մտացածին են։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն


















































