«Մեր ժամանակների ամենավճռական իրադարձություններից մեկն է տեղի ունենում: Իրավիճակին հետեւողների համար ակնհայտ էր, որ հարձակումը լինելու է, խնդիրը միայն ձեւի եւ ժամանակի մեջ էր: Մենք տեսանք, որ հերթական անգամ ԱՄՆ-ը բանակցություններն օգտագործեց որպես քող՝ իր ռազմական հարձակումը կոծկելու համար, մինչդեռ նպատակն իրականում Իրանը գլխատելու միջոցով Իրանի ոչ միայն կազմաքանդումն էր, այլեւ սեփական դրածոյին տեղում ունենալը եւ այդ երկրի հպատակեցումը»,- «Հայելի» ակումբում նշեց արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:
«Իրանական կողմը զիջումների գնալու նպատակով վերջին բանակցությունների ժամանակ ամերիկյան կողմին առաջարկել էր, որ մասնակցություն ունենան Իրանի նավթային ռեսուրսների արդյունահանման եւ մշակման գործում: Այսինքն, Իրանը լրացուցիչ զիջողականություն էր ցուցաբերել՝ շատ լավ հասկանալով ԱՄՆ-ի, հատկապես ներկայիս նախագահի նյութապաշտության եւ ռեսուրսներին տիրապետելու նկրտումները:
Սակայն, անգամ դա չօգնեց, քանի որ նպատակները շատ ավելի հեռահար են, նպատակը աշխարհի վերաձեւումն է եւ այդ վերաձեւած աշխարհում ԱՄՆ-ի՝ որպես միակ եւ աներկբա հեգեմոնի դերի հաստատումը, այդ թվում նաեւ նրանց վերահսկողության հաստատումը աշխարհի տրանսպորտային ուղիների, մասնավորապես ցամաքային ուղիների վրա, քանի որ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմամբ՝ ցամաքային հաղորդակցման ուղիները դառնում են շատ ավելի եկամտաբեր եւ ավելի նախընտրելի:
Ժամանակի անցմանը զուգընթաց՝ այն պետություններին, որոնցով այդ ճանապարհները պիտի անցնեն, հատկապես Չինաստանի Մետաքսի ճանապարհի գաղափարի ներքո, դա օգնում է նաեւ դուրս գալ հակամարտային տրամաբանությունից եւ փորձել ավելի խաղաղ ձեւով երկխոսություն կառուցել հարեւան պետությունների միջեւ, ինչը արդեն թույլ չի տալիս արեւմտյան երկրներին «Բաժանիր, որ տիրես» քաղաքականությամբ անընդհատ իրենց վերահսկողությունը պահպանել այդ երկրների վրա:
Կարդացեք նաև
Նույն Պակիստանը շատ ավելի նորմալ հարաբերություններ վերջերս սկսեց Չինաստանի հետ հենց այդ ճանապարհաշինարարական ծրագրերի շրջանակներում, եւ Իրանի հետ բավականին առաջընթաց գրանցվեց, Սաուդյան Արաբիան նույն տարբերակով, Աֆղանստանը, որը վերջին 40 տարին անընդհատ ցնցումների մեջ է՝ հենց այդ գերտերությունների հակամարտության արդյունքում, փորձ է անում դուրս գալու եւ նորմալ, կայուն, բարեկեցիկ ապագայով պետության հեռանկարով շարժվելու: Այս պարագայում մենք տեսնում ենք հին մեխանիզմների գործադրմամբ նոր ձեւավորվող հարաբերությունները ջարդելու, կոտրելու փորձեր»,-հավելեց արտակարգ եւ լիազոր դեսպանը:
Ձյունիկ Աղաջանյանի խոսքով. «Իրանին ջարդելը կնշանակի ԱՄՆ-ի համար վերահսկողություն ապահովել տարածաշրջանում նավթագազային ռեսուրսների վրա, այդ թվում նաեւ՝ տարածաշրջանի վերահսկողությունն ամբողջովին հանձնել իր հոգեզավակ Իսրայելին, որի քաղաքական մեծապաշտական նկրտումներին հագուրդ տալով՝ վերաձեւում է տարածաշրջանը, որին նաեւ սպասարկվում էր Արցախի զոհաբերումը Ադրբեջանին: Այս ամբողջը մեկ սցենարի մաս է կազմում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































